Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպանութիւնը իր զօրակցութիւնն է յայտնում վերջին պատերազմի զոհերի եւ անյայտ կորածների ընտանիքներին եւ տեղեկացնում է, որ դեսպանատունը նաեւ հետամուտ է լինում Իրանի Իսլամական Հանրապետութեան տարածքում մի շարք հայ զինւորների ներկայութեան մասին տարածւած չհաստատւած լուրերին: Դեսպանութիւնն այս պահին չի կարող հաստատել այս լուրը, սակայն իրականացւող ուսումնասիրութիւնների արդիւնքները կը յայտարարւեն առաջին իսկ հնարաւորութեան դէպքում: Գրւած է Հայաստանում ԻԻՀ դեսպանութեան պաշտօնական կայքում:

Դեսպնութիւնը իր կարեկցանքը յայտնելով նշւած զինծառայողների ընտանիքներին` խնդրում է, որպէսզի ընտանիքները զերծ մնան ուղղակիօրէն դեսպանատուն դիմելուց եւ խնդրին հետամուտ լինեն ՀՀ կառավարութեան պատկան մարմինների միջոցով:

 

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպանութիւն

 

Իրանում ՀՀ դեսպանութեան ֆէյսբուքեան էջից տեղեկանում ենք.

Նոյեմբերի 17-ին ՀՀ դեսպան Արտաշէս Թումանեանն ԻԻՀ նախագահին առընթեր Ռազմավարական հետազօտութիւնների կենտրոնում հանդիպեց ԻԻՀ նախագահի խորհրդական եւ յիշեալ կենտրոնի տնօրէն Հեսամէդդին Աշնային:

ՀՀ դեսպանի եւ ԻԻՀ խորհրդականի միջեւ տեղի ունեցած առանձնազրոյցի, ինչպէս նաեւ Ռազմավարական հետազօտութիւնների կենտրոնի փորձագէտների հետ հանդիպման ընթացքում քննարկւեցին հայ-իրանական յարաբերութիւնների օրակարգային նոր խնդիրները` նոյեմբերի 10-ին ԼՂ-ում ռազմական գործողութիւնները դադարեցնելու վերաբերեալ ՀՀ, ԱՀ եւ ՌԴ ղեկավարների համատեղ յայտարարութեան ընդունումից յետոյ ստեղծւած պայմաններում:

Անդրադարձ եղաւ գլոբալ եւ տարածաշրջանային նոր մարտահրաւէրներին դիմակայելուն ուղղւած կողմերի անելիքներին:

ԻԻհ-ում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը հանդիպեց Իրանի առեւտրի, արդիւնաբերութեան, հանքերի եւ գիւղատնտեսութեան պալատի նախագահ Ղօլամհոսէյն Շաֆէիին: Այս մասին տեղեկացել ենմ Իրանում ՀՀ դեսպանութեան ֆէյսբուքեան էջից:

Երախտագիտութեան խօսք յայտնելով Ղ. Շաֆէիին այս ծանր ժամանակահատւածում Իրանի ցուցաբերած բարիդրացիական վերաբերմունքի եւ հաւասարակշռւած դիրքորոշման համար` դեսպան Թումանեանն ընդգծեց, որ Հայաստան-Իրան առեւտրատնտեսական յարաբերութիւններն ընթացիկ տարւայ առաջին կիսամեակի ընթացքում պահպանել են նախորդ ժամանակաշրջանի զարգացման տեմպը. մի բան, որ խօսում է դրանց համակարգւած եւ փոխշահաւէտ բնոյթի մասին: Նշւած միտումները պահպանւել են նաեւ վերջին մի քանի ամիսների ընթացքում:

Ինչպէս նշեց ՀՀ դեսպանը, ըստ էութեան` ոչ համավարակը, եւ ոչ էլ պատերազմական վիճակը չեն խաթարել երկկողմ բնականոն տնտեսական յարաբերութիւնները: 

Առեւտրի պալատի նախագահ Շաֆէին եւս անդրադարձաւ հայ-իրանական տնտեսական յարաբերութիւնների վերջին ժամանակաշրջանի յաջողութիւններին եւ առաջիկայ դրական զարգացումներին: 

Զրուցակիցները երկուստեք ընդգծեցին, որ նոր իրադարձութիւններով պայմանաւորւած պէտք է անել հնարաւորինս յարաբերութիւնների` ինչպէս երկկողմ, այնպէս էլ տարածաշրջանային համագործակցութեան շարունակական զարգացումն ապահովելու համար:

ՀՀ դեսպանութեան եւ Իրանի առեւտրի պալատի միջեւ համաձայնութիւն ձեռքբերւեց մի շարք համատեղ միջոցառումներ կազմակերպելու շուրջ:

 

Իրանական ԶԼՄ-ները տարատեսակ մօտեցումներ են հրապարակում Արցախի շուրջ տեղի ունեցող զարգացումների վերաբերեալ: Ստորեւ ներկայացնում ենք լրաքաղ արւած որոշ ձեւակերպումներ.Իրանում ՀՀ դեսպանութիւն


▪️Mehrnews
Թեհրանը յստակ եւ պարզորոշ յայտարարել էր, որ Ղարաբաղեան պատերազմի խորացման դէպքում «բացւելու է ահաբեկիչների ոտքը» դէպի Իրանի հետ սահմանային շրջաններ: Միւս կողմից, Իրանն զգուշացրել էր, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմը կարող է դառնալ արտաքին ուժերի շահարկման առարկայ: Իրադարձութիւնների յետագայ զարգացումը ցոյց տւեց, որ հակամարտող կողմերին ուղղւած Թեհրանի զգուշացումները լիովին արդարացւած են:


▪️Irna
Այս ճգնաժամի նշանակութիւնն Իրանի համար շատ աւելին է, քան որեւէ այլ երկրի, քանի որ Իրանն ունի ընդհանուր սահման եւ Հայաստանի, եւ Ադրբեջանի հետ:


▪️Mizanonline
Թուրքիան քանիցս յստակօրէն յայտարարել է իր կողմից Ադրբեջանին ցուցաբերւող համակողմանի աջակցութեան մասին: Հայաստանը ջանքեր է գործադրում Ղարաբաղի անկախութեան պաշտօնապէս ճանաչման ուղղութեամբ:


▪️Radiofarda
Այս պահի դրութեամբ Հայաստանը յայտնել է իր զինւած ուժերում 673 եւ քաղաքացիական բնակչութեան շրջանում տասնեակ մարդկային զոհերի մասին: Ադրբեջանը մինչ օրս չի հրապարակել իր կորուստների թիւը:


▪️Irdiplomacy
Անկարան քաջ գիտակցում է, որ նոյնիսկ եթէ Ռուսաստանը Սիրիայում եւ Լիբիայում նպատակադրւի թուլացնել Թուրքիայի ներկայութիւնը, զուգահեռաբար մեծացնելով լարւածութիւնը Հարաւային Կովկասում, դա չի խանգարի Թուրքիայի դիրքերի ամրապնդմանը:

 

Հոկտեմբերի 18-ին ԻԻՀ Իսլամական խորհրդի Մեջլիսում տեղի ունեցաւ ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշէս Թումանեանի հանդիպումը ԻԻՀ Մեջլիսի պատգամաւոր, Իրան-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Սէյեդ Մահդի Ֆարշադանի հետ: Այս մասին գրւած է Իրանում ՀՀ դեսպանութեան ֆէյսբուքեան էջում:

Զրուցակիցները քննարկեցին հայ-իրանական յարաբերութիւնների զարգացման գործում միջխորհրդարանական կապերի ամրապնդմանն առնչւող հարցերի լայն շրջանակ:

Արտաշէս Թումանեանը Սէյեդ Մահդի Ֆարշադանին տեղեկութիւններ ներկայացրեց Արցախի եւ Հայաստանի դէմ Ադրբեջանի կողմից սանձազերծւած ռազմական լայնածաւալ գործընթացների, դրանցում Թուրքիայի եւ վերջինիս կողմից ներգրաււած ահաբեկչական խմբաւորումների մասնակցութեան մասին` ընդգծելով միջազգային հանրութեան անյապաղ միջամտութեան անհրաժեշտութիւնը:

 

Աղբիւր՝ www.alikonline.ir 

 

«alikonline.ir» - Իրանագէտ Վարդան Ոսկանեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է. «Այս պատերազմից յետոյ Ատրպատականի սիրտ Թաւրիզում պէտք է բացւի Հայաստանի Հանրապետութեան հիւպատոսութիւնը, եւ մենք պէտք է ստեղծենք հզօր ու խիստ ազդեցիկ հայ-իրանական բարեկամութեան խմբեր՝ ներառելով ատրպատականեան մտաւորականութեանը, հոգեւորականութեանը, գործարար շրջանակներին եւ այլ խաւերի։

Էրդողանի եւ Բաքւի բռնապետի վարչախմբերի կողմից սնուցւող եւ Հայաստանի ու Իրանի դէմ աշխատող պանթիւրքական ոհմակները պէտք է հասկանան, որ Ատրպատականը մնացեալ Իրանի եւ Հայաստանի միջեւ կենսական կամուրջ է, եւ սատանայի պարն այդ կամրջին որեւէ դէպքում չի կարող բռնել։

 

Աղբիւր՝ www.yerkirmedia.am 

 

ՀՀ պաշտպանութեան նախարարութեան պաշտպանական քաղաքականութեան եւ միջազգային համագործակցութեան գլխաւոր վարչութեան պետ Լեւոն Այւազեանը հոկտեմբերի 13-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետութիւնում Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպանութեան նորանշանակ ռազմական կցորդ գնդապետ Բահման Սադեղինին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ տեղեկատւութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից:

Հանդիպման ընթացքում Լեւոն Այւազեանը ներկայացրել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի հետեւանքով ստեղծւած իրավիճակը եւ ռազմական գործողութիւնների ընթացքը:

Անդրադարձ է կատարւել նաեւ հակամարտութիւնում երրորդ կողմի եւ վարձկան ահաբեկիչների ներգրաււածութեան ազդեցութեանը տարածաշրջանային անվտանգութեան եւ կայունութեան տեսանկիւնից:

 

 

ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանի հարցազրոյց է տւել իրանական «ILNA» լրատւականին. այս մասին տեղեկանում ենք Իրանում ՀՀ դեսպանութեան ֆէյսբուքեան էջից:

- Ո՞րն է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սկսւած ռազմական բախման պատճառը:

Այս պատերազմական գործողութիւնները պատահական ծագած երեւոյթ չեն, այլ Ադրբեջանի կողմից նախապէս ծրագրւած լայնածաւալ յարձակում, խաղաղ բանակցային գործընթացի կազմակերպւած տապալում եւ հակամարտութիւնը ռազմական ճանապարհով լուծելու փորձ:

Ի տարբերութիւն այս տարի յուլիսին Հայաստանի Հանրապետութեան դէմ Ադրբեջանի կողմից ձեռնարկւած ագրեսիայի, այս անգամ Ադրբեջանը ագրեսիա է նախաձեռնել Արցախի (Լեռնային Ղարաբաղ) դէմ՝ միտումնաւոր թիրախաւորելով քաղաքացիական բնակչութիւնը եւ քաղաքացիական ենթակառուցւածքները: Լեռնային Ղարաբաղը պաշտպանելու է իր իւրաքանչիւր թիզ հողը եւ իր անվտանգութիւնը, եւ Հայաստանն էլ երաշխաւորն է Արցախի անվտանգութեան:

Ադրբեջանի ներկայ ագրեսիան Արցախի դէմ բնութագրւում է երկու կարեւոր առանձնայատկութեամբ․

Առաջին, Ադրբեջանը նախագահ Ալիեւի մակարդակով հրապարակաւ hրաժարւել է խաղաղ գործընթացից եւ խնդիր է դրել ղարաբաղեան հիմնախնդիրը լուծել լայնածաւալ պատերազմով,

Երկրորդ, այս նպատակի իրականացման համար Ադրբեջանը ստանում է Թուրքիայի լայնածաւալ ռազմաքաղաքական աջակցութիւնը։ Ադրբեջանի հետ կողք կողքի մարտնչում են թուրքական ռազմական մասնագէտները, որոնք օգտագործում են թուրքական արտադրութեան սպառազինութիւն, այդ թւում՝ անօդաչու թռչող սարքեր եւ ռազմական ինքնաթիռներ: Միաժամանակ, արժանահաւատ աղբիւրներից ստացւող տեղեկութիւնների համաձայն՝ Թուրքիան հաւաքագրում է օտարազգի ահաբեկիչ զինեալների եւ տեղափոխում վերջիններիս Ադրբեջան: Ռազմական գործողութիւնների ողջ ընթացքում Թուրքիան բարձրագույն ղեկավարութեան մակարդակով լիարժէք քաղաքական եւ քարոզչական աջակցութիւն է տրամադրում Ադրբեջանին:

- Հնարաւո՞ր է, որ ռազմական գործողութիւնների մէջ ներքաշւեն տարածաշրջանի երկրները, եւ ինչպիսի՞ն կը լինի ուժերի դասաւորւածութիւնն այդ պարագայում:

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարութեան ագրեսիւ այս գործողութիւնները ուղղւած են տարածաշրջանային կայունութեան եւ անվտանգութեան խաթարմանը, որի հետեւանքների համար վերջիններս կրում են ողջ պատասխանատւութիւնը:

Այս պահին միակ երկիրը, որն ուղղակիօրէն ներգրաււած է ռազմական գործողութիւնների մէջ, Թուրքիան է, որը բացարձակապէս չի էլ թաքցնում իր ծայրայեղ միակողմանի եւ ագրեսիւ դիրքորոշումը ՀՀ նկատմամբ:

- Արդեօ՞ք ՄԱԿ-ը կարող է միջամտել եւ օգնել ստեղծւած ճգնաժամի յաղթահարմանը:

ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարը հանդէս է եկել յայտարարութեամբ, որի հիմնական ուղերձը ճգնաժամի խաղաղ կարգաւորմանն աջակցութիւն յայտնելն է:

- Իրանը, Թուրքիան եւ Ռուսաստանն այս հակամարտութեան լուծման համար ի՞նչ դերակատարութիւն կարող են ունենալ:

ՌԴ-ը Հայաստանի ռազմավարական գործընկերն է եւ այս հարցում նրա դերակատարութիւնը չափազանց մեծ է, այդ թւում նաեւ՝ որպէս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր:

Թուրքիայի մասին արդէն ասւեց: Վերջինս չի կարող եւ չի էլ փորձում ունենալ կառուցողական դերակատարութիւն եւ հանդէս է գալիս հակամարտութեան կողմերից մէկի շահերի ակնյայտ պաշտպանութեան դիրքերից՝ գործնականում ներգրաււելով նաեւ ռազմական գործողութիւնների մէջ:

Ինչ վերաբերում է Իրանին, վերջինս մշտապէս հանդէս է եկել Ղարաբաղեան հակամարտութեան խաղաղ կարգաւորման օգտին: Հարկ է նշել, որ ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամադ Ջաւադ Զարիֆը յայտարարել է իրանական կողմի՝ բանակցութիւնների վերսկսմանն օժանդակելու պատրաստակամութեան մասին, մի բան, որ Հայաստանի կողմից շատ բարձր է գնահատւում:

- Թուրքիայի եւ Ադրբեջանի համատեղ զօրավարժութիւնն ինչքանո՞վ է ազդել այս բախումների բռնկման վրայ:

Թուրքիայի միակողմանի եւ ագրեսիւ դիրքորոշումը միանգամայն ակնյայտ է, եւ այս ռազմական բախման ընթացքում լիովին «նիւթականացւեց»: Ինչ վերաբերում է Ադրբեջանում թուրք-ադրբեջանական համատեղ զօրավարժութիւններին, դրանց աւարտից յետոյ զինուժի եւ ռազմական տեխնիկայի՝ Ադրբեջանի տարածքում թողնելուն, ապա դա կարելի է համարել ռազմական ագրեսիայի նախապատրաստման կարեւոր բաղադրիչներից մէկը:

Ի դէպ, Թուրքիայի ռազմական ներկայութիւնն Ադրբեջանում եւ յատկապէս Նախիջեւանում կարծում ենք՝ մտահոգիչ իրողութիւն պէտք է լինի նաեւ Իրանի համար:

- Հակամարտութեան լուծման գործում ի՞նչ դերակատարութիւն կունենան ԵԱՀԿ Մինսկի խումբը եւ եռանախագահող երկրները:

Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման միջազգայնօրէն ճանաչւած միակ ձեւաչափը ԵԱՀԿ Մինսկի համանախագահներն են: Այս պահին ՀՀ ղեկավարութիւնը մշտական կապի մէջ է համանախագահող երկրների հետ՝ ստեղծւած վտանգաւոր վիճակը կարգաւորելու եւ բանակցութիւնները բնականոն հուն վերադարձնելու նպատակով:

 

 

Աղբիւր՝ www.yerkirmedia.am 

 

Վարչապետ Նիկոլ Փաշինեանը շարունակում է հեռախօսազրոյցների շարքն օտարերկրեայ պետութիւնների եւ միջազգային կազմակերպութիւնների ղեկավարների հետ:

Այսօր վարչապետը հեռախօսազրոյց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահ Հասան Ռոհանիի հետ:

Իրանի նախագահը մտահոգությիւն է յայտնել իր հարեւան երկու պետութիւնների միջեւ առկայ լարւածութեամբ եւ շարունակւող ռազմական գործողութիւններով:

Վարչապետն անդրադարձել է տարածաշրջանում տիրող իրավիճակին եւ զրուցակցի ուշադրութիւնը հրաւիրել ռազմական գործողութիւններում Թուրքիայի անմիջական ներգրաււածութեան փաստի վրայ: Վարչապետ Փաշինեանն այդ մասին նաեւ որոշ մանրամասներ է ներկայացրել:

 

 

 

 

 

Սիրելի´ հայրենակիցներ,

Ի սրտէ շնորհաւորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 29-րդ տարեդարձի կապակցութեամբ, մաղթում բոլորիդ առողջութիւն եւ երջանկութիւն:

Ներկայ բարդ պայմաններում Հայաստանը կարողացել է ապահովել իր անվտանգութիւնն ու սոցիալ-տնտեսական կայունութիւնը, միւս կողմից՝ հանդէս գալ տարածաշրջանում եւ աշխարհում որպէս խաղաղութեան ու երկրների միջեւ փոխշահաւէտ համագործակցութեան ջատագով:

Հայաստանի եւ Իրանի յարաբերութիւնները եղել եւ մնում են բարեկամական եւ գործընկերային: Մեր երկրները կորոնավիրուսային համավարակով պայմանաւորւած աննախադէպ դժւարութիւնների պայմաններում կարողացան պահպանել համագործակցութեան բաւականաչափ բարձր մակարդակ, եւ կասկած չկայ, որ առաջիկայում յաջողութեամբ կեանքի են կոչւելու բազմաթիւ համատեղ նախագծեր եւ ծրագրեր:

Այս տօնական օրը չափազանց կարեւոր է իւրաքանչիւրիս համոզւած գիտակցումը, որ մեր ազգային իղձերի եւ երազանքների իրականացման լաւագոյն երաշխիքը Հայաստանի, Արցախի եւ ողջ սփիւռքի միասնականութիւնն է:

Սիրելի´ հայրենակիցներ, մաղթում եմ բոլորիդ խաղաղութիւն եւ բարեկեցութիւն, մեր պետութեանը՝ զարգացում եւ բարգավաճում:

Բարին ընդ ձեզ:

ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեան

 

 

Աղբիւր՝ www.yerkir.am 

 

Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպան Աբբաս Զոհուրին Իրանի ազատ տնտեսական «Արաս» գօտի կատարած այցի շրջանակներում, այցելել է Հայաստանի սահմանային Նորդուզի անցակէտ։ Այս մասին յայտնել է «Արաս» ազատ առեւտրի գօտու հանրային եւ միջազգային կապերի բաժինը։

«Նորդուզի սահմանը, որպէս դէպի Եւրասիական շուկայ Իրանի դարպաս, երկրի արտահանման եւ արտարժոյթի ներգրաւման մէջ կարեւոր դերակատարում ունի եւ պայմաններ է ստեղծում Եւրասիական ու ԱՊՀ շուկաներում իրանական ապրանքների օրէցօր աւելացող ներկայութեան համար»,-ասել է դեսպան Զոհուրին` Ջուղայի շրջանի ղեկավարի, Նորդուզի կենտրոնի տնօրէնի եւ սահմանային անցակէտում տեղակայւած գրասենեակների եւ կենտրոնների տնօրէնների հետ համատեղ նիստում։

Դեսպանը սահմանային անցակէտի գոյութիւնը նպաստաւոր պայման է համարել Ջուղայի շրջանի եւ «Արաս» ազատ տնտեսական գօտու համար, հաստատել է ներդրումների ներգրաւման, համագործակցութեան զարգացման եւ ծրագրման կարեւորութիւնը։

Մեղրի-Նորդուզ սահմանային անցակէտը Հայաստանի եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան միակ ցամաքային սահմանն է։ Երկու կողմերում գործում են ազատ տնտեսական գօտիներ, կողմերի քննարկումների օրակարգում է այդ գօտիներում եւ անցակէտում համագործակցութեան զարգացումն ու խորացումը։

 

 

Աղբիւր՝ www.yerkir.am 

 

ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշէս Թումանեանն օգոստոսի 12-ին այցելել է ԻԻՀ Իսլամական խորհրդի մեջլիս, որտեղ հանդիպում ունեցաւ Արտաքին քաղաքականութեան եւ ազգային անվտանգութեան յանձնաժողովի նախագահ Մոջթաբա Զոլնուրի հետ: Այս մասին տեղեկատւութիւնը դեսպանութիւնը հրապարակել է «Ֆէյսբուք» սոցիալական ցանցի իր էջում: Զրուցակիցները քննարկել են երկկողմ յարաբերութիւններին առնչւող հարցերի լայն շրջանակ:

Անդրադարձ է եղել Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման խնդիրներին եւ այս համատեքստում Արտաշէս Թումանեանը տեղեկութիւններ է ներկայացրել ընթացիկ տարւայ յուլիսին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ռազմական բախման մասին:

Քննարկւել են կորոնավիրուսային համավարակին, Իրանի նկատմամբ շարունակւող ամերիկեան պատժամիջոցների պայմաններում առեւտրատնտեսական յարաբերութիւնների ներկայ վիճակին եւ զարգացման հնարաւորութիւններին վերաբերող մի շարք հարցեր:

Յատուկ անդրադարձ է եղել ԵԱՏՄ-Իրան համագործակցութեան ամրապնդմանը եւ այս առումով Հայաստան-Իրան յարաբերութիւնների առանձնայատուկ նշանակութեանը: Քննարկւել են երկկողմ եւ տարածաշրջանային յարաբերութիւններին առնչւող մի շարք այլ հարցեր:

Արտաշէս Թումանեանը եւ Մոջթաբա Զոլնուրը նշել են միջխորհրդարանական համագործակցութեան խորացման անհրաժեշտութիւնը եւ այս իմաստով կարեւորել են խորհրդարանների ղեկավարների, մշտական յանձնաժողովների եւ բարեկամութեան խմբերի միջեւ փոխգործակցութեան ակտիւացումը:

 

 

Աղբիւր՝ www.yerkir.am 

 

Օգոստոսի 5-ին ՀՀ ԱԺ գիտութեան, կրթութեան, մշակոյթի, սպորտի եւ երիտասարդութեան հարցերի մշտական յանձնաժողովի նախագահ, Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Մխիթար Հայրապետեանը հանդիպել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Աբբաս Բադախշան ԶոՀուրիի հետ:

«Հայաստան-Իրան միջխորհրդարանական յարաբերութիւնների զարգացման տեսանկիւնից, ըստ իս, հարկաւոր է շեշտը դնել ՀՀ եւ ԻԻՀ խորՀրդարանների ղեկավարների մշտական երկխօսութեան իրականացման, խորհրդարանական մշտական յանձնաժողովների միջեւ կապերի խորացման, միջխորհրդարանական բարեկամական խմբերի համագործակցութեան, միջխորհրդարանական միութիւնների եւ միջազգային հարթակների շրջանակներում կապերի հաստատման վրայ»,-նշել է Մխիթար Հայրապետեանը:

Հանդիպման ընթացքում քննարկւել են նաեւ հայ-իրանական օրակարգի մի շարք հարցեր, ինչպէս նաեւ տարբեր ոլորտներում փոխգործակցութիւնն առաւել ընդլայնելու հնարաւորութիւնները:

Հանդիպումը կայացել է խորհրդանշական վայրում` Պատմական յուշարձանների պահպանման հայկական դաշնութեան շէնքում, որը 1873-1920թթ. եղել է պարսիկ հիւպատոսի նստավայրը:

 

 

ՀՀ պաշտպանութեան նախարար Դաւիթ Տօնոյեանը յուլիսի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետութիւնում Իրանի Իսլամական Հանրապետութեան նորանշանակ արտակարգ եւ լիազօր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանութեան ռազմական կցորդ, գնդապետ Մեհդի Հէյաթ Վեջդանին: Այս մասին Yerkir.am-ին յայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատւութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից: Այս մասին հաղորդում է «Yerkir.am»-ը:

Անդրադարձ է կատարւել ՀՀ հիւսիսարեւելեան հատւածում վերջին օրերին տեղի ունեցած գործողութիւնների ընթացքում մեծ քանակութեամբ արդիական ԱԹՍ-ների կիրառման փաստին եւ դրանց դէմ պայքարի արդիւնաւէտութեանը:

Հաշւի առնելով տարածաշրջանային անվտանգային խնդիրները, զրուցակիցները կարծիքներ են փոխանակել թուրք-ադրբեջանական համատեղ զօրավարժութիւնների բնոյթի վերաբերեալ, գնահատւել է դրանց հնարաւոր ազդեցութիւնը տարածաշրջանում կայունութեան ապահովման տեսանկիւնից:

 

 Աղբիւր՝ www.alikonline.ir

 

«ԱԼԻՔ» - Յուլիսի 27-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշէս Թումանեանը հանդիպել է Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ Նորայր Արամեանի եւ Պատգմաւորական ժողովի Բ ատենապետ Վահիկ Աղաքեանի հետ: Այս մասին տեղեկացնում է Իրանում ՀՀ դեսպանութեան «ֆէյսբուք»-եան էջը:

Զրուցակիցները քննարկել են կորոնավիրուսային համավարակի պայմաններում մշակութային եւ գիտակրթական ոլորտներում Հայաստան-Իրան համագործակցութեան ծրագրերի իրականացման եւ այդ համատեքստում ՀՀ դեսպանութեան եւ համայնքային կառոյցների ներուժի արդիւնաւէտ օգտագործման հնարաւորութիւնները:

 

 

 Աղբիւր՝ www.yerkir.am

 

Իրանի ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Աբբաս Մուսաւին երէկ Արդեբիլ քաղաքում մամուլի ասուլիսի ժամանակ կրկնել է, որ Իրանը պատրաստ է միջնորդական դեր ստանձնել Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահմանային զինւած հակամարտութիւնը կարգաւորելու համար. ըստ yerkir.am-ի` յայտնում է Mehr լրատւական գործակալութիւնը:

Նա ընդգծել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին իրավիճակի սրման հէնց սկզբից Իրանը վէճը խաղաղ կարգաւորելու կոչ է արել անմիջապէս, եւ Թեհրանը պատրաստ է նաեւ Ղարաբաղի շուրջ հակամարտութեան կարգաւորման գործում միջնորդ լինել:

«Իսլամական Հանրապետութեան դիրքորոշումը Ղարաբաղեան հակամարտութեան հարցում պարզորոշ է: Իրանն աջակցում է տնտեսական շահերի եւ տարածաշրջանում անվտանգութեան շահերի կիրառմանը: Մենք ցանկանում ենք, որ լարւածութիւնը վերահսկւի, եւ համոզւած ենք, որ, լարւածութիւնը վերահսկելով, շարունակւող հակամարտութիւնները պատերազմի չեն վերաճի»,- ընդգծել է Մուսաւին:

Յիշեցնենք, որ յուլիսի 14-ին Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը հեռախօսով զրուցել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականեանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդեարովի հետ (յուլիսի 16-ին պաշտօնանկ է արւել) եւ առաջարկել սահմանին զինւած հակամարտութեան կարգաւորման գործում իր երկրի աջակցութիւնը:

Նաեւ` Իրանի նախագահի աշխատակազմն է գնահատական տւել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրմանը` այն որակելով որպէս սպառնալիք տարածաշրջանի անվտանգութեան համար, որն անհանգստացնում է Թեհրանին: «Հարցի քաղաքական լուծումը, նկատի առնելով երկու երկրների շահերն ու տարածքային ամբողջականութիւնը, ճգնաժամի միակ լուծումն է: Իրանի Իսլամական Հանրապետութիւնը, առանց վարանման, այդ ուղղութեամբ ցանկացած ծառայութիւն կը մատուցի` հաշւի առնելով նախկինում միջնորդութիւնը եւ բարիդրացիական յարաբերութիւնները Հայաստանի եւ Ադրբեջանի հետ»,- ասել է Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վայեզին:

 

 


 

 Աղբիւր՝ www.yerkir.am

 

Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման հարցում Ադրբեջանում Իրանի դեսպանի հակասական յայտարարութիւնները։ Հանրային հեռուստաընկերութեանը տւած հարցազրոյցում Զոհուրին նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման հարցում Իրանի հաւասարակշռւած դիրքորոշումը չի փոխւել։

Հաղորդավարի հարցին՝ Ադրբեջանում Իրանի դեսպանը երբեմն այնպիսի յայտարարութիւններ է անում, որոնք տարբերւում են Իրանի պաշտօնական դիրքորոշումից, ո՞րն է Իրանի պաշտօնական դիրքորոշումը, դեսպան Զոհուրին մասնաւորապէս պատասխանել է.

«Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան հարցում Իրանի Իսլամական Հանրապետութեան դիրքորոշումը միշտ յայտնել ենք, մեր դիրքորոշման մէջ չի եղել որեւիցէ փոփոխութիւն։ Եթէ կան մարդիկ, որ այլ կարծիքներ են յայտնում՝ դրանք պաշտօնական տեսակէտներ չեն, եւ հաւասարակշռւած դիրքորոշումը, որը որդեգրել է Իրանը, անփոփոխ է մնացել: Եւ ցանկացած փոփոխութիւն Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղարի միջոցով կը ներկայացւէր, որը չի արւել»:

 

 


 

 Աղբիւր՝ www.alikonline.ir

 

 

«ԱԼԻՔ» - Վերջերս Թել Աւիւում դեսպանութիւն բացելու կապակցութեամբ Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան որոշումը իրանական, ինչպէս նաեւ հայաստանեան ԶԼՄ-ների լայն քննարկման առիթ դարձաւ:

Նոյն գծով իրանական խոշոր լրատւամիջոցներից մէկը առիթ դարձնելով Իրանի համար խիստ զգայուն այս իրավիճակը, առանց աղբիւրի մասին նշելու կամ յղում կատարելու, անդրադարձ կատարեց հայաստանեան լրատւամիջոցներից մէկի հետ իրանահայ պատգամաւորի՝ Ռոբերտ Բեգլարեանի ունեցած զրոյցին, միաժամանակ յիշեցնելով, որ չի կարելի լեգիտիմացնել Իսրայէլի էութիւնը տարածաշրջանում:

Յատկանշական է, որ նշւած զրոյցը, պատգամաւորի ասութեամբ, տեղի է ունեցել հայաստանեան «Թերթ.էյ էմ»-ի հետ, որտեղ Իրանի Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր՝ Ռոբերտ Բեգլարեանը մասնաւորապէս նշել է. «Այլ երկրներին մենք (ԻԻՀ-ն) զգուշացրել ենք սիոնիստական ռեժիմի օկուպանտ էութեան ու այդ ռեժիմի անօրինականութեան մասին, եւ մտահոգութիւն ենք յայտնել սիոնիստների համար ամենաչնչին օրինականութիւնն ստեղծող քայլերի կապակցութեամբ»:

Այս կապակցութեամբ պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը պատասխանելով «Ալիք»-ի դիտարկմանը թէ՝ շօշափւած թեման ինչո՞վ է անհանգստացրել իրանական լրատւամիջոցին, նշեց. «Նախ ասեմ, որ տւեալ լրատւամիջոցը չի նշել իր տեղեկութեան աղբիւրը: Իսկ իմ իմացածով, ես միայն պատասխանել եմ «Թերթ.էյ էմ»-ի հարցերին, որտեղ պարզ նշել եմ թէ, որն է Իրանի դիրքորոշումը, միեւնոյն ժամանակ պարզաբանել Իրանի կարեւորութիւնը տարածաշրջանում անվտանգութիւն հաստատելու փաստի շուրջ: Իսկ իրանական նման մեծ լրատւամիջոցը, գոնէ ինձ պէս անձանց հանդիպելու լայն ձեռնահասութիւն ունի, ինչի անտեսումը ինձ զարմանք պատճառեց:

Այնուամենայնիւ նշեմ, որ, որպէս Իրանի քաղաքացի, ինչպէս նաեւ խորհրդարանում պատգամաւոր, լաւագոյնս գիտակցում եմ Իրանի ազգային շահերը, յատկապէս քաղաքականութեան ուղղւածութիւնն ու համակարգի սկզբունքները: Միաժամանակ գիտակցում Իրան-Հայաաստան յարաբերութիւնների ծաւալն ու սերտացումը, ինչը խօսում է այն մասին, որ երկու երկրները ԱԳ-ների մակարդակով կարող են եւ շարունակում են անմիջական կապերի միջոցով նման հարցեր շօշափել եւ փոխըմբռնման եզրեր գտնել: Նաեւ լաւագոյնս գիտակցում ենք տարածաշրջանի կայունութեան գործում Իրանի կարեւոր դերակատարութիւնը, ինչպէս նաեւ Հայաստանի Հանրապետութեան համար Իրանի կարեւորութեան փաստը: Այսպիսով միայն կարող եմ իմ զարմանքս յայտնել, նման կարեւոր ու զգայնութիւն արթնացնող թեման պարսկալեզու լրատւամիջոցի կողմից իրանական լսարանին այդպէս հրամցւելու համար: Գիտենք նաեւ, որ վերջին շրջանում լայն քննարկումների առիթ էր այդ լուրը, նոյնիսկ մէկ-մէկ միակողմանի դրսեւորումներով, սակայն մէկ է, արձանագրել է պէտք, որ լաւագոյնս գիտակցում ենք Իրանի եւ իրանահայ համայնքի շահերը»:

Յիշեցնենք, որ «Ֆարս» լրատւական գործակալութեան կողմից հրապարակւած նիւթում, առանց զրոյցից մէջբերումներ անելու, նշւած էր իրանահայ պատգամաւորի անունը, որտեղ յօդւածագիրը քննադատական հայեացք նետելով Հայաստան-Իսրայէլ յարաբերութիւնների ներկայ փուլին, դժգոհանք էր յայտնել Իսրայէլի էութիւնը լեգիտիմացնող իւրաքանչիւր մօտեցման համար:


Յատկանշական է, որ «Ֆարս»-ի յօդւածագիրը հայկական կողմին է յիշեցրել 105 տարի առաջ իր բնութագրմամբ «Մեծ ջարդերի» փաստը, եւ նշել, որ Իսրայէլը նոյնպէս սպանդ իրականացրած պետութիւն է, ում հետ յարաբերութիւնները չեն կարող ունենալ տրամաբանական ելք հայ ժողովրդի համար:

 


 

 Աղբիւր՝ www.mfa.am

 

 

2020թ․ մայիսի 31-ին աւարտւել է 2016թ. յունիսի 5-ին ստորագրւած «Հայաստանի Հանրապետութեան Կառավարութեան եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան Կառավարութեան միջեւ քաղաքացիների առանց մուտքի արտօնագրի այցելութիւնների մասին» փոխըմբռնման յուշագրի ժամանակաւոր կասեցման ժամկէտը, եւ 2020թ․ յունիսի 1-ից սովորական անձնագրեր կրող ԻԻՀ քաղաքացիները իրաւունք ունեն առանց արտօնագրերի ձեւակերպման մուտք գործել Հայաստանի Հանրապետութիւն:

 

Միաժամանակ ՀՀ ԱԳՆ յիշեցնում է, որ ՀՀ-ում արտակարգ դրութեան ռեժիմը սահմանւած է մինչեւ 2020թ․ յունիսի 13-ը, հետեւաբար դրանով պայմանաւորւած անձանց ՀՀ տարածք մուտքի եւ ՀՀ տարածքից ելքի սահմանափակումները կը պահպանւեն մինչեւ արտակարգ դրութեան ռեժիմի աւարտը:

 

ԱԳՆ-ն յորդորում է ՀՀ քաղաքացիներին Իրանի Իսլամական Հանրապետութիւն այցելութիւն ծրագրել միայն խիստ անյետաձգելի դէպքերում:


 

 Աղբիւր՝ www.yerkir.am

 

 

Երեւանում Իրանի դեսպան Աբբաս Զոհուրին յայտարարել է, որ Իրանի համար Հայաստանը դիտարկւում է որպէս միջանցք դէպի այլ երկրներ՝ մասնաւորապէս եւրոպական. յայտնում է IRNA գործակալութիւնը։

Զոհուրին տեսակոնֆերանսի ընթացքում յայտարարել է, որ Հայաստանը հսկայական եզակի ներուժ ունի, այն դէպքում, երբ համարւում է Իսլամական հանրապետութեան հարեւան եւ բարեկամ: Նա նշեց, որ տնտեսական եւ քաղաքական տեսանկիւնից Իրանի հարեւանները համագործակցութեան առաջնային ոլորտներ են:

Նա յաւելել է, որ Հայաստանը տնտեսական հսկայական հնարաւորութիւններ ունի ՝ հաշւի առնելով իւղային մշակոյթի, անասունների եւ թռչնաբուծութեան առկայութիւնը, ինչպէս նաեւ «Արաքսի» ազատ առեւտրի գօտու ակտիւ գործունէութիւնը: Զոհուրին նշեց, որ չնայած կորոնավիրուսի բռնկմանը եւ անորոշ ժամանակով սահմանային կէտերի փակմանը, երկու երկրների միջեւ առեւտուրը չի տուժել: