Դեկտեմբերի 27-ին տեղի ունեցաւ ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանի հանդիպումն ԻԻՀ ազգային անվտանգութեան գերագոյն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ: Գրւած է դեսպանութեան ֆէյսբուքեան էջում:

ՀՀ դեսպանը տեղեկութիւններ ներկայացրեց իր զրուցակցին Հայաստանում եւ Արցախում ստեղծւած վիճակի, ինչպէս նաեւ տարածաշրջանային զարգացումների մասին:

Շամխանին յայտնեց ԻԻՀ իշխանութիւնների պատրաստակամութիւնը Հայաստանի համար ներկայ դժւարին պայմաններում երկու երկրների համագործակցութեան խորացման վերաբերեալ եւ վերահաստատեց Իրանի դիրքորոշումը կայուն եւ տեւական խաղաղութեան հաստատման ուղղութեամբ:

 

Դեկտեմբերի 21-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Ա․ Թումանեանը հանդիպում ունեցաւ ԻԻՀ Կարմիր Մահիկի նախագահ Քարիմ Հեմմաթիի հետ: Տեղեկանում ենք Իրանում ՀՀ դեսպանութեան ֆէյսբուքեան էջից:

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղաւ կորոնավիրուսային համավարակի պայմաններում Հայաստանում եւ Իրանում ստեղծւած վիճակին, կատարւած աշխատանքներին, ինչպէս նաեւ այդ ոլորտում իրականացւած համագործակցութեանը:

Դեսպան Թումանեանը ներկայացրեց սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծւած պատերազմի հետեւանքով ստեղծւած ծանր վիճակը եւ դրա յաղթահարման ուղղութեամբ անհրաժեշտ աշխատանքների մեծ ծաւալները:

Զրուցակիցները քննարկեցին Հայաստանին եւ Արցախին ԻԻՀ-ի կողմից մարդասիրական օգնութեան հնարաւորութիւնները եւ երկուստեք համաձայնեցին, որ դա իրապէս կը ծառայի կարիքի մէջ յայտնւած մարդկանց, միւս կողմից այն համահունչ կը լինի երկու ժողովուրդների դարաւոր բարեկամական յարաբերութիւններին:

 

Իսլ. Խորհրդարանում իրանահայութեան զոյգ պատգամաւորներ Ռոբերտ Բեգլարեանը եւ Արա Շահվերդեանը դեկտեմբերի 20-ին, հանդիպել են Իսլ. խորհրդարանի Նախագահի միջազգային հարցերով խորհրդական Հոսէյն Ամիրաբդոլահիանի հետ:
Հանդիպման ընթացքում պատգամաուրները շնորհաւորելով Եալդայի տօնի առիթով անդրադարձել հարաւային կովկասում տեղի ունեցած վերջին զարգացումներին:

Իրանահայութեան պատգամաւորները, մասնաւորապէս՝ անդրադարձել են գեներալ Սոլէյմանիի գործունէութեանը եւ ահաբեկչութեան դէմ պայքարում նրա աւանդին, ինչպէս նաեւ Հայաստանի Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատւած դեկտեմբերի 9-ի համաձայնագրին:

Անդրադառնալով, տարածաշրջանային վերջին զարգացումներին՝ զրուցակիցները ընդգծել են Իրանի եւ Հայաստանի միջեւ բարիդրացիական եւ հարեւանական յարաբերութիւնների հաստատման կարեւորութիւնը:
Միաժամանակ, շեշտելով՝ երկու երկրների միջեւ յարաբերութիւնների խորացման, տարածաշրջանում Իրանի դրական ազդեցութեան աւելացման, եւ Հայաստանի հետ տնտեսական յարաբերութիւնների ընդլայնման անհրաժեշտութիւնը:

 

Աղբիւր՝ www.alikonline.ir

 

«alikonline.ir» - Իսլ. խորհրդարանում իրանահայութեան զոյգ պատգամաւորները իրենց զօրակցութիւնն են յայտնում Արցախեան 44-օրեայ պատերազմի զոհերի եւ անյայտ կորածների ընտանիքներին եւ տեղեկացնում են, որ հետամուտ են եղել պատերազմի օրերին Իրանի Իսլամական Հանրապետութեան տարածք մի շարք հայ զինւորների մուտք գործելու մասին տարածւած լուրերի իսկութիւնը ճշտելու հանգամանքով: Այս մասին Alikonline-ի հետ զրոյցում յայտնեց Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը:

Հերքելով այդ մասին շրջանառւող լուրերը նա նշեց, որ անձամբ ինքը եւ Իսլ. խորհրդարանում հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը իրականութիւնը պարզելու նպատակով հետեւել են այդ հարցին:

Նրանք մասնաւորապէս կապւել են մի քանի պետական պաշտօնեաների հետ, այդ թւում՝ ՀՀ-ում Իրանի դեսպանի, Արեւելեան եւ Արեւմտեան Ատրպատականի նահանգապետերի հետ:

«Երկու նահանգապետերը, ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, եւ մի քանի այլ պետական պաշտօնեաներ մեր հետ ունեցած զրոյցի ընթացքում հերքել են հայ զինւորների Իրանի տարածք մուտք գործելու մասին լրատւամիջոցներում շրջանառւող լուրերը»,- յստակեցրեց Շահվերդեանը՝ նշելով, որ իր եւ Բեգլարեանի ուսումնասիրութիւնների արդիւնքներով կարելի է արձանագրել, որ այս պահի դրութեամբ, առհասարակ, չկան նման լուրերը հաստատման հիմքեր:

Պատգամաւորները նաեւ իրենց կարեկցանքը յայտնցին անհետ կորած եւ զոհւած զինծառայողների ընտանիքներին՝ նշելով, որ պատրաստ են շարունակել աջակցել նրանց:

 

 

 

2020 թւականի սեպտեմբերի 27-ից մինչեւ նոյեմբերի 9-ը տեւած Արցախեան պատերազմի ընթացքում Հայրենիքի պաշտպանութեան համար զոհւած նահատակների յիշատակը ոգեկոչելու նպատակով 2020 թւականի դեկտեմբերի 19-ից 21-ը Հայաստանի Հանրապետութիւնում յայտարարւում է սուգ: Տեղեկացնում է Իրանում Հանրապետութեան դեսպանութիւնը:

Այս կապակցութեամբ Իրանի Իսլամական Հանրապետութիւնում Հայաստանի Հանրապետութեան դեսպանութիւնում բացւելու է սգոյ մատեան:

Կորոնավիրուսային համավարակով պայմանաւորւած իրավիճակից ելնելով` ՀՀ դեսպանութիւնը նպատակայարմար է գտնում ցաւակցական ուղերձներ ընդունել դեսանութեան էլեկտրոնային փոստի հասցէին (Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։):

Դեկտեմբերի 16-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշէս Թումանեանը հանդիպում ունեցաւ ԻԻՀ մաքսային ծառայութեան ղեկավար Մեհդի Միրաշրաֆիի հետ: Գրում է Իրանում ՀՀ դեսպանութիւնը:

Հանդիպման ընթացքում քննարկւեցին Հայաստանի եւ Իրանի մաքսային ծառայութիւնների համագործակցութեան խնդիրները:

Անդրադարձ եղաւ կորոնավիրուսային համավարակի եւ Ղարաբաղեան պատերազմի շրջանում մաքսային մարմինների կատարած աշխատանքներին:

Ա. Թումանեանը ներկայացրեց Մեղրիի մաքսակէտի վերակառուցման եւ արդիականացման ծրագրի ուղղութեամբ նախապատրաստական աշխատանքները, որից յետոյ քննարկւեցին այդ ուղղութեամբ անհրաժեշտ համաձայնեցումների հարցերը:

 

Սպահանի հայոց թեմի առաջնորդ Սիփան Եպս. Քէչէճեանը 7 դեկտեմբերի 2020 թւակիր նամակով դիմել է Իրանի արտաքին գործերի նախարարութեանը եւ Իրանում Ռուսաստանի ու Ֆրանսիայի դեսպանատներին, որտեղ անդրադառնալով Արցախում տեղի ունեցած վերջին ամիսների իրադարձութիւններին եւ այդ իրադարձութիւնների հետեւանքով հայ ժողովրդին հասցւած մարդկային ու տարածքային կորուստներին, յատկապէս ընդգծելով հայկական կողմի անյայտ կորածների ու ռազմագերիների հարցը եւ Ադրբեջանի ցուցաբերած անմարդկային վերաբերմունքը դիակների եւ գերիների նկատմամբ, վերոնշեալ կառոյցներից պահանջել է, որպէսզի համապատասխան քայլեր ձեռնարկելով օր առաջ կարգաւորել անհետ կորածներին գտնելու, զոհւածների աճիւնները եւ գերիներին վերադարձնելու անյետաձգելի գործը:

Տեղեկացնենք, որ գրութեանը ներփակ փոխանցւել է Հայաստանի Մարդու Իրաւունքների հրապարակած պաշտօնական նամակը, ուր հաւաստի աղբիւրների հիմամբ եւ ականատեսների վկայութեամբ ներկայացւած է ոչ միայն մերօրեայ իրավիճակը, այլեւ բուն նպատակն ու պահանջը՝ թէ ինչ է մեր ազգի սպասումը մեծ պետութիւններից, եւ ի մասնաւորի ԵԱՀԿ Մինսկին համանախագահող երկրների ղեկավարներից ու նրանց ներկայացուցիչներից:

 

ՀՀ-ն դատապարտում է ահաբեկչութիւնները. ԱԳՆ արձագանքը իրանցի ֆիզիկոս Ֆախրիզադէի սպանութեանը: Այս մասին տեղեկանում ենք Իրանում ՀՀ դեսպանութեան ֆէյսբուքեան էջից:

ԵՐԵՒԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԷՆՊՐԵՍ: Հայաստանը դատապարտում է բոլոր տեսակի ահաբեկչական գործողութիւնները տարածաշրջանում եւ ողջ աշխարհում, նշել է ՀՀ ԱԳՆ մամուլի խօսնակ Աննա Նաղդալեանն` ի պատասխան «Արմէնպրես» լրատւական գործակալութեան` իրանցի միջուկային ֆիզիկայի մասնագէտ Մոհսէն Ֆախրիզադէի սպանութեանը Հայաստանի արձագանքի վերաբերեալ հարցի:

«Նոյեմբերի 27-ին Իրանում սպանւել է միջուկային ֆիզիկայի մասնագէտ Մոհսէն Ֆախրիզադէն: Սպանութեանը հետեւել են արձագանքներ Իրանից եւ մի շարք այլ պետութիւններից: Հայաստանը, որպէս Իրանի սահմանակից եւ բարեկամ երկիր, ինչպէ՞ս է արձագանքում իրանցի բարձրաստիճան պաշտօնեայի սպանութեանը» հարցին Աննա Նաղդալեանը պատասխանել է. «Մեր խորին ցաւակցութիւնն ենք յայտնում յայտնի իրանցի գիտնական, ԻԻՀ պաշտպանութեան նախարարութեան պաշտպանական նորարարութիւնների եւ հետազօտութիւնների կազմակերպութեան ղեկավար Մոհսէն Ֆախրիզադէի սպանութեան կապակցութեամբ:

Հայաստանը դատապարտում է բոլոր տեսակի ահաբեկչական գործողութիւնները տարածաշրջանում եւ ողջ աշխարհում»:

 

 

Նոյեմբերի 22-ին ՀՀ դեսպան Արտաշէս Թումանեանը հանդիպեց ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Սէյեդ Աբաս Արաղչիին: Այս մասին տեղեկանում ենք Իրանում ՀՀ դեսպանութեան ֆէյսբուքեան էջից:

Հանդիպման ընթացքում դեսպան Թումանեանն իր զրուցակցին տեղեկութիւններ հաղորդեց Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարութեան` եռակողմ յայտարարութեան ընդունումից յետոյ Հայաստանում եւ Արցախում ստեղծւած վիճակի ու ընթացիկ զարգացումների մասին:

Կողմերը մտքեր փոխանակեցին Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման ու յետպատերազմեան գործընթացների, տարածաշրջանային եւ արտատարածաշրջանային ուժերի մասնակցութեան եւ յետագայ հնարաւոր դերակատարութեան մասին:

Քննարկւեցին ստեղծւած բարդագոյն պայմաններում Հայաստան-Իրան փոխշահաւէտ եւ փոխհամաձայնեցւած համագործակցութեան ուղղութիւններն ու հնարաւորութիւնները: Երկուստեք վստահութիւն յայտնւեց, որ անհրաժեշտութիւն կայ պետական մարմինների եւ հասարակական շրջանակների միջեւ մշտական կապերի պահպանման ու ամրապնդման, խորհրդատուութիւնների անցկացման, ինչպէս նաեւ ընթացիկ համագործակցութեան ոլորտներում համատեղ աշխատանքների ակտիւացման ուղղութեամբ:

 

Նոյեմբերի 21-ին տեղի ունեցաւ հանդիպում ԻԻհ-ում ՀՀ դեսպան Արտաշէս Թումանեանի եւ ԻԻՀ նաւթի նախարարի տեղակալ Ամիր Հոսէյն Զամանինիայի միջեւ: Այս մասին տեղեկանում ենք Իրանում ՀՀ դեսպանութեան ֆէյսբուքեան էջից:

Հանդիպման ընթացքում քննարկւեցին Հայաստանի եւ Իրանի միջեւ գազի եւ էներգետիկայի ոլորտում ծրագրերի կատարման ընթացքը եւ առաջիկայ անելիքները:

Պայմանաւորւածութիւններ ձեռք բերւեցին գազ-էլեկտրաէներգիայ փոխանակման ծրագրի փոփոխութիւնների համաձայնեցման աշխատանքների հրատապ կազմակերպման շուրջ:

 

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպանութիւնը իր զօրակցութիւնն է յայտնում վերջին պատերազմի զոհերի եւ անյայտ կորածների ընտանիքներին եւ տեղեկացնում է, որ դեսպանատունը նաեւ հետամուտ է լինում Իրանի Իսլամական Հանրապետութեան տարածքում մի շարք հայ զինւորների ներկայութեան մասին տարածւած չհաստատւած լուրերին: Դեսպանութիւնն այս պահին չի կարող հաստատել այս լուրը, սակայն իրականացւող ուսումնասիրութիւնների արդիւնքները կը յայտարարւեն առաջին իսկ հնարաւորութեան դէպքում: Գրւած է Հայաստանում ԻԻՀ դեսպանութեան պաշտօնական կայքում:

Դեսպնութիւնը իր կարեկցանքը յայտնելով նշւած զինծառայողների ընտանիքներին` խնդրում է, որպէսզի ընտանիքները զերծ մնան ուղղակիօրէն դեսպանատուն դիմելուց եւ խնդրին հետամուտ լինեն ՀՀ կառավարութեան պատկան մարմինների միջոցով:

 

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպանութիւն

 

Իրանում ՀՀ դեսպանութեան ֆէյսբուքեան էջից տեղեկանում ենք.

Նոյեմբերի 17-ին ՀՀ դեսպան Արտաշէս Թումանեանն ԻԻՀ նախագահին առընթեր Ռազմավարական հետազօտութիւնների կենտրոնում հանդիպեց ԻԻՀ նախագահի խորհրդական եւ յիշեալ կենտրոնի տնօրէն Հեսամէդդին Աշնային:

ՀՀ դեսպանի եւ ԻԻՀ խորհրդականի միջեւ տեղի ունեցած առանձնազրոյցի, ինչպէս նաեւ Ռազմավարական հետազօտութիւնների կենտրոնի փորձագէտների հետ հանդիպման ընթացքում քննարկւեցին հայ-իրանական յարաբերութիւնների օրակարգային նոր խնդիրները` նոյեմբերի 10-ին ԼՂ-ում ռազմական գործողութիւնները դադարեցնելու վերաբերեալ ՀՀ, ԱՀ եւ ՌԴ ղեկավարների համատեղ յայտարարութեան ընդունումից յետոյ ստեղծւած պայմաններում:

Անդրադարձ եղաւ գլոբալ եւ տարածաշրջանային նոր մարտահրաւէրներին դիմակայելուն ուղղւած կողմերի անելիքներին:

ԻԻհ-ում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը հանդիպեց Իրանի առեւտրի, արդիւնաբերութեան, հանքերի եւ գիւղատնտեսութեան պալատի նախագահ Ղօլամհոսէյն Շաֆէիին: Այս մասին տեղեկացել ենմ Իրանում ՀՀ դեսպանութեան ֆէյսբուքեան էջից:

Երախտագիտութեան խօսք յայտնելով Ղ. Շաֆէիին այս ծանր ժամանակահատւածում Իրանի ցուցաբերած բարիդրացիական վերաբերմունքի եւ հաւասարակշռւած դիրքորոշման համար` դեսպան Թումանեանն ընդգծեց, որ Հայաստան-Իրան առեւտրատնտեսական յարաբերութիւններն ընթացիկ տարւայ առաջին կիսամեակի ընթացքում պահպանել են նախորդ ժամանակաշրջանի զարգացման տեմպը. մի բան, որ խօսում է դրանց համակարգւած եւ փոխշահաւէտ բնոյթի մասին: Նշւած միտումները պահպանւել են նաեւ վերջին մի քանի ամիսների ընթացքում:

Ինչպէս նշեց ՀՀ դեսպանը, ըստ էութեան` ոչ համավարակը, եւ ոչ էլ պատերազմական վիճակը չեն խաթարել երկկողմ բնականոն տնտեսական յարաբերութիւնները: 

Առեւտրի պալատի նախագահ Շաֆէին եւս անդրադարձաւ հայ-իրանական տնտեսական յարաբերութիւնների վերջին ժամանակաշրջանի յաջողութիւններին եւ առաջիկայ դրական զարգացումներին: 

Զրուցակիցները երկուստեք ընդգծեցին, որ նոր իրադարձութիւններով պայմանաւորւած պէտք է անել հնարաւորինս յարաբերութիւնների` ինչպէս երկկողմ, այնպէս էլ տարածաշրջանային համագործակցութեան շարունակական զարգացումն ապահովելու համար:

ՀՀ դեսպանութեան եւ Իրանի առեւտրի պալատի միջեւ համաձայնութիւն ձեռքբերւեց մի շարք համատեղ միջոցառումներ կազմակերպելու շուրջ:

 

Իրանական ԶԼՄ-ները տարատեսակ մօտեցումներ են հրապարակում Արցախի շուրջ տեղի ունեցող զարգացումների վերաբերեալ: Ստորեւ ներկայացնում ենք լրաքաղ արւած որոշ ձեւակերպումներ.Իրանում ՀՀ դեսպանութիւն


▪️Mehrnews
Թեհրանը յստակ եւ պարզորոշ յայտարարել էր, որ Ղարաբաղեան պատերազմի խորացման դէպքում «բացւելու է ահաբեկիչների ոտքը» դէպի Իրանի հետ սահմանային շրջաններ: Միւս կողմից, Իրանն զգուշացրել էր, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմը կարող է դառնալ արտաքին ուժերի շահարկման առարկայ: Իրադարձութիւնների յետագայ զարգացումը ցոյց տւեց, որ հակամարտող կողմերին ուղղւած Թեհրանի զգուշացումները լիովին արդարացւած են:


▪️Irna
Այս ճգնաժամի նշանակութիւնն Իրանի համար շատ աւելին է, քան որեւէ այլ երկրի, քանի որ Իրանն ունի ընդհանուր սահման եւ Հայաստանի, եւ Ադրբեջանի հետ:


▪️Mizanonline
Թուրքիան քանիցս յստակօրէն յայտարարել է իր կողմից Ադրբեջանին ցուցաբերւող համակողմանի աջակցութեան մասին: Հայաստանը ջանքեր է գործադրում Ղարաբաղի անկախութեան պաշտօնապէս ճանաչման ուղղութեամբ:


▪️Radiofarda
Այս պահի դրութեամբ Հայաստանը յայտնել է իր զինւած ուժերում 673 եւ քաղաքացիական բնակչութեան շրջանում տասնեակ մարդկային զոհերի մասին: Ադրբեջանը մինչ օրս չի հրապարակել իր կորուստների թիւը:


▪️Irdiplomacy
Անկարան քաջ գիտակցում է, որ նոյնիսկ եթէ Ռուսաստանը Սիրիայում եւ Լիբիայում նպատակադրւի թուլացնել Թուրքիայի ներկայութիւնը, զուգահեռաբար մեծացնելով լարւածութիւնը Հարաւային Կովկասում, դա չի խանգարի Թուրքիայի դիրքերի ամրապնդմանը:

 

Հոկտեմբերի 18-ին ԻԻՀ Իսլամական խորհրդի Մեջլիսում տեղի ունեցաւ ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշէս Թումանեանի հանդիպումը ԻԻՀ Մեջլիսի պատգամաւոր, Իրան-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Սէյեդ Մահդի Ֆարշադանի հետ: Այս մասին գրւած է Իրանում ՀՀ դեսպանութեան ֆէյսբուքեան էջում:

Զրուցակիցները քննարկեցին հայ-իրանական յարաբերութիւնների զարգացման գործում միջխորհրդարանական կապերի ամրապնդմանն առնչւող հարցերի լայն շրջանակ:

Արտաշէս Թումանեանը Սէյեդ Մահդի Ֆարշադանին տեղեկութիւններ ներկայացրեց Արցախի եւ Հայաստանի դէմ Ադրբեջանի կողմից սանձազերծւած ռազմական լայնածաւալ գործընթացների, դրանցում Թուրքիայի եւ վերջինիս կողմից ներգրաււած ահաբեկչական խմբաւորումների մասնակցութեան մասին` ընդգծելով միջազգային հանրութեան անյապաղ միջամտութեան անհրաժեշտութիւնը:

 

Աղբիւր՝ www.alikonline.ir 

 

«alikonline.ir» - Իրանագէտ Վարդան Ոսկանեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է. «Այս պատերազմից յետոյ Ատրպատականի սիրտ Թաւրիզում պէտք է բացւի Հայաստանի Հանրապետութեան հիւպատոսութիւնը, եւ մենք պէտք է ստեղծենք հզօր ու խիստ ազդեցիկ հայ-իրանական բարեկամութեան խմբեր՝ ներառելով ատրպատականեան մտաւորականութեանը, հոգեւորականութեանը, գործարար շրջանակներին եւ այլ խաւերի։

Էրդողանի եւ Բաքւի բռնապետի վարչախմբերի կողմից սնուցւող եւ Հայաստանի ու Իրանի դէմ աշխատող պանթիւրքական ոհմակները պէտք է հասկանան, որ Ատրպատականը մնացեալ Իրանի եւ Հայաստանի միջեւ կենսական կամուրջ է, եւ սատանայի պարն այդ կամրջին որեւէ դէպքում չի կարող բռնել։

 

Աղբիւր՝ www.yerkirmedia.am 

 

ՀՀ պաշտպանութեան նախարարութեան պաշտպանական քաղաքականութեան եւ միջազգային համագործակցութեան գլխաւոր վարչութեան պետ Լեւոն Այւազեանը հոկտեմբերի 13-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետութիւնում Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպանութեան նորանշանակ ռազմական կցորդ գնդապետ Բահման Սադեղինին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ տեղեկատւութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից:

Հանդիպման ընթացքում Լեւոն Այւազեանը ներկայացրել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի հետեւանքով ստեղծւած իրավիճակը եւ ռազմական գործողութիւնների ընթացքը:

Անդրադարձ է կատարւել նաեւ հակամարտութիւնում երրորդ կողմի եւ վարձկան ահաբեկիչների ներգրաււածութեան ազդեցութեանը տարածաշրջանային անվտանգութեան եւ կայունութեան տեսանկիւնից:

 

 

ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանի հարցազրոյց է տւել իրանական «ILNA» լրատւականին. այս մասին տեղեկանում ենք Իրանում ՀՀ դեսպանութեան ֆէյսբուքեան էջից:

- Ո՞րն է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սկսւած ռազմական բախման պատճառը:

Այս պատերազմական գործողութիւնները պատահական ծագած երեւոյթ չեն, այլ Ադրբեջանի կողմից նախապէս ծրագրւած լայնածաւալ յարձակում, խաղաղ բանակցային գործընթացի կազմակերպւած տապալում եւ հակամարտութիւնը ռազմական ճանապարհով լուծելու փորձ:

Ի տարբերութիւն այս տարի յուլիսին Հայաստանի Հանրապետութեան դէմ Ադրբեջանի կողմից ձեռնարկւած ագրեսիայի, այս անգամ Ադրբեջանը ագրեսիա է նախաձեռնել Արցախի (Լեռնային Ղարաբաղ) դէմ՝ միտումնաւոր թիրախաւորելով քաղաքացիական բնակչութիւնը եւ քաղաքացիական ենթակառուցւածքները: Լեռնային Ղարաբաղը պաշտպանելու է իր իւրաքանչիւր թիզ հողը եւ իր անվտանգութիւնը, եւ Հայաստանն էլ երաշխաւորն է Արցախի անվտանգութեան:

Ադրբեջանի ներկայ ագրեսիան Արցախի դէմ բնութագրւում է երկու կարեւոր առանձնայատկութեամբ․

Առաջին, Ադրբեջանը նախագահ Ալիեւի մակարդակով հրապարակաւ hրաժարւել է խաղաղ գործընթացից եւ խնդիր է դրել ղարաբաղեան հիմնախնդիրը լուծել լայնածաւալ պատերազմով,

Երկրորդ, այս նպատակի իրականացման համար Ադրբեջանը ստանում է Թուրքիայի լայնածաւալ ռազմաքաղաքական աջակցութիւնը։ Ադրբեջանի հետ կողք կողքի մարտնչում են թուրքական ռազմական մասնագէտները, որոնք օգտագործում են թուրքական արտադրութեան սպառազինութիւն, այդ թւում՝ անօդաչու թռչող սարքեր եւ ռազմական ինքնաթիռներ: Միաժամանակ, արժանահաւատ աղբիւրներից ստացւող տեղեկութիւնների համաձայն՝ Թուրքիան հաւաքագրում է օտարազգի ահաբեկիչ զինեալների եւ տեղափոխում վերջիններիս Ադրբեջան: Ռազմական գործողութիւնների ողջ ընթացքում Թուրքիան բարձրագույն ղեկավարութեան մակարդակով լիարժէք քաղաքական եւ քարոզչական աջակցութիւն է տրամադրում Ադրբեջանին:

- Հնարաւո՞ր է, որ ռազմական գործողութիւնների մէջ ներքաշւեն տարածաշրջանի երկրները, եւ ինչպիսի՞ն կը լինի ուժերի դասաւորւածութիւնն այդ պարագայում:

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարութեան ագրեսիւ այս գործողութիւնները ուղղւած են տարածաշրջանային կայունութեան եւ անվտանգութեան խաթարմանը, որի հետեւանքների համար վերջիններս կրում են ողջ պատասխանատւութիւնը:

Այս պահին միակ երկիրը, որն ուղղակիօրէն ներգրաււած է ռազմական գործողութիւնների մէջ, Թուրքիան է, որը բացարձակապէս չի էլ թաքցնում իր ծայրայեղ միակողմանի եւ ագրեսիւ դիրքորոշումը ՀՀ նկատմամբ:

- Արդեօ՞ք ՄԱԿ-ը կարող է միջամտել եւ օգնել ստեղծւած ճգնաժամի յաղթահարմանը:

ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարը հանդէս է եկել յայտարարութեամբ, որի հիմնական ուղերձը ճգնաժամի խաղաղ կարգաւորմանն աջակցութիւն յայտնելն է:

- Իրանը, Թուրքիան եւ Ռուսաստանն այս հակամարտութեան լուծման համար ի՞նչ դերակատարութիւն կարող են ունենալ:

ՌԴ-ը Հայաստանի ռազմավարական գործընկերն է եւ այս հարցում նրա դերակատարութիւնը չափազանց մեծ է, այդ թւում նաեւ՝ որպէս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր:

Թուրքիայի մասին արդէն ասւեց: Վերջինս չի կարող եւ չի էլ փորձում ունենալ կառուցողական դերակատարութիւն եւ հանդէս է գալիս հակամարտութեան կողմերից մէկի շահերի ակնյայտ պաշտպանութեան դիրքերից՝ գործնականում ներգրաււելով նաեւ ռազմական գործողութիւնների մէջ:

Ինչ վերաբերում է Իրանին, վերջինս մշտապէս հանդէս է եկել Ղարաբաղեան հակամարտութեան խաղաղ կարգաւորման օգտին: Հարկ է նշել, որ ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամադ Ջաւադ Զարիֆը յայտարարել է իրանական կողմի՝ բանակցութիւնների վերսկսմանն օժանդակելու պատրաստակամութեան մասին, մի բան, որ Հայաստանի կողմից շատ բարձր է գնահատւում:

- Թուրքիայի եւ Ադրբեջանի համատեղ զօրավարժութիւնն ինչքանո՞վ է ազդել այս բախումների բռնկման վրայ:

Թուրքիայի միակողմանի եւ ագրեսիւ դիրքորոշումը միանգամայն ակնյայտ է, եւ այս ռազմական բախման ընթացքում լիովին «նիւթականացւեց»: Ինչ վերաբերում է Ադրբեջանում թուրք-ադրբեջանական համատեղ զօրավարժութիւններին, դրանց աւարտից յետոյ զինուժի եւ ռազմական տեխնիկայի՝ Ադրբեջանի տարածքում թողնելուն, ապա դա կարելի է համարել ռազմական ագրեսիայի նախապատրաստման կարեւոր բաղադրիչներից մէկը:

Ի դէպ, Թուրքիայի ռազմական ներկայութիւնն Ադրբեջանում եւ յատկապէս Նախիջեւանում կարծում ենք՝ մտահոգիչ իրողութիւն պէտք է լինի նաեւ Իրանի համար:

- Հակամարտութեան լուծման գործում ի՞նչ դերակատարութիւն կունենան ԵԱՀԿ Մինսկի խումբը եւ եռանախագահող երկրները:

Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման միջազգայնօրէն ճանաչւած միակ ձեւաչափը ԵԱՀԿ Մինսկի համանախագահներն են: Այս պահին ՀՀ ղեկավարութիւնը մշտական կապի մէջ է համանախագահող երկրների հետ՝ ստեղծւած վտանգաւոր վիճակը կարգաւորելու եւ բանակցութիւնները բնականոն հուն վերադարձնելու նպատակով:

 

 

Աղբիւր՝ www.yerkirmedia.am 

 

Վարչապետ Նիկոլ Փաշինեանը շարունակում է հեռախօսազրոյցների շարքն օտարերկրեայ պետութիւնների եւ միջազգային կազմակերպութիւնների ղեկավարների հետ:

Այսօր վարչապետը հեռախօսազրոյց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահ Հասան Ռոհանիի հետ:

Իրանի նախագահը մտահոգությիւն է յայտնել իր հարեւան երկու պետութիւնների միջեւ առկայ լարւածութեամբ եւ շարունակւող ռազմական գործողութիւններով:

Վարչապետն անդրադարձել է տարածաշրջանում տիրող իրավիճակին եւ զրուցակցի ուշադրութիւնը հրաւիրել ռազմական գործողութիւններում Թուրքիայի անմիջական ներգրաււածութեան փաստի վրայ: Վարչապետ Փաշինեանն այդ մասին նաեւ որոշ մանրամասներ է ներկայացրել:

 

 

 

 

 

Սիրելի´ հայրենակիցներ,

Ի սրտէ շնորհաւորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 29-րդ տարեդարձի կապակցութեամբ, մաղթում բոլորիդ առողջութիւն եւ երջանկութիւն:

Ներկայ բարդ պայմաններում Հայաստանը կարողացել է ապահովել իր անվտանգութիւնն ու սոցիալ-տնտեսական կայունութիւնը, միւս կողմից՝ հանդէս գալ տարածաշրջանում եւ աշխարհում որպէս խաղաղութեան ու երկրների միջեւ փոխշահաւէտ համագործակցութեան ջատագով:

Հայաստանի եւ Իրանի յարաբերութիւնները եղել եւ մնում են բարեկամական եւ գործընկերային: Մեր երկրները կորոնավիրուսային համավարակով պայմանաւորւած աննախադէպ դժւարութիւնների պայմաններում կարողացան պահպանել համագործակցութեան բաւականաչափ բարձր մակարդակ, եւ կասկած չկայ, որ առաջիկայում յաջողութեամբ կեանքի են կոչւելու բազմաթիւ համատեղ նախագծեր եւ ծրագրեր:

Այս տօնական օրը չափազանց կարեւոր է իւրաքանչիւրիս համոզւած գիտակցումը, որ մեր ազգային իղձերի եւ երազանքների իրականացման լաւագոյն երաշխիքը Հայաստանի, Արցախի եւ ողջ սփիւռքի միասնականութիւնն է:

Սիրելի´ հայրենակիցներ, մաղթում եմ բոլորիդ խաղաղութիւն եւ բարեկեցութիւն, մեր պետութեանը՝ զարգացում եւ բարգավաճում:

Բարին ընդ ձեզ:

ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեան