ՀՀ դեսպան Արտաշէս Թումանեանն այցելեց Արցախեան պատերազմի ժամանակ նահատակւած Արթուր Սուքիասեանի ընտանիքին եւ Արթուրի ծնողներին յանձնեց իրանցի մարզիկ Ահմադ Բաղերիփուրի կողմից որպէս յարգանքի տուրք նւիրաբերւած ոսկէ մեդալը: Այս մասին գրւած է Իրանում ՀՀ դեսպանութեան ֆէյսբուքեան էջում:

 

Տարածաշրջանային այցի շրջանակում՝ Երեւանում գտնւող ԱԳ Նախարար  Մոհամմադ Ջաւադ Զարիֆը հանդիպել է ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինեանի հետ. ըստ alikonline.ir-ի՝ հաղորդում է ՒՍՆԱ-ն:

Հանդիպման ընթացքում մեր երկրի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը շնորհակակութիւն է յայտնել ընդունելութեան համար՝ ՀՀ վարչապետին փոխանցելով, Նախագահ Ռոհանիի ջերմ ողջոյնները:

Յստակեցնելով, որ Հայաստանը Իրանի լաւ հարեւանն է, Նախարար Զարիքը՝ նշել է, որ Իրանը Հայաստանի հետ ունի շատ ջերմ յարաբերութիւններ: 

«Մենք ձեզ հետ ունենք ընդհանուր տարածաշրջանային մտահոգութիւններ», նշել է Զարիֆը՝ աւելացնելով, որ վերջին պատերազմի առաջին իսկ օրերից եւ՛ Հայաստանի հետ, եւ՛ տարածաշրջանի այլ երկրների հետ կապի մէջ ենք եղել եւ ցանկանում ենք այդ կապը պահպանել՝ ունենալով համագործակցութեան հեռանկարներ: 

Նախարար Զարիֆը նաեւ նկատել է, որ ե՛ւ երկկողմ, ե՛ւ բազմակողմ ձեւաչափով համագործակցութեան հնարաւորութիւններ կան:

Զարիֆը նաեւ ընդգծել է մեր երկրի, դիրքորոշումը Արցախեան ճգնաժամի վերաբերեալ. «Դա միջազգային իրաւունքի պահպանումն է, ժողովուրդների պահպանումը, փոքրամասնութիւնների պահպանումը, ինչպէս նաեւ տարածքային ամբողջականութեան պահպանումը եւ ագրեսիայի բացառումը»:

Պատերազմի հետեւանքով ստեղծւած հումանիտար խնդիրներին անդրադառնալով դոկտ. Զարիֆը նշել է, որ մեր երկիրը պատրաստ է օժանդակել մարդասիրական ջանքերին:

Հանդիպման ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանն էլ իր հերթին ողջունել է Նախարար Զարիֆի այցը՝ Երեւան շեշտելով, որ տարածաշրջանի կայունութիւնը, խաղաղութիւնը եւ կայուն զարգացումը, մեր ընդհանուր հետաքրքրութիւնների տիրոյթում է:

Փաշինեանը՝ ընդգծել է, որ մեր երկրների յարաբերութիւնները հիմնւած են աւանդական բարեկամութեան վրայ, եւ միշտ ուրախ են Իրանի ներկայացուցիչներին ընդունել:

Հանդիպման ընթացքում ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը մտքեր են փոխանակել արցախեան պատերազմից յետոյ տարածաշրջանում ստեղծւած իրավիճակի եւ զարգացումների շուրջ: Երկուստեք կարեւորւել է տարածաշրջանային կայունութեան ապահովման եւ այդ ուղղութեամբ կառուցողական փոխգործակցութիւնը: 

Կողմերը անդրադարձել են նաեւ երկկողմ յարաբերութիւնների օրակարգին եւ տնտեսական փոխգործակցութեան զարգացման հեռանկարներին՝ կարեւորելով, տնտեսական յարաբերութիւնների ներուժի իրացմանը միտւած քայլերը:

ՀՀ տարածքային ամբողջականութեան պահպանումը Իրանի կարմիր գծերից է: Այս մասին յունւարի 27-ին յայտարարել է ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆն իր գործընկերոջ, ՀՀ ԱԳ նախարար Արա Այւազեանի հետ հանդիպման ընթացքում. տեղեկացնում է alikonline.ir-ը՝ համաձայն ԻՍՆԱ-ի հաղորդման:

Արա Այւազեանի հետ հանդիպման ընթացքում ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆն անդրադարձել է երկու երկրների միջեւ հաստատւած բարիդրացիական յարաբերութիւններին, հայ-իրանական համատեղ պատմական անցեալին՝ նշելով, որ Հայաստանը համարւում է Իրանի կարեւոր հարեւանը:

Երկկողմ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-իրանական յարաբերութիւնների զարգացմանը միտւած քայլերը, երկուստեք հետաքրքրութիւն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, ինչպէս նաեւ՝ տարածաշրջանայինի վերջին զարգացումները.

Ընդգծելով, որ  Իրանը կարեւորում է տարածաշրջանի երկրների, այդ թւում՝ Հայաստանի Հանրապետութեան տարածքային ամբողջականութեան, անվտանգութեան, անկախութեան եւ ազգային ինքնիշխանութեան պահպանման անհրաժեշտութիւնը՝ նախարար Զարիֆը կոչ է արել պահպանել տարածաշրջանի բոլոր էթնիկ խմբերի իրաւունքները:

Իրանի համար կարմիր գիծ համարելով, Հայաստանի Հանրապետութեան տարածքային ամբողջականութեան պահպանումը, նախարար Զարիֆը նշել է, որ Իրանը խուսափում է տարածաշրջանային հակամարտութիւններից:

Պատերազմի հետեւանքով հումանիտար խնդիրների շուտափոյթ լուծման յոյսով, նախարար Զարիֆը ափսոսանք է յայտնել տարածաշրջանային վերջին հակամարտութեան հետեւանքների, պատերազմի բռնկման, եւ մարդկային կորուստների կապակցութեամբ՝ նշելով, որ մեր երկիրը պատրաստ է այդ հետեւանքների մեղմման ուղղութեամբ իր ջանքերը գործադրել:

Մեր երկրի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը վճռականօրէն մերժելով տարածաշրջանում ահամբեկիչների եւ օտարերկրեայ վարձկանների ակտիւութեան ցանկացած դրսեւորում նշել է, որ այդ հարցը ե՛ւ Հայաստանին, ե՛ւ Իրանին, ինչպէս նաեւ հարեւան երկրներին անհանգստացնող հարց է, որի լուծման համար, ինչպէս նաեւ տարածաշրջանային տնտեսական զարգացման պլաններով Իրանը պատրաստ է համագործակցել բոլորի հետ:

 

Տարածաշրջանային այցի շրջանակում երէկ երեկոյեան Հայաստան է ժամանել ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:

«Զւարթնոց» օդանաւակայանում մեր երկրի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարին դիմաւորել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գագիկ Ղալաչեանը։

Յիշեցնենք, որ տարածաշրջանային այցի շրջանակում Զարիֆը եղել է Բաքւում եւ Մոսկւայում: Երեւանից յետոյ նա կայցելի Թբիլիսի եւ Անկարա:

Այս մասին ըստ alikonline.ir-ի՝ տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Յունւարի 23-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբեանի գլխաւորած պատւիրակութիւնը հանդիպումներ ունեցաւ ԻԻՀ արդիւնաբերութեան, հանքերի եւ առեւտրի նախարար Ալիռեզա Ռազմհոսէյնիի եւ ԻԻՀ Կենտրոնական բանկի նախագահ Աբդոլնասեր Հեմմաթիի հետ:

ՀՀ էկոնոմիկայի եւ ԻԻՀ արդիւնաբերութեան, հանքերի եւ առեւտրի նախարարների միջեւ հանդիպման արդիւնքում ստորագրւեց յուշագիր: 

Հանդիպումներին իրանական կողմից մասնակցեցին պետական մարմինների եւ տնտեսութեան ոլորտի լայն շրջանակի ներկայացուցիչներ:

Քննարկումների ընթացքում անդրադարձ եղաւ երկկողմ տնտեսական յարաբերութիւններին վերաբերող բազմաթիւ խնդիրների, ինչպէս նաեւ առանձին ծրագրային առաջարկութիւնների:

Հայկական պատւիրակութիւնը նաեւ այցելեց «Mammut» արդիւնաբերական համալիր եւ «Cinnagen» դեղագործական ձեռնարկութիւն:

 

Յունւարի 22-ին` Իրանում գտնւող ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբեանի գլխաւորած պատւիրակութեան պաշտօնական այցի առաջին օրը, նախարարը մասնակցեց ՀՀ դեսպանութեան եւ Իրան-Հայաստան առեւտրի պալատի կողմից կազմակերպւած գործարար համաժողովին: Գրւած է Իրանում ՀՀ դեսպանութեան ֆէյսբուքեան էջում:

Նախարար Քերոբեանը համաժողովի մասնակիցներին ներկայացրեց ՀՀ տնտեսութեան զարգացման ընթացիկ եւ հեռանկարային ծրագրերը: Մտքերի փոխանակման եւ քննարկումների ընթացքում արծարծւեցին հայ եւ իրանցի գործարարների միջեւ առեւտրային կապերի ամրապնդմանը, նրանց կողմից ներդրումային ծրագրերի իրականացմանն առնչւող բազմաթիւ հարցեր:

Յունւարի 23-ից մեկնարկեց նախարար Քերոբեանի հանդիպումների շարքն ԻԻՀ պետական բարձրաստիճան պաշտօնեաների, ինչպէս նաեւ գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբեանի գլխաւորած պատւիրակութիւնը յունւարի 22-ին մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետութիւն երկկողմ առեւտրատնտեսական համագործակցութեան զարգացման հեռանկարները քննարկելու նպատակով: Այս մասին ըստ Yerkir.am-ի՝ յայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարութիւնը:

Այցի շրջանակում նախատեսւում են հանդիպումներ Իրանի բարձրաստիճան պաշտօնեաների, հայ համայնքի ներկայացուցիչների, հայ գործարարների եւ արտահանողների հետ, ինչպէս նաեւ այցելութիւններ մի շարք ձեռնարկութիւններ, ընկերութիւններ եւ կազմակերպութիւններ:

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնաւորապէս հանդիպումներ կունենայ ԻԻՀ Առեւտրի, արդիւնաբերութեան եւ հանքերի նախարարի, ԻԻՀ էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարի, ԻԻՀ էներգետիկայի նախարարի, գիտատեխնոլոգիական հարցերով ԻԻՀ փոխնախագահի, ԻԻՀ Կենտրոնական բանկի նախագահի, Իրանի Առեւտրի, արդիւնաբերութեան, հանքերի եւ գիւղատնտեսութեան պալատի նախագահի, Սպահանի նահանգապետի հետ:

 

Յունւարի 19-ին ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը հանդիպեց ԻԻՀ ԱԳՆ տնտեսական դիւանագիտութեան հարցերով նախարարի տեղակալ Սէյեդ Ռասուլ Մոհաջերին: Այս մասին գրւած է Իրանում ՀՀ դեսպանութեան ֆէյսբուքեան էջում:

Հանդիպման ընթացքում ՀՀ դեսպանն իր զրուցակցին ներկայացրեց Հայաստան-Իրան տնտեսական յարաբերութիւնների ներկայ վիճակը: Մասնաւորապէս, անդրադարձ եղաւ ենթակառուցւածքային ծրագրերին, առեւտրին եւ ներդրումների ոլորտին առնչւող խնդիրներին:

Կողմերը քննարկեցին Արցախեան պատերազմից յետոյ ստեղծւած իրողութիւնների պայմաններում երկկողմ եւ բազմակողմ տնտեսական յարաբերութիւնների զարգացման նոր միտումները, մարտահրաւէրներն ու հնարաւորութիւնները:

Փոխնախարար Մոհաջերը յայտնեց ԻԻՀ ԱԳՆ եւ իր պատրաստակամութիւնն` աջակցելու Հայաստան-Իրան տնտեսական ծրագրերի եւ նախագծերի իրականացմանը:

 

ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանն ընդունեց կենցաղային սպասարկման ոլորտի սարքերի արտադրութեան մէջ մասնագիտացած «Radteb Naghsh-e Jahan» ընկերութեան տնօրէն Մեհդի Ղանադնիյային:  Այս մասին գրւած է Իրանում ՀՀ դեսպանութեան ֆէյսբուքի էջում:

Վերջինս ՀՀ դեսպանին տեղեկացրեց Հայաստանում տնտեսական գործունէութիւն սկսելու իր ծրագրերի մասին:

Դեսպան Թումանեանը ներկայացրեց Հայաստանի գործարար միջավայրի առանձնայատկութիւնները, ԵԱՏՄ երկրների հետ առեւտրային գործարքներ իրականացնելու հնարաւորութիւնները:

Ընկերութեան տնօրէն Ղանադնիյեան յայտնեց, որ փետրւար ամսին ձեռնարկութեան պատւիրակութիւնը կը մեկնի Հայաստան` տեղում ծանօթանալու տնտեսական գործունէութեան հնարաւորութիւններին:

ՀՀ դեսպանը պատրաստակամութիւն յայտնեց նախնական փուլում աջակցել անհրաժեշտ տեղեկատւութեան ապահովման հարցում:

2017 թւականի հոկտեմբեր ամսին Հայաստանում անցկացւած Կիոկուշին կարատէյի Հայաստանի 12-րդ բաց առաջնութեանը ոսկէ մեդալ նւաճած իրանցի մարզիկ Ահմադ Բաղերիփուրը որոշել է իր ոսկէ մեդալը, որպէս յարգանքի տուրք, նւիրել 2020 թւականի Արցախեան պատերազմի ժամանակ զոհւած հայազգի մարզիկ Արթուր Սուքիասեանի ընտանիքին: Այս մասին գրւած է Իրանում ՀՀ դեսպանութեան ֆէյսբուքի էջում:

Արթուր Սուքիասեանը եւ Ահմադ Բաղերիփուրը միասին հանդէս են եկել մի շարք առաջնութիւններում եւ ունեցել  բարեկամական յարաբերութիւններ:

Յունւարի 13-ին իրանցի մարզիկն ԻԻՀ-ում ՀՀ դեսպանութեան երրորդ քարտուղար Գոռ Շահւերդեանին է յանձնել իր ոսկէ մեդալը` Արթուր Սուքիասեանի ընտանիքին փոխանցելու նպատակով:

 

Դեկտեմբերի 27-ին տեղի ունեցաւ ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանի հանդիպումն ԻԻՀ ազգային անվտանգութեան գերագոյն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ: Գրւած է դեսպանութեան ֆէյսբուքեան էջում:

ՀՀ դեսպանը տեղեկութիւններ ներկայացրեց իր զրուցակցին Հայաստանում եւ Արցախում ստեղծւած վիճակի, ինչպէս նաեւ տարածաշրջանային զարգացումների մասին:

Շամխանին յայտնեց ԻԻՀ իշխանութիւնների պատրաստակամութիւնը Հայաստանի համար ներկայ դժւարին պայմաններում երկու երկրների համագործակցութեան խորացման վերաբերեալ եւ վերահաստատեց Իրանի դիրքորոշումը կայուն եւ տեւական խաղաղութեան հաստատման ուղղութեամբ:

 

Դեկտեմբերի 21-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Ա․ Թումանեանը հանդիպում ունեցաւ ԻԻՀ Կարմիր Մահիկի նախագահ Քարիմ Հեմմաթիի հետ: Տեղեկանում ենք Իրանում ՀՀ դեսպանութեան ֆէյսբուքեան էջից:

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղաւ կորոնավիրուսային համավարակի պայմաններում Հայաստանում եւ Իրանում ստեղծւած վիճակին, կատարւած աշխատանքներին, ինչպէս նաեւ այդ ոլորտում իրականացւած համագործակցութեանը:

Դեսպան Թումանեանը ներկայացրեց սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծւած պատերազմի հետեւանքով ստեղծւած ծանր վիճակը եւ դրա յաղթահարման ուղղութեամբ անհրաժեշտ աշխատանքների մեծ ծաւալները:

Զրուցակիցները քննարկեցին Հայաստանին եւ Արցախին ԻԻՀ-ի կողմից մարդասիրական օգնութեան հնարաւորութիւնները եւ երկուստեք համաձայնեցին, որ դա իրապէս կը ծառայի կարիքի մէջ յայտնւած մարդկանց, միւս կողմից այն համահունչ կը լինի երկու ժողովուրդների դարաւոր բարեկամական յարաբերութիւններին:

 

Իսլ. Խորհրդարանում իրանահայութեան զոյգ պատգամաւորներ Ռոբերտ Բեգլարեանը եւ Արա Շահվերդեանը դեկտեմբերի 20-ին, հանդիպել են Իսլ. խորհրդարանի Նախագահի միջազգային հարցերով խորհրդական Հոսէյն Ամիրաբդոլահիանի հետ:
Հանդիպման ընթացքում պատգամաուրները շնորհաւորելով Եալդայի տօնի առիթով անդրադարձել հարաւային կովկասում տեղի ունեցած վերջին զարգացումներին:

Իրանահայութեան պատգամաւորները, մասնաւորապէս՝ անդրադարձել են գեներալ Սոլէյմանիի գործունէութեանը եւ ահաբեկչութեան դէմ պայքարում նրա աւանդին, ինչպէս նաեւ Հայաստանի Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատւած դեկտեմբերի 9-ի համաձայնագրին:

Անդրադառնալով, տարածաշրջանային վերջին զարգացումներին՝ զրուցակիցները ընդգծել են Իրանի եւ Հայաստանի միջեւ բարիդրացիական եւ հարեւանական յարաբերութիւնների հաստատման կարեւորութիւնը:
Միաժամանակ, շեշտելով՝ երկու երկրների միջեւ յարաբերութիւնների խորացման, տարածաշրջանում Իրանի դրական ազդեցութեան աւելացման, եւ Հայաստանի հետ տնտեսական յարաբերութիւնների ընդլայնման անհրաժեշտութիւնը:

 

Աղբիւր՝ www.alikonline.ir

 

«alikonline.ir» - Իսլ. խորհրդարանում իրանահայութեան զոյգ պատգամաւորները իրենց զօրակցութիւնն են յայտնում Արցախեան 44-օրեայ պատերազմի զոհերի եւ անյայտ կորածների ընտանիքներին եւ տեղեկացնում են, որ հետամուտ են եղել պատերազմի օրերին Իրանի Իսլամական Հանրապետութեան տարածք մի շարք հայ զինւորների մուտք գործելու մասին տարածւած լուրերի իսկութիւնը ճշտելու հանգամանքով: Այս մասին Alikonline-ի հետ զրոյցում յայտնեց Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը:

Հերքելով այդ մասին շրջանառւող լուրերը նա նշեց, որ անձամբ ինքը եւ Իսլ. խորհրդարանում հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը իրականութիւնը պարզելու նպատակով հետեւել են այդ հարցին:

Նրանք մասնաւորապէս կապւել են մի քանի պետական պաշտօնեաների հետ, այդ թւում՝ ՀՀ-ում Իրանի դեսպանի, Արեւելեան եւ Արեւմտեան Ատրպատականի նահանգապետերի հետ:

«Երկու նահանգապետերը, ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, եւ մի քանի այլ պետական պաշտօնեաներ մեր հետ ունեցած զրոյցի ընթացքում հերքել են հայ զինւորների Իրանի տարածք մուտք գործելու մասին լրատւամիջոցներում շրջանառւող լուրերը»,- յստակեցրեց Շահվերդեանը՝ նշելով, որ իր եւ Բեգլարեանի ուսումնասիրութիւնների արդիւնքներով կարելի է արձանագրել, որ այս պահի դրութեամբ, առհասարակ, չկան նման լուրերը հաստատման հիմքեր:

Պատգամաւորները նաեւ իրենց կարեկցանքը յայտնցին անհետ կորած եւ զոհւած զինծառայողների ընտանիքներին՝ նշելով, որ պատրաստ են շարունակել աջակցել նրանց:

 

 

 

2020 թւականի սեպտեմբերի 27-ից մինչեւ նոյեմբերի 9-ը տեւած Արցախեան պատերազմի ընթացքում Հայրենիքի պաշտպանութեան համար զոհւած նահատակների յիշատակը ոգեկոչելու նպատակով 2020 թւականի դեկտեմբերի 19-ից 21-ը Հայաստանի Հանրապետութիւնում յայտարարւում է սուգ: Տեղեկացնում է Իրանում Հանրապետութեան դեսպանութիւնը:

Այս կապակցութեամբ Իրանի Իսլամական Հանրապետութիւնում Հայաստանի Հանրապետութեան դեսպանութիւնում բացւելու է սգոյ մատեան:

Կորոնավիրուսային համավարակով պայմանաւորւած իրավիճակից ելնելով` ՀՀ դեսպանութիւնը նպատակայարմար է գտնում ցաւակցական ուղերձներ ընդունել դեսանութեան էլեկտրոնային փոստի հասցէին (Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։):

Դեկտեմբերի 16-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշէս Թումանեանը հանդիպում ունեցաւ ԻԻՀ մաքսային ծառայութեան ղեկավար Մեհդի Միրաշրաֆիի հետ: Գրում է Իրանում ՀՀ դեսպանութիւնը:

Հանդիպման ընթացքում քննարկւեցին Հայաստանի եւ Իրանի մաքսային ծառայութիւնների համագործակցութեան խնդիրները:

Անդրադարձ եղաւ կորոնավիրուսային համավարակի եւ Ղարաբաղեան պատերազմի շրջանում մաքսային մարմինների կատարած աշխատանքներին:

Ա. Թումանեանը ներկայացրեց Մեղրիի մաքսակէտի վերակառուցման եւ արդիականացման ծրագրի ուղղութեամբ նախապատրաստական աշխատանքները, որից յետոյ քննարկւեցին այդ ուղղութեամբ անհրաժեշտ համաձայնեցումների հարցերը:

 

Սպահանի հայոց թեմի առաջնորդ Սիփան Եպս. Քէչէճեանը 7 դեկտեմբերի 2020 թւակիր նամակով դիմել է Իրանի արտաքին գործերի նախարարութեանը եւ Իրանում Ռուսաստանի ու Ֆրանսիայի դեսպանատներին, որտեղ անդրադառնալով Արցախում տեղի ունեցած վերջին ամիսների իրադարձութիւններին եւ այդ իրադարձութիւնների հետեւանքով հայ ժողովրդին հասցւած մարդկային ու տարածքային կորուստներին, յատկապէս ընդգծելով հայկական կողմի անյայտ կորածների ու ռազմագերիների հարցը եւ Ադրբեջանի ցուցաբերած անմարդկային վերաբերմունքը դիակների եւ գերիների նկատմամբ, վերոնշեալ կառոյցներից պահանջել է, որպէսզի համապատասխան քայլեր ձեռնարկելով օր առաջ կարգաւորել անհետ կորածներին գտնելու, զոհւածների աճիւնները եւ գերիներին վերադարձնելու անյետաձգելի գործը:

Տեղեկացնենք, որ գրութեանը ներփակ փոխանցւել է Հայաստանի Մարդու Իրաւունքների հրապարակած պաշտօնական նամակը, ուր հաւաստի աղբիւրների հիմամբ եւ ականատեսների վկայութեամբ ներկայացւած է ոչ միայն մերօրեայ իրավիճակը, այլեւ բուն նպատակն ու պահանջը՝ թէ ինչ է մեր ազգի սպասումը մեծ պետութիւններից, եւ ի մասնաւորի ԵԱՀԿ Մինսկին համանախագահող երկրների ղեկավարներից ու նրանց ներկայացուցիչներից:

 

ՀՀ-ն դատապարտում է ահաբեկչութիւնները. ԱԳՆ արձագանքը իրանցի ֆիզիկոս Ֆախրիզադէի սպանութեանը: Այս մասին տեղեկանում ենք Իրանում ՀՀ դեսպանութեան ֆէյսբուքեան էջից:

ԵՐԵՒԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԷՆՊՐԵՍ: Հայաստանը դատապարտում է բոլոր տեսակի ահաբեկչական գործողութիւնները տարածաշրջանում եւ ողջ աշխարհում, նշել է ՀՀ ԱԳՆ մամուլի խօսնակ Աննա Նաղդալեանն` ի պատասխան «Արմէնպրես» լրատւական գործակալութեան` իրանցի միջուկային ֆիզիկայի մասնագէտ Մոհսէն Ֆախրիզադէի սպանութեանը Հայաստանի արձագանքի վերաբերեալ հարցի:

«Նոյեմբերի 27-ին Իրանում սպանւել է միջուկային ֆիզիկայի մասնագէտ Մոհսէն Ֆախրիզադէն: Սպանութեանը հետեւել են արձագանքներ Իրանից եւ մի շարք այլ պետութիւններից: Հայաստանը, որպէս Իրանի սահմանակից եւ բարեկամ երկիր, ինչպէ՞ս է արձագանքում իրանցի բարձրաստիճան պաշտօնեայի սպանութեանը» հարցին Աննա Նաղդալեանը պատասխանել է. «Մեր խորին ցաւակցութիւնն ենք յայտնում յայտնի իրանցի գիտնական, ԻԻՀ պաշտպանութեան նախարարութեան պաշտպանական նորարարութիւնների եւ հետազօտութիւնների կազմակերպութեան ղեկավար Մոհսէն Ֆախրիզադէի սպանութեան կապակցութեամբ:

Հայաստանը դատապարտում է բոլոր տեսակի ահաբեկչական գործողութիւնները տարածաշրջանում եւ ողջ աշխարհում»:

 

 

Նոյեմբերի 22-ին ՀՀ դեսպան Արտաշէս Թումանեանը հանդիպեց ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Սէյեդ Աբաս Արաղչիին: Այս մասին տեղեկանում ենք Իրանում ՀՀ դեսպանութեան ֆէյսբուքեան էջից:

Հանդիպման ընթացքում դեսպան Թումանեանն իր զրուցակցին տեղեկութիւններ հաղորդեց Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարութեան` եռակողմ յայտարարութեան ընդունումից յետոյ Հայաստանում եւ Արցախում ստեղծւած վիճակի ու ընթացիկ զարգացումների մասին:

Կողմերը մտքեր փոխանակեցին Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման ու յետպատերազմեան գործընթացների, տարածաշրջանային եւ արտատարածաշրջանային ուժերի մասնակցութեան եւ յետագայ հնարաւոր դերակատարութեան մասին:

Քննարկւեցին ստեղծւած բարդագոյն պայմաններում Հայաստան-Իրան փոխշահաւէտ եւ փոխհամաձայնեցւած համագործակցութեան ուղղութիւններն ու հնարաւորութիւնները: Երկուստեք վստահութիւն յայտնւեց, որ անհրաժեշտութիւն կայ պետական մարմինների եւ հասարակական շրջանակների միջեւ մշտական կապերի պահպանման ու ամրապնդման, խորհրդատուութիւնների անցկացման, ինչպէս նաեւ ընթացիկ համագործակցութեան ոլորտներում համատեղ աշխատանքների ակտիւացման ուղղութեամբ:

 

Նոյեմբերի 21-ին տեղի ունեցաւ հանդիպում ԻԻհ-ում ՀՀ դեսպան Արտաշէս Թումանեանի եւ ԻԻՀ նաւթի նախարարի տեղակալ Ամիր Հոսէյն Զամանինիայի միջեւ: Այս մասին տեղեկանում ենք Իրանում ՀՀ դեսպանութեան ֆէյսբուքեան էջից:

Հանդիպման ընթացքում քննարկւեցին Հայաստանի եւ Իրանի միջեւ գազի եւ էներգետիկայի ոլորտում ծրագրերի կատարման ընթացքը եւ առաջիկայ անելիքները:

Պայմանաւորւածութիւններ ձեռք բերւեցին գազ-էլեկտրաէներգիայ փոխանակման ծրագրի փոփոխութիւնների համաձայնեցման աշխատանքների հրատապ կազմակերպման շուրջ: