Իրանական «Parstoday.com» կայքը տարածել է Երեւանում Իրանի դեսպանութեան յայտարարութիւնը հայկական ԶԼՄ-ներում շրջանառւող կեղծ լուրերի մասին` կապւած 160 հայ զինծառայողների` Իրանի տարածքում գտնւելու հետ: Գրւած է դեսպանութեան ֆէյսբուքեան էջում:

Մէջբերւած յայտարարութեան մէջ նշւում է հետեւեալը. «Հայաստանի Հանրապետութիւնում Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպանութիւնը հերքում եւ կեղծ ու անհիմն է համարում որոշ հայկական լրատւամիջոցներում շրջանառւող լուրերը, թէ Իրանում է գտնւում 160 հայ զինւոր, եւ իրանական կողմը նրանց վերադարձնելու համար նախապայմաններ է ներկայացրել»:

 

Մայիսի 19-ին կայացաւ Արմաւիրի քաղաքապետ Դաւիթ Խուդաթեանի եւ Քերմանի քաղաքապետ Մեհրան Ալամզադէի տեսակապը, որին մասնակցեց նաեւ ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը: Այս մասին տեղեկանում ենք դեսպանութեան ֆէյսբուքեան էջից:

Ստորագրւեց Արմաւիրը եւ Քերմանը «քոյր քաղաքներ» ճանաչելու վերաբերեալ փոխըմբռնման յուշագիր, որը պարունակում է սպորտի, մշակոյթի, զբօսաշրջութեան, նորարարութեան եւ այլ ոլորտներում համագործակցութեանն առնչւող կէտեր:

Պայմանաւորւածութիւններ ձեռքբերւեցին փոխադարձ այցերի եւ առաջնահերթ երկկողմ ծրագրերի իրականացման շուրջ:

 

Մայիսի 16-ին ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը հանդիպեց ԻԻՀ ճանապարհների եւ քաղաքաշինութեան նախարար Մոհամմադ Էսլամիին: Գրւած է դեսպանութեան ֆէյսբուքեան էջում:

Դեսպան Թումանեանը տեղեկութիւններ փոխանցեց ադրբեջանական զինուժի կողմից ՀՀ տարածք ներխուժման հետեւանքով ստեղծւած վիճակի մասին` նշելով, որ Հայաստանն ակնկալում է բարեկամ Իրանի աջակցութիւնը վերջ դնելու ՀՀ տարածքային ամբողջականութեանը եւ տարածաշրջանի ապակայունացմանն ուղղւած Ադրբեջանի սադրիչ գործողութիւններին:

Վերահաստատելով երկրների տարածքային ամբողջականութեան եւ սահմանների անխախտելիութեան սկզբունքի պահպանման անհրաժեշտութիւնը` կողմերը քննարկեցին «Պարսից ծոց-սեւ ծով միջազգային տրանսպորտային եւ տարանցիկ միջանցքի» ծրագրի իրականացմանն ուղղւած աշխատանքները:

Նախարար Էսլամին յայտնեց ԻԻՀ ղեկավարութեան պատրաստակամութիւնը վերը նշւած կարեւորագոյն տրանսպորտային միջանցքի գործարկման հարցում, որն ըստ նախարարի, միտւած է ոչ միայն տնտեսական զարգացմանը, այլեւ տարածաշրջանային անվտանգութեան ապահովմանը:

Դեսպան Թումանեանն ընդգծեց հիւսիս-հարաւ տրանսպորտային առանցքի ամրապնդման անհրաժեշտութիւնը` նշելով, որ դա բխում է ծրագրում ներգրաււած բոլոր երկրների շահերից եւ տարածաշրջանի ապակայունացմանն ուղղւած նկրտումները սանձող լաւագոյն հակազդեցութեան միջոց է:

 

Իրանն ուշադիր հետեւում է վերջին օրերին Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին ստեղծւած իրավիճակին, յայտարարել է Իրանի արտգործնախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադէն: Տեղեկացնում է yerkirmedia.am-ը:

Թեհրանը յոյս ունի, որ Երեւանն ու Բաքուն կը կարողանան խաղաղ ճանապարհով եւ խոհեմութեամբ կարգաւորել հայ-ադրբեջանական սահմանին առաջացած լարւածութիւնը:

«Իրանի Իսլամական Հանրապետութիւնը, շեշտելով տարածաշրջանում կայունութիւն եւ անդորրը պահպանելու անհրաժեշտութիւնը, երկու կողմերին կոչ է անում զսպւածութիւն ցուցաբերել եւ յարգել երկու երկրների սահմանները: Մեր երկիրը պատրաստ է միջոցներ ձեռնարկել` օգնելու երկու երկրների միջեւ այդ թւում սահմանային վէճը խաղաղ ճանապարհով լուծելու հարցում»,- յայտարարել է Խաթիբզադէն:

Մայիսի 13-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշէս Թումանեանը հանդիպում ունեցաւ ԻԻՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մոհսէն Բահարւանդի հետ: Այս մասին գրւած է դեսպանութեան ֆէյսբուքեան էջում:

ՀՀ դեսպանը հանգամանալից ներկայացրեց մայիսի 12-ից Ադրբեջանի զինւած ուժերի գործողութիւնների հետեւանքով Հայաստանի Սիւնիքի մարզում ստեղծւած իրադրութիւնը` անթոյլատրելի համարելով Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգութեան փորձերը:

ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալի խնդրանքով դեսպան Թումանեանը ներկայացրեց լարւածութեան թուլացման ուղղութեամբ ձեռնարկւող քայլերը:

Զրուցակիցներն ընդգծեցին տարածաշրջանային անվտանգութեան ու կայունութեան սպառնալիքների չէզոքացման հրամայականը, այդ թւում` երկու երկրների համագործակցութեան միջոցով:

 

Մայիսի 10-ին ԻԻՀ Մշակութային ժառանգութեան, զբօսաշրջութեան եւ ձեռարւեստի նախարարութիւնում տեղի ունեցաւ ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշէս Թումանեանի հանդիպումը նախարար Ալի Ասղար Մունեսանի հետ: Այս մասին գրւած է ՀՀ դեսպանութեան ֆէյսբուքեան էջում:

ՀՀ դեսպանը շնորհակալութիւն յայտնեց նախարար Ալի Ասղար Մունեսանին Իրանում հայկական մշակութային ժառանգութեան պահպանութեան ուղղութեամբ իրականացւող մեծ աշխատանքի համար: Նա նշեց, որ ԻԻՀ իշխանութիւնների նմանօրինակ գործունէութիւնը եւ հոգատար վերաբերմունքը տարբեր կրօնական եւ մշակութային արժէքների եւ ժառանգութեան նկատմամբ չափազանց այժմէական է եւ կարող էր ուսանելի ուղերձ լինել տարածաշրջանի որոշ երկրների համար:

Նախարար Մունեսանը հանգամանալից կերպով ներկայացրեց մշակութային ժառանգութեան պահպանութեան ոլորտում ԻԻՀ կողմից կատարւած մեծածաւալ աշխատանքը, ինչպէս նաեւ առաջիկայ ծրագրերը, այդ թւում` ԻՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նիւթական մշակութային ժառանգութեան պաշտպանութեան մասին» կոնւենցիայի շրջանակներում:

Զրուցակիցներն անդրադարձան հայկական եկեղեցիների եւ յուշարձանների պահպանութեան ուղղութեամբ իրականացւող աշխատանքներին, խօսւեց Երեւանում Կապոյտ մզկիթի վերանորոգման աշխատանքների ընթացքի մասին:

Քննարկւեց նաեւ զբօսաշրջութեան ոլորտում համատեղ  աշխատանքների ակտիւացման հարցը:

 

Մայիսի  2-ին ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը հանդիպեց ԻԻՀ պաշտպանութեան նախարար Ամիր Հաթամիին: Գրւած է դեսպանութեան ֆէյսբուքեան էջում:

ՀՀ դեսպանը շնորհակալութիւն յայտնեց նախարար Հաթամիին Արցախեան երկրորդ լայնամաս շտաբ պատերազմի ընթացքում եւ դրան յաջորդած ժամանակաշրջանում Հայաստան-Իրան սահմանի անձեռնմխելիութեան եւ Հայաստանի տարածքային ամբողջականութեան ապահովման հարցում Իրանի կողմից իրականացւած վճռական քայլերի համար:

Զրուցակիցները քննարկեցին պաշտպանութեան ոլորտում երկկողմ համագործակցութեան արդի խնդիրները, ինչպէս նաեւ տարածաշրջանային անվտանգութեան ապահովմանն առնչւող մի շարք հարցեր:

Հանդիպմանը մասնակցեց նաեւ ԻԻՀ-ում ՀՀ ռազմական կցորդ, գնդապետ Արթուր Ազնաւուրեանը:

Իրանի Եազդ պատմական քաղաքը եւ Հայաստանի մշակութային եւ պատմական մայրաքաղաք ու երկրորդ մեծ քաղաք Գիւմրին քոյր քաղաքներ են յայտարարւել: Այս մասին գրում է ParsToday-ը:

Եազդի եւ Գիւմրիի երկու քաղաքների միջեւ քոյրացման փաստաթղթի ստորագրման արարողութիւնը կայացել է  վեբինարի տեսքով եւ յուշագրերը փոխանակւել են էլեկտրոնային եղանակով:

Տեսակոնֆերանսին, բացի Եազդի եւ Գիւմրիի քաղաքապետերից, մասնակցում էին երկու երկրների դեսպանութիւնների պատասխանատուները:

Երկու քաղաքների փոխյարաբերութիւնները քննարկւել էին անցեալ տարի՝ ՀՀ դեսպանի Եազդ կատարած այցի ընթացքում:

Մայրաքաղաք Երեւանից յետոյ Գիւմրին Հայաստանի երկրորդ  բազմամարդ քաղաքն է եւ երկրի հիւսիս-արեւմուտքում գտնւող Շիրակի մարզի կենտրոնն է:

 

Մարտի 8-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշէս Թումանեանը հանդիպում ունեցաւ ԻԻՀ Իսլամական խորհրդի մեջլիսի Ազգային անվտանգութեան եւ արտաքին քաղաքականութեան յանձնաժողովի նախագահ Մոջթաբա Զոլնուրի հետ: Գրւած է Իրանում ՀՀ դեսպանութեան ֆէյսբուքեան էջում:

Հանդիպման ընթացքում Ա․ Թումանեանը հանգամանալից կերպով ներկայացրեց 2020թ․ Ղարաբաղեան պատերազմից յետոյ տարածաշրջանում ստեղծւած իրավիճակը եւ Հայաստանի առջեւ ծառացած մարտահրաւէրները:

Դեսպան Թումանեանն անդրադարձաւ տարածաշրջանային ներկայ իրողութիւնների պայմաններում Հայաստան-Իրան յարաբերութիւնների զարգացման միտումներին, փոխշահաւէտ համագործակցութեան ուղղութիւնների եւ ծրագրերի յստակեցման եւ դրանց ակտիւ կենսագործման անհրաժեշտութեանը:

Մ․ Զոլնուրը խօսեց 2020թ․ Ղարաբաղեան պատերազմի օրերին եւ յետպատերազմական շրջանում Իրանի որդեգրած դիրքորոշումների եւ ձեռնարկած քայլերի, ինչպէս նաեւ տարածաշրջանային իրավիճակի եւ հնարաւոր զարգացումների մասին:

Զրուցակիցները ընդգծեցին, որ Հայաստանի եւ Իրանի միջեւ կապերի յետագայ ամրապնդումը, համակողմանի եւ արդիւնաւէտ համագործակցութեան խորացումը բխում է ինչպէս երկու բարեկամ երկրների շահերից, այնպէս էլ տարածաշրջանային խաղաղութեան եւ կայունութեան հաստատման անհրաժեշտութիւնից:

 

Մարտի 6-ին ԱԳ նախարար Արա Այւազեանը հեռախօսազրոյց ունեցաւ Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆի հետ: Այս մասին գրւած է ՀՀ Արտաքին գործերի նախարարութեան պաշտօնական կայքում:

Արտգործնախարարները մտքեր փոխանակեցին երկկողմ օրակարգի հարցերի շուրջ: Գոհունակութիւն յայտնւեց դարաւոր բարեկամութեան վրայ խարսխւած յարաբերութիւնների զարգացման դինամիկայի առնչութեամբ եւ վերահաստատւեց փոխադարձ պատրաստակամութիւնը այն առաւել ամրապնդելու առնչութեամբ, այդ թւում` տարբեր մակարդակներում քաղաքական երկխօսութեան ակտիւացման միջոցով:

Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին տարածաշրջանային անվտանգութեան եւ կայունութեան հարցերին: Երկուստեք կարեւորւեց համակարգւած փոխգործակցութեան դերը տարածաշրջանային նոր մարտահրաւէրների հասցէագրման գործում:

 

ՀՀ դեսպան Արտաշէս Թումանեանն այցելեց Արցախեան պատերազմի ժամանակ նահատակւած Արթուր Սուքիասեանի ընտանիքին եւ Արթուրի ծնողներին յանձնեց իրանցի մարզիկ Ահմադ Բաղերիփուրի կողմից որպէս յարգանքի տուրք նւիրաբերւած ոսկէ մեդալը: Այս մասին գրւած է Իրանում ՀՀ դեսպանութեան ֆէյսբուքեան էջում:

 

Տարածաշրջանային այցի շրջանակում՝ Երեւանում գտնւող ԱԳ Նախարար  Մոհամմադ Ջաւադ Զարիֆը հանդիպել է ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինեանի հետ. ըստ alikonline.ir-ի՝ հաղորդում է ՒՍՆԱ-ն:

Հանդիպման ընթացքում մեր երկրի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը շնորհակակութիւն է յայտնել ընդունելութեան համար՝ ՀՀ վարչապետին փոխանցելով, Նախագահ Ռոհանիի ջերմ ողջոյնները:

Յստակեցնելով, որ Հայաստանը Իրանի լաւ հարեւանն է, Նախարար Զարիքը՝ նշել է, որ Իրանը Հայաստանի հետ ունի շատ ջերմ յարաբերութիւններ: 

«Մենք ձեզ հետ ունենք ընդհանուր տարածաշրջանային մտահոգութիւններ», նշել է Զարիֆը՝ աւելացնելով, որ վերջին պատերազմի առաջին իսկ օրերից եւ՛ Հայաստանի հետ, եւ՛ տարածաշրջանի այլ երկրների հետ կապի մէջ ենք եղել եւ ցանկանում ենք այդ կապը պահպանել՝ ունենալով համագործակցութեան հեռանկարներ: 

Նախարար Զարիֆը նաեւ նկատել է, որ ե՛ւ երկկողմ, ե՛ւ բազմակողմ ձեւաչափով համագործակցութեան հնարաւորութիւններ կան:

Զարիֆը նաեւ ընդգծել է մեր երկրի, դիրքորոշումը Արցախեան ճգնաժամի վերաբերեալ. «Դա միջազգային իրաւունքի պահպանումն է, ժողովուրդների պահպանումը, փոքրամասնութիւնների պահպանումը, ինչպէս նաեւ տարածքային ամբողջականութեան պահպանումը եւ ագրեսիայի բացառումը»:

Պատերազմի հետեւանքով ստեղծւած հումանիտար խնդիրներին անդրադառնալով դոկտ. Զարիֆը նշել է, որ մեր երկիրը պատրաստ է օժանդակել մարդասիրական ջանքերին:

Հանդիպման ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանն էլ իր հերթին ողջունել է Նախարար Զարիֆի այցը՝ Երեւան շեշտելով, որ տարածաշրջանի կայունութիւնը, խաղաղութիւնը եւ կայուն զարգացումը, մեր ընդհանուր հետաքրքրութիւնների տիրոյթում է:

Փաշինեանը՝ ընդգծել է, որ մեր երկրների յարաբերութիւնները հիմնւած են աւանդական բարեկամութեան վրայ, եւ միշտ ուրախ են Իրանի ներկայացուցիչներին ընդունել:

Հանդիպման ընթացքում ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը մտքեր են փոխանակել արցախեան պատերազմից յետոյ տարածաշրջանում ստեղծւած իրավիճակի եւ զարգացումների շուրջ: Երկուստեք կարեւորւել է տարածաշրջանային կայունութեան ապահովման եւ այդ ուղղութեամբ կառուցողական փոխգործակցութիւնը: 

Կողմերը անդրադարձել են նաեւ երկկողմ յարաբերութիւնների օրակարգին եւ տնտեսական փոխգործակցութեան զարգացման հեռանկարներին՝ կարեւորելով, տնտեսական յարաբերութիւնների ներուժի իրացմանը միտւած քայլերը:

ՀՀ տարածքային ամբողջականութեան պահպանումը Իրանի կարմիր գծերից է: Այս մասին յունւարի 27-ին յայտարարել է ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆն իր գործընկերոջ, ՀՀ ԱԳ նախարար Արա Այւազեանի հետ հանդիպման ընթացքում. տեղեկացնում է alikonline.ir-ը՝ համաձայն ԻՍՆԱ-ի հաղորդման:

Արա Այւազեանի հետ հանդիպման ընթացքում ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆն անդրադարձել է երկու երկրների միջեւ հաստատւած բարիդրացիական յարաբերութիւններին, հայ-իրանական համատեղ պատմական անցեալին՝ նշելով, որ Հայաստանը համարւում է Իրանի կարեւոր հարեւանը:

Երկկողմ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-իրանական յարաբերութիւնների զարգացմանը միտւած քայլերը, երկուստեք հետաքրքրութիւն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, ինչպէս նաեւ՝ տարածաշրջանայինի վերջին զարգացումները.

Ընդգծելով, որ  Իրանը կարեւորում է տարածաշրջանի երկրների, այդ թւում՝ Հայաստանի Հանրապետութեան տարածքային ամբողջականութեան, անվտանգութեան, անկախութեան եւ ազգային ինքնիշխանութեան պահպանման անհրաժեշտութիւնը՝ նախարար Զարիֆը կոչ է արել պահպանել տարածաշրջանի բոլոր էթնիկ խմբերի իրաւունքները:

Իրանի համար կարմիր գիծ համարելով, Հայաստանի Հանրապետութեան տարածքային ամբողջականութեան պահպանումը, նախարար Զարիֆը նշել է, որ Իրանը խուսափում է տարածաշրջանային հակամարտութիւններից:

Պատերազմի հետեւանքով հումանիտար խնդիրների շուտափոյթ լուծման յոյսով, նախարար Զարիֆը ափսոսանք է յայտնել տարածաշրջանային վերջին հակամարտութեան հետեւանքների, պատերազմի բռնկման, եւ մարդկային կորուստների կապակցութեամբ՝ նշելով, որ մեր երկիրը պատրաստ է այդ հետեւանքների մեղմման ուղղութեամբ իր ջանքերը գործադրել:

Մեր երկրի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը վճռականօրէն մերժելով տարածաշրջանում ահամբեկիչների եւ օտարերկրեայ վարձկանների ակտիւութեան ցանկացած դրսեւորում նշել է, որ այդ հարցը ե՛ւ Հայաստանին, ե՛ւ Իրանին, ինչպէս նաեւ հարեւան երկրներին անհանգստացնող հարց է, որի լուծման համար, ինչպէս նաեւ տարածաշրջանային տնտեսական զարգացման պլաններով Իրանը պատրաստ է համագործակցել բոլորի հետ:

 

Տարածաշրջանային այցի շրջանակում երէկ երեկոյեան Հայաստան է ժամանել ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:

«Զւարթնոց» օդանաւակայանում մեր երկրի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարին դիմաւորել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գագիկ Ղալաչեանը։

Յիշեցնենք, որ տարածաշրջանային այցի շրջանակում Զարիֆը եղել է Բաքւում եւ Մոսկւայում: Երեւանից յետոյ նա կայցելի Թբիլիսի եւ Անկարա:

Այս մասին ըստ alikonline.ir-ի՝ տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Յունւարի 23-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբեանի գլխաւորած պատւիրակութիւնը հանդիպումներ ունեցաւ ԻԻՀ արդիւնաբերութեան, հանքերի եւ առեւտրի նախարար Ալիռեզա Ռազմհոսէյնիի եւ ԻԻՀ Կենտրոնական բանկի նախագահ Աբդոլնասեր Հեմմաթիի հետ:

ՀՀ էկոնոմիկայի եւ ԻԻՀ արդիւնաբերութեան, հանքերի եւ առեւտրի նախարարների միջեւ հանդիպման արդիւնքում ստորագրւեց յուշագիր: 

Հանդիպումներին իրանական կողմից մասնակցեցին պետական մարմինների եւ տնտեսութեան ոլորտի լայն շրջանակի ներկայացուցիչներ:

Քննարկումների ընթացքում անդրադարձ եղաւ երկկողմ տնտեսական յարաբերութիւններին վերաբերող բազմաթիւ խնդիրների, ինչպէս նաեւ առանձին ծրագրային առաջարկութիւնների:

Հայկական պատւիրակութիւնը նաեւ այցելեց «Mammut» արդիւնաբերական համալիր եւ «Cinnagen» դեղագործական ձեռնարկութիւն:

 

Յունւարի 22-ին` Իրանում գտնւող ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբեանի գլխաւորած պատւիրակութեան պաշտօնական այցի առաջին օրը, նախարարը մասնակցեց ՀՀ դեսպանութեան եւ Իրան-Հայաստան առեւտրի պալատի կողմից կազմակերպւած գործարար համաժողովին: Գրւած է Իրանում ՀՀ դեսպանութեան ֆէյսբուքեան էջում:

Նախարար Քերոբեանը համաժողովի մասնակիցներին ներկայացրեց ՀՀ տնտեսութեան զարգացման ընթացիկ եւ հեռանկարային ծրագրերը: Մտքերի փոխանակման եւ քննարկումների ընթացքում արծարծւեցին հայ եւ իրանցի գործարարների միջեւ առեւտրային կապերի ամրապնդմանը, նրանց կողմից ներդրումային ծրագրերի իրականացմանն առնչւող բազմաթիւ հարցեր:

Յունւարի 23-ից մեկնարկեց նախարար Քերոբեանի հանդիպումների շարքն ԻԻՀ պետական բարձրաստիճան պաշտօնեաների, ինչպէս նաեւ գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբեանի գլխաւորած պատւիրակութիւնը յունւարի 22-ին մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետութիւն երկկողմ առեւտրատնտեսական համագործակցութեան զարգացման հեռանկարները քննարկելու նպատակով: Այս մասին ըստ Yerkir.am-ի՝ յայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարութիւնը:

Այցի շրջանակում նախատեսւում են հանդիպումներ Իրանի բարձրաստիճան պաշտօնեաների, հայ համայնքի ներկայացուցիչների, հայ գործարարների եւ արտահանողների հետ, ինչպէս նաեւ այցելութիւններ մի շարք ձեռնարկութիւններ, ընկերութիւններ եւ կազմակերպութիւններ:

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնաւորապէս հանդիպումներ կունենայ ԻԻՀ Առեւտրի, արդիւնաբերութեան եւ հանքերի նախարարի, ԻԻՀ էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարի, ԻԻՀ էներգետիկայի նախարարի, գիտատեխնոլոգիական հարցերով ԻԻՀ փոխնախագահի, ԻԻՀ Կենտրոնական բանկի նախագահի, Իրանի Առեւտրի, արդիւնաբերութեան, հանքերի եւ գիւղատնտեսութեան պալատի նախագահի, Սպահանի նահանգապետի հետ:

 

Յունւարի 19-ին ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը հանդիպեց ԻԻՀ ԱԳՆ տնտեսական դիւանագիտութեան հարցերով նախարարի տեղակալ Սէյեդ Ռասուլ Մոհաջերին: Այս մասին գրւած է Իրանում ՀՀ դեսպանութեան ֆէյսբուքեան էջում:

Հանդիպման ընթացքում ՀՀ դեսպանն իր զրուցակցին ներկայացրեց Հայաստան-Իրան տնտեսական յարաբերութիւնների ներկայ վիճակը: Մասնաւորապէս, անդրադարձ եղաւ ենթակառուցւածքային ծրագրերին, առեւտրին եւ ներդրումների ոլորտին առնչւող խնդիրներին:

Կողմերը քննարկեցին Արցախեան պատերազմից յետոյ ստեղծւած իրողութիւնների պայմաններում երկկողմ եւ բազմակողմ տնտեսական յարաբերութիւնների զարգացման նոր միտումները, մարտահրաւէրներն ու հնարաւորութիւնները:

Փոխնախարար Մոհաջերը յայտնեց ԻԻՀ ԱԳՆ եւ իր պատրաստակամութիւնն` աջակցելու Հայաստան-Իրան տնտեսական ծրագրերի եւ նախագծերի իրականացմանը:

 

ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանն ընդունեց կենցաղային սպասարկման ոլորտի սարքերի արտադրութեան մէջ մասնագիտացած «Radteb Naghsh-e Jahan» ընկերութեան տնօրէն Մեհդի Ղանադնիյային:  Այս մասին գրւած է Իրանում ՀՀ դեսպանութեան ֆէյսբուքի էջում:

Վերջինս ՀՀ դեսպանին տեղեկացրեց Հայաստանում տնտեսական գործունէութիւն սկսելու իր ծրագրերի մասին:

Դեսպան Թումանեանը ներկայացրեց Հայաստանի գործարար միջավայրի առանձնայատկութիւնները, ԵԱՏՄ երկրների հետ առեւտրային գործարքներ իրականացնելու հնարաւորութիւնները:

Ընկերութեան տնօրէն Ղանադնիյեան յայտնեց, որ փետրւար ամսին ձեռնարկութեան պատւիրակութիւնը կը մեկնի Հայաստան` տեղում ծանօթանալու տնտեսական գործունէութեան հնարաւորութիւններին:

ՀՀ դեսպանը պատրաստակամութիւն յայտնեց նախնական փուլում աջակցել անհրաժեշտ տեղեկատւութեան ապահովման հարցում:

2017 թւականի հոկտեմբեր ամսին Հայաստանում անցկացւած Կիոկուշին կարատէյի Հայաստանի 12-րդ բաց առաջնութեանը ոսկէ մեդալ նւաճած իրանցի մարզիկ Ահմադ Բաղերիփուրը որոշել է իր ոսկէ մեդալը, որպէս յարգանքի տուրք, նւիրել 2020 թւականի Արցախեան պատերազմի ժամանակ զոհւած հայազգի մարզիկ Արթուր Սուքիասեանի ընտանիքին: Այս մասին գրւած է Իրանում ՀՀ դեսպանութեան ֆէյսբուքի էջում:

Արթուր Սուքիասեանը եւ Ահմադ Բաղերիփուրը միասին հանդէս են եկել մի շարք առաջնութիւններում եւ ունեցել  բարեկամական յարաբերութիւններ:

Յունւարի 13-ին իրանցի մարզիկն ԻԻՀ-ում ՀՀ դեսպանութեան երրորդ քարտուղար Գոռ Շահւերդեանին է յանձնել իր ոսկէ մեդալը` Արթուր Սուքիասեանի ընտանիքին փոխանցելու նպատակով: