ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանի հրամանագրով Արտաշէս Թումանեանը յետ է կանչւել Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպանի պաշտօնից. այս մասին հաղորդում է «alikonline.ir»-ը։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկութիւնը` համաձայն Սահմանադրութեան 132-րդ յօդւածի 1-ին մասի 2-րդ կէտի, ինչպէս նաեւ «Դիւանագիտական ծառայութեան մասին» օրէնքի 14-րդ յօդւածի 1-ին մասի.
Արտաշէս Թումանեանին յետ կանչել Իրանի Իսլամական Հանրապետութիւնում Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպանի պաշտօնից»,- ասւում է ՀՀ նախագահի հրամանագրում։

Յաւելենք, որ Արտաշէս Թումանեանը Իրանում ՀՀ դեսպան էր նշանակւել 2015 թւականի փետրւարի 17-ին։

 

Սիրելի՛ հայրենակիցներ,

Հայաստանի Հանրապետութեան 30-ամեակի կապակցութեամբ շնորհաւորում եմ ձեզ եւ մաղթում առողջութիւն, տոկունութիւն եւ երջանկութիւն:

Հայ ժողովրդի հազարամեայ պատմութիւնն ունեցել է փառահեղ վերելքների եւ ցաւալի անկումների ժամանակաշրջաններ:

Անցած երեք տասնամեակների ընթացքում եւս ունեցել ենք եւ՛ ձեռքբերումներ, եւ՛ անյաջողութիւններ:

Այսօր մեր ժողովուրդը մեծ ցաւ է ապրում 44-օրեայ պատերազմի հետեւանքով ունեցած մեծ կորուստների, իր հերոս զաւակների նահատակութեան, բազմաթիւ խեղւած եւ գերեվարւած զինուորների համար, սակայն պատրաստ է զօրավիգ լինել իր պետութեան անկախութեան եւ անվտանգութեան ամրապնդման, զարգացման եւ շէնացման գործին:

Հայաստանի Հանրապետութիւնը շարունակում է մնալ Արցախի ժողովրդի անվտանգութեան երաշխաւորը եւ այսուհետ եւս հետամուտ է լինելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի իրականացմանը:

Հայաստանի համար կարեւոր է տարածաշրջանում համագործակցային եւ կառուցողական միջավայրի ձեւաւորումը, խաղաղութեան եւ անվտանգութեան ապահովմանը միտւած միջազգային քաղաքական գործընթացների ակտիւացումը: Այս իմաստով Հայաստանի Հանրապետութիւնն առաջնահերթ է համարում արտաքին քաղաքական գործընկերների հետ արդիւնաւէտ յարաբերութիւնների զարգացումը, որի կարեւոր բաղադրիչներից մէկը Իրանի Իսլամական Հանրապետութեան հետ համակողմանի համագործակցութեան խորացումն է:

Հայաստանի, Արցախի եւ ողջ հայ ժողովրդի առաջնահերթ խնդիրներից մէկը Սփիւռքի ներուժի արդիւնաւէտ օգտագործումն է, սփիւռքահայութեան բոլոր համայնքների եւ անհատների ներգրաւումը Հայրենիքի հզօրացման գործում:

Այժմ աւելի քան երբեւէ այժմէական է Հայաստանում, Արցախում եւ ողջ սփիւռքում միասնականութեան եւ համագործակցութեան մթնոլորտի ձեւաւորումը, ապագայի նկատմամբ պատասխանատւութեան եւ լաւատեսութեան տրամադրութիւնների արմատաւորումը:

 

Բարին ընդ ձեզ:

 

Կապանի մօտակայքում ադրբեջանական ոստիկանութեան կողմից իրանական բեռնատարները կանգնեցնելը եւ գումար գանձելը գուցէ հայ-իրանական յարաբերութիւններում քաղաքական խնդիրներ չառաջացնեն, բայց շատ հաւանական է՝ տնտեսական խնդիրների պատճառ դառնան։ Factor.am-ի հետ զրոյցում նման կարծիք յայտնեց Իրանի խորհրդարանի հայազգի պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը։ Այս մասին տեղեկացնում է alikonline.ir-ը:

«Իրանը շատ լաւ տիրապետում է, թէ ինչ իրավիճակ է հիմա տիրում տարածաշրջանում, այդ պատճառով դժւար թէ քաղաքական խնդիրներ լինեն։ Բայց երբ մեծ քանակով բեռնատարներ կանգնեցւեն, աւելորդ գումարներ գանձւեն, արդէն երկու երկրների համար էլ տնտեսական վնաս կարող է լինել։ Դա կը նշանակի, որ հնարաւոր է, որ հետագայում Իրանից ապրանքներն աւելի դժւար ու թանկ հասնեն Հայաստանի խորքեր, Երեւան, իսկ դա կազդի ապրանքների գների վրայ»,- ասաց նա։

Ռոբերտ Բեգլարեանը նկատեց, որ նախկինում էլ իրանական բեռներ փոխադրող ընկերութիւնները դժգոհում էին Հայաստանի ճանապարհներից եւ գանձւող գումարից, նախընտրում էին այլ ճանապարհներով տեղախոփել իրենց բեռները։

«Ստեղծւած իրավիճակը կարող է նորից հող ստեղծել եղած դժգոհութիւնների համար»,- ասաց նա։

Ըստ իրանահայ պատգամաւորի՝ 44-օրեայ պատերազմից յետոյ ստեղծւած իրավիճակի առնչութեամբ պէտք էր քննարկումներ վարել Իրանի հետ։

«Յատկապէս եթէ Հայաստանն ինչ-որ ծրագրեր ունէր Ադրբեջանի հետ սահմանագծման եւ սահմանազատման հարցերով, անկախ նրանից, թէ երկրի ներսում ինչ-որ բաներ ասւելու էին, թէ գաղտնի էին մնալու, Իրանը, որպէս վստահելի գործընկեր, աւելի տեղեկացւած պէտք է լինէր գործընթացներից։ Իրանն ինքն էլ կարող էր օգտակար լինել Հայաստանին՝ ինչ-որ խոչընդոտներ վերացնելու հարցում։ Գուցէ Հայաստանը կարողանար օգտւել Իրանի դիւանագիտական հնարաւորութիւններից Ադրբեջանի հետ յարաբերութիւններում, եւ բոլոր երկրները ստանային մաքսիմալը գործընթացներում»,- ասաց նա՝ նշելով, որ գուցէ արդէն եղած իրավիճակն իրանական կողմում դժգոհութիւն առաջացնի, բայց դա դժւար թէ վրդովմունքի դրսեւորման պատճառ դառնայ։

Նա նշեց նաեւ, որ պարզապէս լաւ կը լինէր, որ Հայաստանը, որպէս գործընկեր, բաց եւ համագործակցային գործէր։

«Նման իրավիճակներում է, որ երեւան են գալիս յարաբերութիւններում փոխըմբռնման եւ վստահութեան մակարդակները»,- ասաց նա։

Անդրադառնալով Դուշանբէում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի եւ Իրանի նախագահ Էբրահիմ Ռէյիսիի միջեւ կայացած հանդիպմանը՝ Ռոբերտ Բեգլարեանը նշեց, որ յուսադրող է այն, որ Իրանի նախագահը նշել է՝ պէտք է աշխատանքային խումբ ստեղծել՝ աւելի արագացնելու երկու երկրների միջեւ համագործակցութեան սերտացումը։

«Կարծում եմ՝ ուշացած բաներ շատ կան։ Բայց, ի վերջոյ, ներկայ իրավիճակը սա է, եւ պէտք է փորձել եղած պայմաններում ամենաարագ ձեւով համագործակցութեան ձեւաչափեր գտնել եւ այս իրավիճակից դուրս գալ, յետոյ նաեւ՝ զարգացնել յարաբերութիւնները եւ հնարաւորութիւն ունենալ յարաբերութիւններում անել ամրագրումներ, որ արտաքին գործօնները չեն ազդելու երկկողմանի յարաբերութիւնների վրայ»,- ասաց նա։

Նրա կարծիքով՝ հայ-իրանական յարաբերութիւններում խնդիրները կանխելու ուշացումներն առաւել շատ պայմանաւորւած են նրանով, որ ամէն ինչ շատ արագ է զարգանում։

«Գուցէ դիւանագէտները չեն հասցրել համապատասխան հակազդեցութիւն ցոյց տալ։ Երկու երկրների դիւանագէտները պատերազմից յետոյ պէտք է կարողանային քննարկումներ անել, թէ ինչ հնարաւոր սցենարներ կարող են լինել ապագայում։ Այդ առումով կարող եմ ասել, որ կարծում եմ՝ երկու երկրների դիւանագէտներն էլ զլացել են, թէպէտ գիտեմ, որ Իրանի դեսպանութիւնն անընդհատ փորձել է զեկոյցներով սնել արտգործնախարարութեանը, սպառնալիքները նախանշել, բայց դէ միւս կողմից, դէմ յանդիման ենք եղել ե՛ւ նախագահական ընտրութիւններին, ե՛ւ Իրանի արտաքին քաղաքականութեան բազմաշերտութեանը։ Հէնց դա էլ որոշ հարեւաններ չարաշահեցին»,- նշեց նա։

Խօսելով Իրանի՝ Հայաստանի նկատմամբ ներկայիս դիրքորոշման վերաբերեալ՝ նա մատնանշեց նոր արտգործնախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանի մօտեցումը՝ նոր քաղաքականութիւն մշակել Ասիայի նկատմամբ։

«Ակնկալիք կայ, որ Կովկասի հարցերով էլ Իրանն այսուհետ աւելի լուրջ կը զբաղւի, քան անցեալում։ Սահմանների հարցում էլ Իրանի կարծիքն անզիջում է։ Մի քանի օր առաջ թուրքական լրատւամիջոցում հարցազրոյց էր հրապարակւել ադրբեջանցի պատգամաւորի հետ, որն ասել էր, թէ «Իրանը քարտէզի վրայից ջնջւելու է»։ Երէկ արդէն Արդեբիլ նահանգի աղօթապետը խիստ յանդիմանեց նրան, յստակեցրեց իրանական կարծիքը՝ քանի որ արդէն ռազմական փորձեր են անում Իրանի հետ սահմանին, Իրանը պէտք է յստակ դիրքորոշում ունենայ, սահմանի մօտ վերադասաւորւի, որ անհրաժեշտութեան դէպքում համապատասխան արձագանգի թէ՛ Ադրբեջանին, թէ՛ Թուրքիային»,- ասաց նա։

Իրանի արտաքին գործերի նախարարութեան մամուլի քարտուղար Սայիդ Խաթիբզադէն անդրադարձել էր Իրանը եւ Հայաստանը կապող մայրուղու խնդրին։ Մամուլի քարտուղարն ընդգծել է հարեւան երկրների տարածքային ամբողջականութեան առաջնահերթութեան քաղաքականութիւնը՝ յայտարարելով, որ Իրանը փորձում է հաւասարակշռւած օգտագործել աջակցութիւնն իր հարեւանների նկատմամբ: Պատասխանելով ադրբեջանական կողմից բեռնատարների իրանցի վարորդների ձերբակալման մասին հարցին՝ Խաթիբզադէն նշել է, որ Իրանը հետամուտ է այդ հարցին եւ պահանջել է անյապաղ ազատ արձակել վարորդներին ու պաշտօնատար անձանց հետ հանդիպում՝ խնդրի հիմնական լուծումն ապահովելու համար:

Աշխատանքային այցով Դուշանբէում գտնւող վարչապետ Նիկոլ Փաշինեանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահ Էբրահիմ Ռէիսիին: Հաղորդում է Yerkir.am-ը:

Իրանի նախագահը ողջունելով Փաշինեանին` նշել է. «Ուրախ եմ հանդիպել Ձեզ հետ: Ցանկանում եմ եւս մէկ անգամ շնորհաւորել ընտրութիւններում յաղթանակի եւ վարչապետի պաշտօնը կրկին ստանձնելու համար»,- ասել է Իրանի նախագահը` յոյս յայտնելով, որ պաշտօնավարման ընթացքում երկու երկրների յարաբերութիւններում նոր դրական քայլեր կիրականացւեն:

Իր հերթին Փաշինեանը նշել է, որ Էբրահիմ Ռէյիսիի երդմնակալութեան արարողութիւնից Հայաստան է վերադարձել լաւ տպաւորութիւններով: «Մեր երկու կառավարութիւնների գործունէութիւնը մեկնարկել է միաժամանակ, կարծում եմ դա շատ լաւ նրբերանգ է, որը հնարաւորութիւն է ստեղծում ներդաշնակեցնել մեր գործողութիւնները»,- ասել է վարչապետը: Նիկոլ Փաշինեանը յաւելել է, որ ՀՀ կառավարութեան գործունէութեան ծրագրում յատուկ ընդգծւել է տարածաշրջանային յարաբերութիւնների կարեւորութիւնը: Այս համատեքստում վարչապետը կարեւորել է Իրանի նախագահի յայտարարութիւնը, ըստ որի` Իրանի համար եւս կարեւոր է հարեւանների հետ յարաբերութիւնների զարգացումը:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են հայ-իրանական բազմակողմ յարաբերութիւնների յետագայ զարգացմանը, երկու երկրների միջեւ բեռնափոխադրումների անխափան կազմակերպմանը, տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ծայրագոյն պատրիարք եւ ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետութիւնում Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Այս մասին յայտնում են Մայր Աթոռի տեղեկատւական համակարգից։

Վեհափառ Հայրապետը, ողջունելով դեսպանի այցը Մայր Աթոռ, իր օրհնութիւնն ու բարեմաղթանքներն է փոխանցել նրան:

Կաթողիկոսը շնորհակալութիւն է յայտնել Իրանի Իսլամական Հանրապետութեանը համավարակի, պատերազմի եւ յետպատերազմեայ դժւարին ժամանակաշրջանում Հայաստանին մշտապէս զօրակցութիւն ցուցաբերելու համար:

Նորին Սրբութիւնը կարեւորել է երկու ժողովուրդների բազմադարեայ բարեկամական կապը՝ յոյս յայտնելով, որ ապագայում այն առաւել կը խորանայ ու կը սերտանայ:

Իր հերթին դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, անդրադարձ կատարելով տարածաշրջանային իրավիճակին, ընդգծել է հակամարտութիւնների խաղաղ կարգաւորման անհրաժեշտութիւնը: Դեսպանը նաեւ նշել է, որ Իրանի համար շատ կարեւոր է ի դէմս Հայաստանի ունենալ հզօր եւ տնտեսապես զարգացած հարեւանի:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Մայր Աթոռի եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան միջեւ առկայ փոխգործակցային յարաբերութիւններին՝ կարեւորելով մշակոյթի ոլորտում համագործակցութիւնը, կրօնական երկխօսութիւնը, միջկրօնական համաժողովների կազմակերպումը:

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը Հանրապետութեան նորընտիր նախագահ հոջ. Սէյէդ Էբրահիմ Ռէիսիի երդմնակալութեան արարողութեանը մասնակցելու նպատակով, այսօր՝ օգոստոսի 5-ին ժամանել է Թեհրան. ըստ ԻՌՆԱ-ի հաղորդում է alikonline.ir-ը:

Նիկոլ Փաշինեանին «Մեհրաբադ» օդանաւակայանում դիմաւորել են իրանցի բարձրաստիճան պաշտօնեաներ:

ՀՀ վարչապետը երդմնակալութեան արարողութեանը մասնակցելուց յետոյ, հանդիպում կունենայ նորընտիր նախագահ հոջ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսիի հետ:

Աւելի վաղ, Հանրապետութեան նախագահի երդմնակալութեան պաշտօնական արարողութեանը մասնակցելու նպատակով, Թեհրան են ժամանել մի շարք երկրների բարձրաստիճան պաշտօնեաներ: Այդ թւում՝ Իրաքի նախագահ Բահրամ Սալեհը, Աֆղանստանի նախագահ Մոհամմադ Աշրաֆ Ղանին, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Թանզանիայի, Սիրիայի Խորհրդարանի նախագահները եւ այլ միջազգայն բարձրաստիճան պաշտօնեաներ ու դիւանագէտեր:

 

Ի՞նչ աշխատանքներ են իրականացւում Հայաստանում Կորոնավիրուսի դէմ բնակչութեան պատւաստումներ իրականացնելու ուղղութեամբ:

Սկսած այս տարւայ մարտ ամսւանից մեր երկրում իրականացւում են բնակչութեան պատւաստման աշխատանքներ: Այդ նպատակով օգտագործւում են երեք տիպի պատւաստանիւթեր` Սպուտնիկ-V, Աստրա Զենեկա եւ Սինովակ: Պատւաստումներն իրականացւում են անվճար եւ կամաւորութեան սկզբունքով: Ներկայ դրութեամբ նշւած պատւաստանիւթերի կիրառման ուղղութեամբ տարիքային սահմանափակումներ չկան:

Մինչ օրս իրականացւած պատւաստումների քանակութիւնը խիստ հեռու է բաւարար լինելուց, սակայն ՀՀ իշխանութիւնները միջոցներ են ձեռնարկում տւեալ աշխատանքի տեմպերն արագացնելու ուղղութեամբ:

Ի դէպ, համաճարակային վիճակը ներկայումս բաւարար է, թէեւ զգօնութիւնը կորցնելը կարող է անցանկալի հետեւանքների յանգեցնել: Վերջին մի քանի շաբաթւայ ընթացքում արձանագրւել է ինչպէս հիւանդացութեան, այնպէս էլ մահւան ցուցանիշների կայունացում: Կորոնավիրուսային համաճարակի գնահատման տեսանկիւնից ԵՄ-ը Հայաստանը ճանաչել է «կանաչ գօտի»:

ԻԻՀ առանձին պաշտօնեաներ իրանցիներին յորդորում են պատւաստման նպատակով չմեկնել Հայաստան: Ի՞նչ կարող էք ասել այս մասին

Ես էլ եմ հանդիպել որոշ պաշտօնեաների եւ առանձին անհատների կողմից ԶԼՄ-ներում եւ սոցիալական ցանցերում ինչ-ինչ մեկնաբանութիւնների եւ վերլուծութիւնների: Եղել են իրականութեանը չհամապատասխանող հրապարակումներ, նոյնիսկ արւել են ոչ պատշաճ արտայայտութիւններ, որոնց հարկ չեմ համարում անդրադառնալ: Ակնյայտ է, որ Հայաստան-Իրան բարձր մակարդակի յարաբերութիւններին անյարիր են իրականութեան հետ կապ չունեցող եւ անկարեւոր թեմաների անհարկի արծարծումը:

Բոլոր դէպքերում, քանի որ առկայ են նաեւ որոշ թիւրընկալումներ, հարկ եմ համարում որոշակի տեղեկութիւններ հաղորդել: Ս.թ. ապրիլի 23-ին հրապարակւել է ՀՀ առողջապահութեան նախարար Անահիտ Աւանէսեանի հրամանը, որով թոյլատրւել է Հայաստանում գտնւող օտարերկրացիների պատւաստումն անվճար եւ կամաւորութեան սկզբունքով: Նման որոշման համար հիմք են ծառայել Հայաստանում գործող մի շարք օտարերկրեայ դիւանագիտական եւ միջազգային կազմակերպութիւնների, ինչպէս նաեւ տարբեր հանգամանքների բերումով Հայաստանում գտնւող այլ անձանց կողմից մեր երկրում պատւաստումներ ստանալու մասին բազմաթիւ դիմումները: Հարկ է նշել, որ մինչ օրս իրականացւած պատւաստումների բացարձակ մեծամասնութիւնն իրականացւած է ՀՀ քաղաքացիների եւ Հայաստանում մշտական բնակութիւն ունեցողների նկատմամբ, եւ որոշակի չափով նաեւ այս ծառայութիւնից օգտւել են օտարերկրացիները: Այս ընթացքում այդ հնարաւորութիւնից օգտւել են տարբեր երկրների քաղաքացիներ, այդ թւում նաեւ իրանցիներ:

Փաստօրէն օտարերկրացիների հետ կապւած որոշումը հիմնւա՞ծ է վերջիններիս դիմումների վրայ:

Նախեւառաջ, հաշւի է առնւել մարդկանց կողմից դրսեւորւած ցանկութիւնը, սակայն նաեւ կարեւորւել են հետեւեալ երկու հանգամանքները: Առաջինը` մարդասիրական վերաբերմունքն է այդ անձանց նկատմամբ եւ երկրորդը` Հայաստանում որոշակի ժամանակահատւած (շաբաթներ, ամիսներ եւ աւելի երկար ժամանակ) գտնւող անձանց պատւաստումը խիստ դրական է ազդում երկրում համաճարակային վիճակի վրայ:

Մի հանգամանք էլ կարող եմ Ձեր ուշադրութեանն արժանացնել: Լրացում է կատարւել գործող կարգում, համաձայն որի` օտարերկրացիների նկատմամբ Կորոնավիրուսի դէմ պատւաստումներ թոյլատրւում են, եթէ վերջիններս Հայաստանում են գտնւում աւելի քան 10 օր: Դա հնարաւորութիւն կը տայ առաւել հասցէական դարձնել պատւաստման գործընթացը` թիրախաւորելով Հայաստանում օբյեկտիւ անհրաժեշտութեամբ գտնւող օտարերկրացիներին:

Իրանի Արեւելեան Ադրբեջան նահանգի օդանաւակայանների գլխաւոր տնօրէն Ռամին Ազարին յայտարարել է Թաւրիզի օդանաւակայանից դէպի Երեւան եւ հակառակ ուղղութեամբ չւերթի մեկնարկի մասին:

«Սոյն թւականի յուլիսի 1-ից Թաւրիզի «Շահիդ Մադանի» միջազգային օդանաւակայանից չւերթներ են իրականացւելու Թաւրիզ-Երեւան-Թաւրիզ երթուղով:  Չւերթն իրականացւելու է Հայաստանին պատկանող «Արմենիա» աւիաընկերութեան միջոցով՝ շաբաթական երկու օր` երկուշաբթի եւ հինգշաբթի օրերին»: Այս մասին յայտարարել է Ռամին Ազարին Ճանապարհների եւ քաղաքաշինութեան նախարարութեան լրատւական կայքին տւած հարցազրոյցում:

 

Աղբիւր՝ www.alikonline.ir

 

Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահի պաշտօնում ընտրւելու կապակցութեամբ, հոջ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսիին շնորհաւորական ուղերձներ են յղել ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանն ու ՀՀ վարչապետի ժամանակաւոր պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանը:

ՀՀ նախագահ Սարգսեանն Էբրահիմ Ռէյիսիին մաղթել է քաջառողջութիւն եւ աշխատանքային նւաճումներ, իսկ Իրանի եղբայրական ժողովրդին՝ խաղաղութիւն եւ բարօրութիւն։

«Հաւատում եմ, որ Ձեր ղեկավարութեամբ Իրանը շարունակելու է զարգացման եւ բարգաւաճման ուղին։

Հայաստանն արժեւորում է Իրանի հետ առկայ բարիդրացիական յարաբերութիւնների եւ կառուցողական երկխօսութեան հետեւողական ամրապնդումն ու խորացումը, ինչը մեր պետութիւնների առաջընթացի ու տարածաշրջանի կայունութեան ապահովման կարեւորագոյն պայմաններից է։ Դարերի խորքից է գալիս մեր երկու բարեկամ ժողովուրդների՝ միմեանց ճանաչելու եւ համագործակցելու ձգտումը, ինչի համար այսօր ստեղծւած են յիրաւի լայն հնարաւորութիւններ։

Լիայոյս եմ, որ համատեղ ջանքերով հայ-իրանական ջերմ բարեկամական յարաբերութիւնները կը շարունակեն զարգանալ եւ ընդլայնւել բոլոր բնագաւառներում՝ արձանագրելով դրական դինամիկա մեր ժողովուրդների փոխգործակցութեան որակական նոր մակարդակի համար»,- ասւած է ՀՀ նախագահի շնորհաւորական ուղերձում:

ՀՀ վարչապետի ժամանակաւոր պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանի շնորհաւորական ուղերձում էլ նշւած է. «Լիայոյս եմ, որ Ձեր պաշտօնավարման ընթացքում կարձանագրւեն նոր ձեռքբերումներ մեր երկու բարեկամ երկրների միջեւ յարաբերութիւններում։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մեզ կը յաջողւի էլ աւելի առաջ մղել մեր երկկողմ համագործակցութեան օրակարգը՝ հարստացնելով այն նորանոր ծրագրերով եւ նախաձեռնութիւններով»։

 

Մեկնարկել է ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆի այցը Հայաստան: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ պաշտօնական կայքից: Տեղեկացնում է alikonline.ir-ը:

Մեր երկրի ԱԳ նախարարին Զւարթնոց միջազգային օդանաւակայանում դիմաւորել է ՀՀ ԱԳ նախարարի պաշտօնակատար Արա Այւազեանը:

 Երեւանում, Արա Այւազեանի հետ հանդիպումից բացի, նախատեսւում է Զարիֆի հանդիպումը ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանի եւ վարչապետի ժամանակաւոր պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանի հետ:

 

Իրանական «Parstoday.com» կայքը տարածել է Երեւանում Իրանի դեսպանութեան յայտարարութիւնը հայկական ԶԼՄ-ներում շրջանառւող կեղծ լուրերի մասին` կապւած 160 հայ զինծառայողների` Իրանի տարածքում գտնւելու հետ: Գրւած է դեսպանութեան ֆէյսբուքեան էջում:

Մէջբերւած յայտարարութեան մէջ նշւում է հետեւեալը. «Հայաստանի Հանրապետութիւնում Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպանութիւնը հերքում եւ կեղծ ու անհիմն է համարում որոշ հայկական լրատւամիջոցներում շրջանառւող լուրերը, թէ Իրանում է գտնւում 160 հայ զինւոր, եւ իրանական կողմը նրանց վերադարձնելու համար նախապայմաններ է ներկայացրել»:

 

Մայիսի 19-ին կայացաւ Արմաւիրի քաղաքապետ Դաւիթ Խուդաթեանի եւ Քերմանի քաղաքապետ Մեհրան Ալամզադէի տեսակապը, որին մասնակցեց նաեւ ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը: Այս մասին տեղեկանում ենք դեսպանութեան ֆէյսբուքեան էջից:

Ստորագրւեց Արմաւիրը եւ Քերմանը «քոյր քաղաքներ» ճանաչելու վերաբերեալ փոխըմբռնման յուշագիր, որը պարունակում է սպորտի, մշակոյթի, զբօսաշրջութեան, նորարարութեան եւ այլ ոլորտներում համագործակցութեանն առնչւող կէտեր:

Պայմանաւորւածութիւններ ձեռքբերւեցին փոխադարձ այցերի եւ առաջնահերթ երկկողմ ծրագրերի իրականացման շուրջ:

 

Մայիսի 16-ին ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը հանդիպեց ԻԻՀ ճանապարհների եւ քաղաքաշինութեան նախարար Մոհամմադ Էսլամիին: Գրւած է դեսպանութեան ֆէյսբուքեան էջում:

Դեսպան Թումանեանը տեղեկութիւններ փոխանցեց ադրբեջանական զինուժի կողմից ՀՀ տարածք ներխուժման հետեւանքով ստեղծւած վիճակի մասին` նշելով, որ Հայաստանն ակնկալում է բարեկամ Իրանի աջակցութիւնը վերջ դնելու ՀՀ տարածքային ամբողջականութեանը եւ տարածաշրջանի ապակայունացմանն ուղղւած Ադրբեջանի սադրիչ գործողութիւններին:

Վերահաստատելով երկրների տարածքային ամբողջականութեան եւ սահմանների անխախտելիութեան սկզբունքի պահպանման անհրաժեշտութիւնը` կողմերը քննարկեցին «Պարսից ծոց-սեւ ծով միջազգային տրանսպորտային եւ տարանցիկ միջանցքի» ծրագրի իրականացմանն ուղղւած աշխատանքները:

Նախարար Էսլամին յայտնեց ԻԻՀ ղեկավարութեան պատրաստակամութիւնը վերը նշւած կարեւորագոյն տրանսպորտային միջանցքի գործարկման հարցում, որն ըստ նախարարի, միտւած է ոչ միայն տնտեսական զարգացմանը, այլեւ տարածաշրջանային անվտանգութեան ապահովմանը:

Դեսպան Թումանեանն ընդգծեց հիւսիս-հարաւ տրանսպորտային առանցքի ամրապնդման անհրաժեշտութիւնը` նշելով, որ դա բխում է ծրագրում ներգրաււած բոլոր երկրների շահերից եւ տարածաշրջանի ապակայունացմանն ուղղւած նկրտումները սանձող լաւագոյն հակազդեցութեան միջոց է:

 

Իրանն ուշադիր հետեւում է վերջին օրերին Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին ստեղծւած իրավիճակին, յայտարարել է Իրանի արտգործնախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադէն: Տեղեկացնում է yerkirmedia.am-ը:

Թեհրանը յոյս ունի, որ Երեւանն ու Բաքուն կը կարողանան խաղաղ ճանապարհով եւ խոհեմութեամբ կարգաւորել հայ-ադրբեջանական սահմանին առաջացած լարւածութիւնը:

«Իրանի Իսլամական Հանրապետութիւնը, շեշտելով տարածաշրջանում կայունութիւն եւ անդորրը պահպանելու անհրաժեշտութիւնը, երկու կողմերին կոչ է անում զսպւածութիւն ցուցաբերել եւ յարգել երկու երկրների սահմանները: Մեր երկիրը պատրաստ է միջոցներ ձեռնարկել` օգնելու երկու երկրների միջեւ այդ թւում սահմանային վէճը խաղաղ ճանապարհով լուծելու հարցում»,- յայտարարել է Խաթիբզադէն:

Մայիսի 13-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշէս Թումանեանը հանդիպում ունեցաւ ԻԻՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մոհսէն Բահարւանդի հետ: Այս մասին գրւած է դեսպանութեան ֆէյսբուքեան էջում:

ՀՀ դեսպանը հանգամանալից ներկայացրեց մայիսի 12-ից Ադրբեջանի զինւած ուժերի գործողութիւնների հետեւանքով Հայաստանի Սիւնիքի մարզում ստեղծւած իրադրութիւնը` անթոյլատրելի համարելով Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգութեան փորձերը:

ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալի խնդրանքով դեսպան Թումանեանը ներկայացրեց լարւածութեան թուլացման ուղղութեամբ ձեռնարկւող քայլերը:

Զրուցակիցներն ընդգծեցին տարածաշրջանային անվտանգութեան ու կայունութեան սպառնալիքների չէզոքացման հրամայականը, այդ թւում` երկու երկրների համագործակցութեան միջոցով:

 

Մայիսի 10-ին ԻԻՀ Մշակութային ժառանգութեան, զբօսաշրջութեան եւ ձեռարւեստի նախարարութիւնում տեղի ունեցաւ ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշէս Թումանեանի հանդիպումը նախարար Ալի Ասղար Մունեսանի հետ: Այս մասին գրւած է ՀՀ դեսպանութեան ֆէյսբուքեան էջում:

ՀՀ դեսպանը շնորհակալութիւն յայտնեց նախարար Ալի Ասղար Մունեսանին Իրանում հայկական մշակութային ժառանգութեան պահպանութեան ուղղութեամբ իրականացւող մեծ աշխատանքի համար: Նա նշեց, որ ԻԻՀ իշխանութիւնների նմանօրինակ գործունէութիւնը եւ հոգատար վերաբերմունքը տարբեր կրօնական եւ մշակութային արժէքների եւ ժառանգութեան նկատմամբ չափազանց այժմէական է եւ կարող էր ուսանելի ուղերձ լինել տարածաշրջանի որոշ երկրների համար:

Նախարար Մունեսանը հանգամանալից կերպով ներկայացրեց մշակութային ժառանգութեան պահպանութեան ոլորտում ԻԻՀ կողմից կատարւած մեծածաւալ աշխատանքը, ինչպէս նաեւ առաջիկայ ծրագրերը, այդ թւում` ԻՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նիւթական մշակութային ժառանգութեան պաշտպանութեան մասին» կոնւենցիայի շրջանակներում:

Զրուցակիցներն անդրադարձան հայկական եկեղեցիների եւ յուշարձանների պահպանութեան ուղղութեամբ իրականացւող աշխատանքներին, խօսւեց Երեւանում Կապոյտ մզկիթի վերանորոգման աշխատանքների ընթացքի մասին:

Քննարկւեց նաեւ զբօսաշրջութեան ոլորտում համատեղ  աշխատանքների ակտիւացման հարցը:

 

Մայիսի  2-ին ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը հանդիպեց ԻԻՀ պաշտպանութեան նախարար Ամիր Հաթամիին: Գրւած է դեսպանութեան ֆէյսբուքեան էջում:

ՀՀ դեսպանը շնորհակալութիւն յայտնեց նախարար Հաթամիին Արցախեան երկրորդ լայնամաս շտաբ պատերազմի ընթացքում եւ դրան յաջորդած ժամանակաշրջանում Հայաստան-Իրան սահմանի անձեռնմխելիութեան եւ Հայաստանի տարածքային ամբողջականութեան ապահովման հարցում Իրանի կողմից իրականացւած վճռական քայլերի համար:

Զրուցակիցները քննարկեցին պաշտպանութեան ոլորտում երկկողմ համագործակցութեան արդի խնդիրները, ինչպէս նաեւ տարածաշրջանային անվտանգութեան ապահովմանն առնչւող մի շարք հարցեր:

Հանդիպմանը մասնակցեց նաեւ ԻԻՀ-ում ՀՀ ռազմական կցորդ, գնդապետ Արթուր Ազնաւուրեանը:

Իրանի Եազդ պատմական քաղաքը եւ Հայաստանի մշակութային եւ պատմական մայրաքաղաք ու երկրորդ մեծ քաղաք Գիւմրին քոյր քաղաքներ են յայտարարւել: Այս մասին գրում է ParsToday-ը:

Եազդի եւ Գիւմրիի երկու քաղաքների միջեւ քոյրացման փաստաթղթի ստորագրման արարողութիւնը կայացել է  վեբինարի տեսքով եւ յուշագրերը փոխանակւել են էլեկտրոնային եղանակով:

Տեսակոնֆերանսին, բացի Եազդի եւ Գիւմրիի քաղաքապետերից, մասնակցում էին երկու երկրների դեսպանութիւնների պատասխանատուները:

Երկու քաղաքների փոխյարաբերութիւնները քննարկւել էին անցեալ տարի՝ ՀՀ դեսպանի Եազդ կատարած այցի ընթացքում:

Մայրաքաղաք Երեւանից յետոյ Գիւմրին Հայաստանի երկրորդ  բազմամարդ քաղաքն է եւ երկրի հիւսիս-արեւմուտքում գտնւող Շիրակի մարզի կենտրոնն է:

 

Մարտի 8-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշէս Թումանեանը հանդիպում ունեցաւ ԻԻՀ Իսլամական խորհրդի մեջլիսի Ազգային անվտանգութեան եւ արտաքին քաղաքականութեան յանձնաժողովի նախագահ Մոջթաբա Զոլնուրի հետ: Գրւած է Իրանում ՀՀ դեսպանութեան ֆէյսբուքեան էջում:

Հանդիպման ընթացքում Ա․ Թումանեանը հանգամանալից կերպով ներկայացրեց 2020թ․ Ղարաբաղեան պատերազմից յետոյ տարածաշրջանում ստեղծւած իրավիճակը եւ Հայաստանի առջեւ ծառացած մարտահրաւէրները:

Դեսպան Թումանեանն անդրադարձաւ տարածաշրջանային ներկայ իրողութիւնների պայմաններում Հայաստան-Իրան յարաբերութիւնների զարգացման միտումներին, փոխշահաւէտ համագործակցութեան ուղղութիւնների եւ ծրագրերի յստակեցման եւ դրանց ակտիւ կենսագործման անհրաժեշտութեանը:

Մ․ Զոլնուրը խօսեց 2020թ․ Ղարաբաղեան պատերազմի օրերին եւ յետպատերազմական շրջանում Իրանի որդեգրած դիրքորոշումների եւ ձեռնարկած քայլերի, ինչպէս նաեւ տարածաշրջանային իրավիճակի եւ հնարաւոր զարգացումների մասին:

Զրուցակիցները ընդգծեցին, որ Հայաստանի եւ Իրանի միջեւ կապերի յետագայ ամրապնդումը, համակողմանի եւ արդիւնաւէտ համագործակցութեան խորացումը բխում է ինչպէս երկու բարեկամ երկրների շահերից, այնպէս էլ տարածաշրջանային խաղաղութեան եւ կայունութեան հաստատման անհրաժեշտութիւնից:

 

Մարտի 6-ին ԱԳ նախարար Արա Այւազեանը հեռախօսազրոյց ունեցաւ Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆի հետ: Այս մասին գրւած է ՀՀ Արտաքին գործերի նախարարութեան պաշտօնական կայքում:

Արտգործնախարարները մտքեր փոխանակեցին երկկողմ օրակարգի հարցերի շուրջ: Գոհունակութիւն յայտնւեց դարաւոր բարեկամութեան վրայ խարսխւած յարաբերութիւնների զարգացման դինամիկայի առնչութեամբ եւ վերահաստատւեց փոխադարձ պատրաստակամութիւնը այն առաւել ամրապնդելու առնչութեամբ, այդ թւում` տարբեր մակարդակներում քաղաքական երկխօսութեան ակտիւացման միջոցով:

Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին տարածաշրջանային անվտանգութեան եւ կայունութեան հարցերին: Երկուստեք կարեւորւեց համակարգւած փոխգործակցութեան դերը տարածաշրջանային նոր մարտահրաւէրների հասցէագրման գործում: