Սեպտմբերի 30-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյեանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի ուղեկցութեամբ ՀՀ ԱԳՆ այցելած Կապանում Իրանի նորանշանակ գլխաւոր հիւպատոս Մորթեզա Աբեդին Վարամինին: Ըստ Alikonline.ir-ի, Գրում է Tert.am-ը:

Կապանում ԻԻՀ գլխաւոր հիւպատոսն Արարատ Միրզոյեանին է յանձնել հիւպատոսական արտոնագիրը: Այնուհետեւ՝ ՀՀ ԱԳ նախարարը Մորթեզա Աբեդին Վարամինին է յանձնել էկզեկւատուրան: 

Կողմերը գոհունակութիւն են յայտնել բարձր մակարդակում հայ-իրանական, յատկապէս՝ վերջին շրջանի շփումների ակտիւացման կապակցութեամբ: 

Արարատ Միրզոյեանը նշել է, որ Իրանի գլխաւոր հիւպատոսութեան բացումը կարեւոր եւ խորհրդանշական քայլ է, որը վկայում է Հայաստանի եւ Իրանի միջեւ համագործակցութիւնն առաւել խորացնելու եւ որակական նոր մակարդակի հասցնելու երկկողմ պատրաստակամութեան մասին: Համոզմունք է յայտնել, որ գլխաւոր հիւպատոսութիւնն իր գործունէութեամբ կը նպաստի, Սիւնիքի մարզում առեւտրատնտեսական, տրանսպորտային, էներգետիկ, գիտակրթամշակութային բնագաւառներում առկայ ներուժի առաւել արդիւնաւէտ իրացմանը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել տարածաշրջանային կայունութեան եւ անվտանգութեան հարցերին:  

Արարատ Միրզոյեանը նշել է, որ հայկական կողմը բարձր է գնահատում տարածաշրջանային հարցերի վերաբերեալ իրանական կողմից արտայայտւող վճռական ու յստակ դիրքորոշումները:

 

 Հանրապետութեան նախագահը հեռախօսազրոյց է ունեցել ՀՀ վարչապետի հետ 

 Իրանի Իսլ. Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին հեռախօսազրոյց է ունեցել ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինեանի հետ:  Հաղորդում է «alikonline.ir»-ը:

ՀՀ Վարչապետը մանրամասներ է փոխանցել Ադրբեջանի զինւած ուժերի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի ուղղութեամբ իրականացւող սադրիչ եւ ագրեսիւ գործողութիւնների վերաբերեալ: Տեղեկութիւնը հաղորդել է ՀՀ վարչապետի աշխատակազմը:

Նախագահ Էբրահիմ Ռէյիսին նշել է, որ Հարաւային Կովկասի տարածաշրջանում նոր պատերազմն անընդունելի է եւ Իրանն ուշադրութեամբ հետեւում է զարգացումներին: ԻԻՀ նախագահն ընդգծել է, որ տարածաշրջանում բոլոր հակամարտոթիւնները պէտք է լուծւեն խաղաղ ճանապարհով եւ պետութիւնների տարածքային ամբողջականութեան վերաբերեալ Իրանի դիրքորոշումը յստակ է:

Իրանի նախագահը յիշատակել է Իսլ. յեղափոխութեան գերագոյն առաջնորդ Այաթ. Խամենէիի խօսքը, ըստ որի՝ Հայաստանի հետ Իրանի կապը չպէտք է վտանգւի, իսկ հաղորդակցութեան ուղիները պէտք է լինեն պետութիւնների սուվերենութեան ներքոյ:

Էբրահիմ Ռէյիսին շեշտել է, որ Իրանը պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղութեան հաստատմանը՝ յաւելելով, որ Հայաստանի անվտանգութեան հարցը կարեւոր է Իրանի համար:

Ինչպէս յայտնի է Իրանի եւ Հայաստանի միջեւ գործում է բեռնափոխադրումների համար մուտքի տուրքեր, սակայն, վերջերս երկու կողմերի տարբեր պաշտօնեաներ յայտարարել են, որ պատրաստ են տուրքերի փոխադարձ չեղարկմանն: Այդ հարցի մանրամասները պարզելու նպատակով զրուցել ենք Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր եւ Իրան-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ Արա Շահվերդեանի հետ։ Հաղորդում է «alikonline.ir»-ը:

Արա Շահվերդեանի հետ զրոյցի ընթացքում հետաքրքրւեցինք, կարող է արդեօք պարզել այդ յայտարարութիւնները համապատասխանում են իրականութեանը, թէ՞ ոչ։

Շահվերդեանը նշեց. «Իրանն ու Հայաստանը նախնական պայմանաւորւածութիւն են ձեռք բերել աւտոմեքենաների մուտքի համար մաքսատուրքերի գների նւազեցման վերաբերեալ: Կողմերի միջեւ վերջերս նաեւ պայմանաւորւածութիւն է ձեռք բերւել բեռնափոխադրումների հետ կապւած խնդիրների լուծման հարցով»։

Շահվերդեանը նշեց, որ նախնական համատեղ աշխատանք է իրականացւել, որպէսզի երկու երկրները միաժամանակ չեղարկեն վճարումները խոշոր բեռնատարների մուտքի համար։

Հարցմանը, թէ արդեօք մաքսատուրքերի գների երկկողմանի չեղարկման  վերաբերեալ՝ հնարաւո՞ր է մօտաւոր թւականներ նշել, Արա Շահվերդեանը պատասխանեց. «Բեռնափոխադրումների ծաւալների աճի ապահովման, տուրքերի երկկողմանի չեղարկման վերաբերեալ առայժմ շարունակւում են բանակցութիւններ։ Հնարաւոր ժամկէտներ, դեռեւս պարզ չեն, սակայն հայկական կողմի մօտ պակասում է անհրաժեշտ կամքի առկայութիւնը»։

Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւորն ընդգծեց. «իրանական կողմի մօտ տպաւորութիւնն այն է, որ Երեւանը չի ցանկանում գնալ այդ քայլին՝ տուրքերի չեղարկմանն, որն բնականաբար նաեւ այդ երկրի համար եկամուտի մեծ աղբիւր է. Սակայն, այդ ծրագրի իրականացումը կարող է նպաստել երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառութեան ծաւալների սրընթաց աճին»։

Նշենք, որ ըստ ՀՀ Տարածքային կառավարման եւ ենթակառուցւածքների նախարարութեան՝ Հայաստան իրանական բեռնատարների մուտքի եւ Իրանի տարածք հայկական բեռնատարների մուտքի դրոյքաչափերը սահմանւում են ՀՀ Հարկային օրէնսգրքի 188-րդ յօդւածի համաձայն։ Ըստ այդ յօդւածի, որի ամբողջական ցուցակը ներկայացրել է Taxinfo կայքը, օրինակ, մինչեւ 1,5 տոննա ներառեալ քաշով բեռնատարների համար 15 օրով Հայաստան մուտք գործելու վճարը կազմում է 15 հազար դրամ: 20-30 տոննա քաշով բեռնատարների համար 15 օրով Հայաստան մուտք գործելու վճարը կազմում է 110 հազար դրամ, 100 տոննայից աւելի՝ 753 հազար դրամ:

 

ՍԻՒՆԷ ՖԱՐՄԱՆԵԱՆ

 

Իրանի արտգործնախարարութիւնը հայերէն գրառմամբ ցաւակցութիւն է յայտնել Հայաստանի ժողովրդին եւ Կառավարութեանը՝ Երեւանի «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթիւնի կապակցութեամբ:

«Ցաւով տեղեկացանք Երեւանում տեղի ունեցած պայթիւնի ողբերգական դէպքի մասին, որը յանգեցրել է տասնեակ զոհերի եւ վիրաւորների: Ցաւակցելով Հայաստանի ժողովրդին եւ Կառավարութեանը եւ կարեկցանք յայտնելով դէպքի հետեւանքով զոհւածների ընտանիքներին` վիրաւորներին մաղթում ենք շուտափոյթ ապաքինում»,- նշւած է Իրանի ԱԳՆ-ի Twitter-ի պաշտօնական միկրոբլոգում:

ՀՀ-ում Իրանի Իսլ. Հանրապետութեան դեսպանութիւնն իր ցաւակցութիւնն է յայտնել Երեւանի «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական դէպքի կապակցութեամբ:

«Երեւանում ԻԻՀ դեսպանութիւնն իր ցաւակցութիւնն է յայտնում «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթիւնի հետեւանքով զոհւածների ընտանիքներին։ Կիսում ենք Ձեզ հետ այս ողբերգութեան ցաւը։ Զոհւածների ընտանիքներին մաղթում ենք համբերութիւն, իսկ վիրաւորներին՝ շուտափոյթ ապաքինում»,- «Արմէնպրես»-ի հաղորդմամբ տեղեկացնում է «alikonline.ir»-ը։

Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի հետ հեռախօսազրոյցում շեշտել է, որ Իրանը տարածաշրջանի աշխարհաքաղաքական քարտէզի փոփոխութիւն չի հանդուրժի, ըստ Կառավարութեան կայքի հաղորդում է «alikonline.ir»-ը:

Պատասխանելով, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի հեռախօսազանգին նախագահը պատրաստակամութիւն է յայտնել ամբողջ ներուժն իրացնել՝ կովկասեան տարածաշրջանում խաղաղութեան եւ կայունութեան հաստատման ու ամրապնդման ուղղութեամբ:

Անդրադառնալով Իրանի եւ Հայաստանի միջեւ յարաբերութիւններին, այդ կապերը որակել է, որպէս խորը պատմական բնոյթի եւ կարեւորել է ծրագրաւորման եւ համապատասխան քայլերի ձեռնարկման անհրաժեշտութիւնը՝ հետագայ գործակցութիւնները նոր մակարդակի բարձրացնելու ուղղութեամբ:

Անդրադառնալով կովկասեան տարածաշրջանում նախորդ օրերի լարւածութեան աճին արձանագրմանը, նախագահ Ռէյիսին շեշտել է, որ կողմերը անհրաժեշտ է հաւատարիմ մնան եռակողմ յայտարարութեան բոլոր կէտերին: Ընդգծելով, որ չլուծւած հարցերը հարկաւոր է կարգաւորել դիւանագիտական երկխօսութեան ճանապարհով: Նա յաւելել է, որ խաղաղութեան եւ անվտանգութեան հաստատման համար լաւագոյն ուղին դիւանագիտական ճանապարհն է:

Այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին, հայկական կողմին յիշեցրել է, մասնաւորապէս՝ Իսլ. յեղափոխութեան առաջնորդի ռազմավարական բնոյթի ցուցումները, որն արտայայտել էր Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների հետ հանդիպման ընթացքում: Ըստ Իսլ. յեղափոխութեան առաջնորդի՝ Իրանը զգայուն է աշխարհաքաղաքական սահմանների անվտանգութեան պահպանման հարցին, յատկապէս՝ կովկասեան տարածաշրջանի սահմանների նկատմամբ:

Նախագահը հակազդելով, աշխարհաքաղաքական քարտէզի փոփոխութեանը միտւած ջանքերին, այդ փորձերը անընդունելի է համարել եւ պատրաստակամութիւն է յայտնել նպաստելու կովկասեան տարածաշրջանի կայունութեան եւ խաղաղութեան հաստատման ուղղութեամբ:

Նիկոլ Փաշինեանն էլ իր հերթին համապարփակ ներկայացրել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վերջին լարւածութիւնները, ապա գոհունակութիւն յայտնել երկու երկրների միջեւ յարաբերութիւնների զարգացման ձեռնարկւած քայլերի առնչութեամբ, պատրաստակամութիւն յայտնելով նպաստելու, մասնաւորապէս՝ բեռնափոխադրումների եւ տարանցման ընթացակարգերի սահունացման եւ ենթակառուցւածքային ոլորտում կապերի խորացման:

Օգոստոսի 10-11-ը ՀՀ Սիւնիքի մարզի Սիսիան քաղաքում տեղի կունենայ «Նաւասարդ» խորագրով հայ-իրանական մշակութային, խոհանոցային փառատօն։

Փառատօնը նախատեսւում է իրականացնել երկու օր: Առաջին օրւայ ընթացքում փառատօնի մասնակից հայկական եւ իրանական թիմերը տաղաւարներում պատրաստում եւ ներկայացնում են իրենց խոհանոցի բազմազանութիւնն ու պատմութիւնը՝ սկսած Ուրարատա-Աքեմենեան ժամանակաշրջանից։ Տեղեկացնում է alikonline.ir-ը։

Մշակութային եւ երաժշտական գօտիներում ներկայացւում է երգ, պար, երաժշտութիւն, արւեստի գործեր, արհեստագործական արտադրանք։ Մինչ փառատօնի վերոնշեալ հիմանական մասը, կազմակերպւում է մրցոյթ մասնակից թիմերի միջեւ տարբեր անւանակարգերով, իսկ փառատօնի աւարտին կատարւում է մրցանակների շնորհման արարողութիւն։

Յաջորդ օրը` օգոստոսի 11- ին, ժամը 03:00-05:00, նախատեսւում է այցելութիւն «Զօրաց Քարեր բնակատեղի» պատմամշակութային արգելոց՝ աստղային դիտման նպատակով, որտեղ լարային քառեակը կը ներկայացնի նաեւ հայ դասական երաժշտութիւն։ Ժամը 04:00-ին Հայկ համաստեղութեան ծագման պահին ջութակով կը հնչի Կոմիտասի Կռունկը։

Փառատօնը կազմակերպում են Տուրիզմի Հայկական ֆեդերացիան եւ «Հայ Խոհարարական աւանդոյթների զարգացման եւ պահպանման» ՀԿ-ն՝ ՀՀ ԷՆ զբօսաշրջութեան կոմիտէի աջակցութեամբ, ՀՀ Սիւնիքի մարզպետարանի, Սիսիանի համայնքապետարանի, Իրանի Իսլամական Հանրապետութեան Մշակութային ժառանգութեան, ձեռնարւեստի եւ զբօսաշրջութեան նախարարութեան, ՀՀ-ում ԻԻՀ դեսպանութեան եւ ՀՀ-ում ԻԻՀ-ն դեսպանատան Մշակոյթի կենտրոնի հետ համագործակցութեամբ։

Մարտի 15-ին ՀՀ պաշտպանութեան նախարար Սուրէն Պապիկեանն ընդունել է Հայաստանի Հանրապետութիւնում Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանութեան ռազմական կցորդ, գնդապետ Բահման Սադեղինը: Այս մասին հաղորդում է ՀՀ պաշտպանութեան նախարարութիւնը:

Կողմերն անդրադարձել են հայ-իրանական երկկողմ համագործակցութեան հեռանկարներին, քննարկել տարածաշրջանային եւ միջազգային անվտանգութեանն առնչւող մի շարք հարցեր:

ՀՀ պաշտպանութեան նախարարը ներկայացրել է նաեւ իրադրութիւնը հայ-ադրբեջանական սահմանագօտում եւ Արցախում:

Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին շնորհաւորել է Վահագն Խաչատուրեանին՝ Հայաստանի Հանրապետութեան նախագահի պաշտօնում ընտրւելու կապակցութեամբ։

Շնորհաւորական ուղերձում նախագահը Իրանի եւ Հայաստանի միջեւ վերջին երեք տասնամեակի ընթացքում ձեւաւորւած եւ խորը պատմամշակութային կապերի վրայ հիմնւած բարեկամական յարաբերութիւնները համարել է ամուր հիմք երկու երկրների միջեւ համապարփակ յարաբերութիւնների ընդլայնման եւ խթանման համար, ինչպէս նաեւ՝ երկկողմ շահերի ապահովման ուղղութեամբ՝ տարածաշրջանում խաղաղութեան, կայունութեան ու անվտանգութեան ամրապնդելու նպատակով: Հաղորդում է «alikonline.ir»-ը: 

Նախագահը յոյս է յայտնել, որ երկու երկրների յարաբերութիւնները նոր փուլ կը թեւակոխեն՝ իրացնելով անցեալի փորձը եւ փոխադարձ կամքն ու ջանքերը:

Յիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովը Վահագն Խաչատուրեանին Հայաստանի Հանրապետութեան նախագահի պաշտօնում ընտրել էր մարտի 3-ին: ՀՀ նորընտիր նախագահը պաշտօնը կը ստանձնի ԱԺ յատուկ նիստում, որը կանցկացւի մարտի 13-ին:

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մարտի 3-ին ընդունել է ԻԻՀ արդիւնաբերութեան, հանքերի եւ առևտրի նախարար Սեյէդ Ռեզա Ֆաթեմի Ամինի գլխաւորած պատւիրակութեանը՝ երկու երկրների միջև առևտրային յարաբերութիւնների ընդլայնման հնարաւորութիւնները քննարկելու նպատակով:
Հանդիպմանը ներկայ էին նաեւ ԻԻՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, Իրանի խորհրդարանի պատգամաւորներ, հարաւային իրանահայութեան պատգամաւոր` Ռոբերտ Բեգլարեանը եւ
Էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Նարեկ Տէրեանն ու Արշակ Ասլանեանը։

Ողջունելով հիւրերին՝ Վահան Քերոբեանը նշել է․ «Հայաստանի և Իրանի միջև առևտրատնտեսական յարաբերութիւնները շարունակում են զարգանալ․ 2021 թ.֊ին Հայաստանի առևտրաշրջանառութիւնն Իրանի հետ 25%-ով աճել է, եւ մեր նպատակն է այդ ցուցանիշը հասցնել 1 մլրդ դոլարի։ Յուսով եմ՝ այցի շրջանակում նախատեսւած հանդիպումներն արդիւնաւէտ կանցնեն եւ կը նախանշւեն նոր համատեղ նախագծեր, որոնք առաւել կը նպաստեն մեր երկու երկրների միջեւ առեւտրային կապերի ուժեղացմանն ու խոշոր ծրագրերի իրականացմանը»։

Ռեզա Ֆաթեմի Ամինն իր կողմից ընդգծել է, որ Հայաստանի եւ Իրանի միջև ձեւաւորւել են քաղաքական ու մշակութային բարձր մակարդակի յարաբերութիւններ, եւ անհրաժեշտ է գործնական քայլեր ձեռնարկել, որպէսզի տնտեսութեան ոլորտում երկու երկրների փոխգործակցութիւնը նույնպէս հասնի նման բարձր մակարդակի։    

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են փոխադարձ արտահանումների ծաւալների աւելացման, համատեղ ներդրումային ծրագրերի իրականացման, իրանական ընկերութիւնների մասնակցութեամբ արդիւնաբերական աւանի կառուցման հնարաւորութիւնները։

Անդրադարձ է կատարվել նաև լոգիստիկ ենթակառուցւածքների բարելաւման,  բեռնափոխադրումների գործընթացում ընթացակարգերի պարզեցման եւ կանոնակարգման, ինչպէս նաև տարանցիկ բեռնափոխադրումների վճարների դրոյքաչափերի վերանայման հարցերին։

Քննարկւել է նաեւ իրանական բեռնատարների համար ՀՀ մուտքի տուրքերի նւազեցման հնարաւորութիւնը։ Այս առնչութեամբ Վահան Քերոբեանը նշել է, որ գործող կարգավորումների շրջանակում ջանքեր կը գործադրւեն խնդիրը կարգավորելու ուղղութեամբ։ 

Վահան Քերոբեանն առաջարկել է իրանական կողմին, բացի Եւրասիական տնտեսական միութիւնից, դիտարկել նաեւ երկու երկրների արտադրանքը դէպի երրորդ երկրներ արտահանելու հնարաւորութիւնները:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ մեքենաշինութեան ոլորտում համատեղ նախագծերի եւ ներդրումային ծրագրերի իրականացմանը՝ յատկապէս շեշտադրելով էլեկտրական մեքենաների արտադրութեան հնարաւոր կազմակերպումը։

Քննարկւել են նաև գիւղատնտեսութեան ոլորտում համագործակցության առաւել հեռանկարային ուղղութիւնները։ Այս համատեքստում Սեյէդ Ռեզա Ֆաթեմի Ամինը նշել է, որ իրանական կողմը յատկապէս հետաքրքրւած է Հայաստանից դէպի Իրան մանր եղջերաւոր կենդանիների արտահանմամբ։

ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Գէվորգ Պապոյեանը, խմբի անդամներ Մարիամ Պօղոսեանը, Նարեկ Բաբայեանը, Գուրգէն Մելքոնեանը, Աննա Գրիգորեանը, Քրիստինէ Վարդանեանը, Գեղամ Նազարեանը մարտի 4-ին հանդիպել են Իրանի Իսլամական Խորհրդարանի պատգամաւորներ Սեյէդ Ահմադ Ռասուլինեժադի, Մասումէ Փաշայի եւ ԻԻ Խորհրդարանի Իրան-Հայաստան բարեկամական խմբի անդամ Ռոբերտ Բեգլարեանի հետ:

Գէվորգ Պապոյեանը բարձր է գնահատել երկու պետութիւնների միջեւ բարեկամական յարաբերութիւնները, որոնք հարիւրաւոր տարիների պատմութիւն ունեն: Անդրադառնալով վերջերս տեղի ունեցած Իրանի խորհրդարանի Իրան-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ հանդիպմանը` բարեկամական խմբի ղեկավարը նշել է, որ քաղաքական, տնտեսական, տարածաշրջանային, ենթակառուցւածքային, բնապահպանական մի շարք հարցեր են քննարկվել, որոնք երկուստէք կարեւոր նշանակութիւն ունեն:

Սեյէդ Ահմադ Ռասուլինեժադին շնորհակալութիւն է յայտնել ջերմ ընդունելութեան համար: Նա նշել է, որ Իրանի ժողովուրդը իւրայատուկ յարգանք է տածում հայ ժողովրդի նկատմամբ: Ըստ Սեյէդ Ահմադ Ռասուլինեժադի` նման հանդիպումները, փոխայցերը կը նպաստեն տարբեր բնագաւառներում հայ-իրանական բարեկամական յարաբերութիւնների հետագայ խորացմանը:

Անդրադարձ է կատարւել Հիւսիս-հարաւ ճանապարհին, համագործակցութեան ընդլայնման հնարաւորութիւններին, բնապահպանական խնդիրներին վերաբերող հարցերին: Կարեւորւել է երկու երկրների միջեւ յատկապէս տնտեսական կապերի զարգացումը:

 

ԱԳ նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանը շնորհաւորական ուղերձ է յղել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյեանին՝ Իրանի եւ Հայաստանի միջեւ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատման 30-ամեակի առթիւ. ըստ ԻՌՆԱ-ի հաղորդում է alikonline.ir-ը:

Շնորհաւորական ուղերձում նախարարը նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետութիւնն առաջին երկրներից է, որը ճանաչել է Հայաստանի Հանրապետութեան անկախութիւնը եւ պաշտօնական դիւանագիտական յարաբերութիւններ է հաստատել ՀՀ-ի հետ:

ԱԳ նախարարը մասնաւորապէս նշել է. «Վերջին մէկ տարւայ ընթացքում երկու երկրների յարաբերութիւններն ընդլայնւել ու ամրապնդւել են՝ տարբեր ոլորտներում եւ բազմաթիւ փաստաթղթերի ստորագրմամբ համագործակցութեան իրաւական հիմքեր են արձանագրւել»։

Նախարարը յաւելել է, որ Իրանը վճռակամ է ընդլայնել Հայաստանի Հանրապետութեան հետ երկկողմ եւ տարածաշրջանային համագործակցութիւնը։

 

Իրանի Իսլամական Հանրապետութիւնը հիւպատոսութիւն կը բացի Կապանում. ըստ Yerkir.am-ի` յայտնում է իրանական պետական IRNA-ն:

Իրանի կառավարութիւնը հաւանութիւն է տւել Հայաստանի հետ սահմանամերձ Սիւնիքի մարզի Կապան քաղաքում հիւպատոսութիւն բացելու` արտաքին գործերի նախարարութեան առաջարկին:

Նշենք, որ Կապանով է անցնում Իրանը ԵԱՏՄ-ին կապող Հիւսիս-հարաւ միջանցքի հիմնական երթուղին:

Աւելի վաղ Իրանը յայտարարել էր, որ իր հարեւանների տարածքային ամբողջականութիւնը համարում է կարմիր գիծ` ակնարկելով Սիւնիքում Ադրբեջանին տրւող միջանցքը, որն Իրանին կը զրկէր Հայաստանի հետ ցամաքային սահմանից:

 

Հայաստանում գտնւող Իրանի Իսլամական Հանրապետութեան Մեջլիսի Իրան-Հայաստան  պատգամաւորական  բարեկամութեան խմբի անդամները ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Գէորգ Պապոյեանի, խմբի անդամներ Նարեկ Բաբայեանի եւ Շիրակ Թորոսեանի ուղեկցութեամբ դեկտեմբերի 21-ին այցելել են Ծիծեռնակաբերդի յուշահամալիր: Տեղեկութիւնը հաղորդում է ԱԺ մամուլի ծառայութիւնը։

 Պատւիրակութեան անդամները ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մօտ եւ լռութեամբ յարգել Հայոց ցեղասպանութեան նահատակների յիշատակը:

 ԻԻՀ Մեջլիսի ազգային անվտանգութեան եւ արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի անդամ Մահմուդ  Ահմադի Բիղաշը նշել է, որ առաջին անգամ է Հայաստանում: «Նախորդ դարում կատարւած ցեղասպանութեան մասին տեղեկութիւններ, իհարկէ, ունէի, սակայն այս այցը պատճառ դարձաւ, որ իմ տեղեկութիւններն աւելանան: Ինձ յատկապէս տխրեցրեց այն, որ  մարդկութիւնն այդքան տմարդի ու կենդանաբարոյ կարող է լինել, որ ոչ միայն նման վարւելակերպ ունենայ, այլեւ աւելի վատ` իր արածը չընդունի»,-նշել է Մեջլիսի պատգամաւորը:

 Հայոց ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտում հիւրերը ծանօթացել են 20-րդ դարի առաջին արհաւիրքը պատկերող վաւերագրերին, դիտել ցուցանմուշները, գրառում կատարել «Պատուաւոր հիւրերի» յուշամատեանում:

 

Դեկտեմբերի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետութեան Մեջլիսի Իրան-Հայաստան պատգամաւորական բարեկամութեան խմբի անդամներին. Հաղորդում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատւական համակարգը:

Ողջոյնի իր խօսքում Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ Հայաստանի եւ Իրանի միջեւ հաստատւած բարեկամական յարաբերութիւններն ու սերտ փոխգործակցութիւնն ունեն հարուստ պատմութիւն: Երկու երկրների կապերի խորացման եւ ամրապնդման գործում, ըստ Նորին Սրբութեան, իր մեծ նպաստն է բերում նաեւ Իրանի հայ համայնքը, որն Իրանի իշխանութիւնների բարեացակամ վերաբերմունքի շնորհիւ կարողացել է պահպանել իր ազգային մշակոյթն ու արժէքները:

Իր հերթին Մեջլիսի Իրան-Հայաստան պատգամաւորական բարեկամութեան խմբի ղեկավար Սէյեդ Մեհդի Ֆարշադանն Ամենայն Հայոց Հայրապետին տեղեկութիւններ փոխանցեց իրենց այցի ծրագրերի եւ ակնկալիքների վերաբերեալ: Վերջինս հայ-իրանական բարեկամական կապերի խորացման գործում կարեւոր նկատեց նաեւ երկու երկրների հոգեւոր առաջնորդների դերակատարութիւնը: Սէյեդ Մեհդի Ֆարշադանը, անդրադարձ կատարելով տարածաշրջանային իրավիճակին, ընդգծեց հակամարտութիւնների խաղաղ կարգաւորման անհրաժեշտութիւնը:

Զրոյցի ընթացքում Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը շնորհակալութիւն յայտնեց Իրանի Իսլամական Հանրապետութեանն արցախեան պատերազմի եւ յետպատերազմեան դժւարին ժամանակաշրջանում Հայաստանին ցուցաբերած զօրակցութեան համար:

Իր բարեմաղթանքները բերելով Իրան-Հայաստան պատգամաւորական բարեկամութեան խմբի անդամներն` Վեհափառ Հայրապետը յոյս յայտնեց, որ երկու երկրների միջխորհրդարանական հանդիպումները բարի արդիւքներ կարձանագրեն ի նպաստ բարեկամ ժողովուրդների փոխյարաբերութիւնների առաւել սերտացման:

Հայաստանի Հանրապետութեան Ազգային Ժողովի նախագահ Ալէն Սիմոնեանը դեկտեմբերի 20-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետութեան Մեջլիսի Իրան-Հայաստան պատգամաւորական բարեկամութեան խմբի ղեկավար Սէյեդ Մեհդի Ֆարշադանի գլխաւորած պատւիրակութեանը: Այս մասին հաղորդել է ՀՀ ԱԺ պաշտօնական կայքը:

Ողջունելով հիւրերին` ՀՀ ԱԺ նախագահը վստահութիւն է յայտնել, որ բարեկամութեան խմբի այցը հայ-իրանական սերտ յարաբերութիւնների համար գործուն նշանակութիւն է ունենալու` ի նպաստ միջխորհրդարանական համագործակցութեան յետագայ ամրապնդմանը:

Կողմերն արձանագրել են երկու երկրների միջեւ քաղաքական ակտիւ երկխօսութիւնը, որն ամուր հիմք եւ երաշխիք է բազմաթիւ ոլորտներում միջպետական յարաբերութիւնների զարգացման համար: Կարեւորւել է միջխորհրդարանական համագործակցութեան զարգացումը` այն դիտարկելով որպէս բարեկամ երկրների միասնական տեսակէտների շրջանակի ընդլայնման առանցքային պլատֆորմ: Այս համատեքստում ընդգծւել է պատգամաւորական բարեկամութեան խմբերի արդիւնաւէտ գործունէութիւնը:

Հանդիպմանը զրոյց է ծաւալւել տարածաշրջանում տեւական խաղաղութեան եւ կայունութեան անհրաժեշտութեան շուրջ: Ալէն Սիմոնեանն անդրադարձել է ադրբեջանական կողմի ապակառուցողական վարքագծին` նշելով, որ այն բացասական ազդեցութիւն է ունենում ոչ միայն Հայաստանի, այլեւ` տարածաշրջանի միւս երկրների վրայ:

Հանդիպման աւարտին Իրան-Հայաստան պատգամաւորական բարեկամութեան խմբի ղեկավար Սէյեդ Մեհդի Ֆարշադանը ՀՀ ԱԺ նախագահին է փոխանցել Իրանի Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի` Իրան պաշտօնական այցի հրաւէրը:

ԻԻՀ հեռուստառադիոընկերութեան Առաջին հեռուստաալիքը կը պատմի տարաբնոյթ իրադարձութիւններով լի ճանապարհորդութեան մասին դէպի հիւսիսարեւմտեան հարեւան երկիր` Հայաստան: Մի շարք հաղորդումների ընթացքում կը ներկայացւեն երկու երկրների մշակութային ընդհանրութիւններն ու տարբերութիւնները, նաեւ` Հայաստանի քաղաքացիների կարծիքը Իրանի ու իրանցիների մասին. ըստ Pars Today–ի հաղորդում է yerkir.am-ը:

Ծրագրերում կը ներկայացւեն փորձագէտների ու դիւանագէտների կարծիքները երկու երկրների տնտեսական համագործակցութեան, Հայաստանի տարածքով իրանական ապրանքների` ԵԱՏՄ շուկայ մուտք գործելու վերաբերեալ:

Հաղորդման առաջին մասը եթեր է հեռարձակւել նոյեմբերի 23-ի երեկոյեան:

«Հայաստանը` որպէս ԵԱՏՄ դարպաս» վաւերագրական ֆիլմը Իրանի Իսլամական Հանրապետութեան Առաջին ալիքի եթերում կը ցուցադրւի կիրակի եւ երեքշաբթի` Թեհրանի ժամանակով 19:40-ին:

Նոյեմբերի 22-ին ԻԻՀ-ում ՀՀ նորանշանակ արտակարգ եւ լիազօր դեսպան Արսէն Աւագեանն իր հաւատարմագրերի ­պատճէնը յանձնեց ԻԻՀ արտաքին գործերի նախարար Հոսէյն Ամիր Աբդոլլահեանին:

Հոկտեմբերի 28-ին տեղի ունեցաւ ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Ա. Թումանեանի հանդիպումը ԻԻՀ ճանապարհների եւ քաղաքաշինութեան նախարար Ռոստամ Ղասեմիի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկւեցին Գորիս-Կապան այլընտրանքային ճանապարհի, «Հիւսիս-հարաւ» մայրուղու շինարարական աշխատանքներին եւ «Պարսից ծոց-Սեւ ծով» տրանսպորտային միջանցքին առնչւող հարցեր: Երկուստեք կարեւորւեց նշեալ ծրագրերի իրականացումը:

Յայտնելով, որ աւարտին են մօտենում Գորիս-Կապան այլընտրանքային ճանապարհի շինաշխատանքները, եւ ընդգծելով 2022թ-ից Հայաստանում մեկնարկւող ճանապարհաշինարարական մեծ ծրագրի մասին` դեսպան Թումանեանը կարեւորեց իրանական ընկերութիւնների մասնակցութեան հնարաւորութիւնը այդ ծրագրին:

Հանդիպման վերջում նախարար Ղասեմին, փոխանցելով իրանական կողմի համագործակցութեան պատրաստակամութեան մասին, շնորհակալութիւն յայտնեց դեսպան Թումանեանին կատարած աշխատանքի համար` յոյս յայտնելով, որ ապագայում եւս կը շարունակւի հայ-իրանական համագործակցութիւնը եւ կեանքի կը կոչւեն նոր ծրագրեր: 

 

 ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանի հրամանագրով Արսէն Աւագեանը նշանակւել է Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան. այս մասին հաղորդում է «alikonline.ir»-ը։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկութիւնը` համաձայն Սահմանադրութեան 132-րդ յօդւածի 1-ին մասի 2-րդ կէտի, ինչպէս նաեւ «Դիւանագիտական ծառայութեան մասին» օրէնքի 14-րդ յօդւածի 1-ին մասի.
Արսէն Աւագեանին նշանակել Իրանի Իսլամական Հանրապետութիւնում Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան (նստավայրը՝ Թեհրան)»,- ասւում է ՀՀ նախագահի հրամանագրում։

Մինչ այս Արսէն Աւագեանը զբաղեցնում էր ՀՀ արտաքին գործերի նախարարութեան սահմանակից երկրների վարչութեան պետի պաշտօնը։

Աւելի վաղ, Արմէն Սարգսեանի մէկ այլ հրամանագրով, Արտաշէս Թումանեանն ազատւել էր Իրանում ՀՀ դեսպան պաշտօնից։