Աղբիւր՝ www.hyeli.com

 

Թուրքիայի փաստաբաններից եւ իրաւապաշտպաննե-րից կազմւած քաղաքացիական նախաձեռնութիւնը Հայոց ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցին ընդառաջ «2015-ին մէկ տարի մնացած. մեր անցեալն ու ապագան» կոչւած գիտաժողով է ծրագրել անցկացնել: Այն պէտք է տեղի ունենայ մարտի 16-ին Ստամբուլում հաղորդում է «Արմէնպրես»-ը:

Կարեւորելով գիտաժողովի անցկացումը, նախաձեռնող խմբի անդամ, թուրքական «Դէմոքրաթհաբեր» կայքի խմբագիր Մեհմեդ Գեօջեքլին այդ առնչութեամբ ասել է, որ Հայոց ցեղասպանութեան հարցն այնքան կարեւոր է, որ պէտք է չթողնել, որ պետութիւններն այն ծառայեցնեն իրենց քաղաքական շահերին:

«Եթէ մեր ժողովուրդն այդքան շատ է սիրում պատմութիւն, պատմական ֆիլմեր է ցուցադրում եւ գրքեր վաճառում, ուրեմն, եկեք բոլորս միասին պատմութիւն կարդանք եւ ուսումնասիրենք, թէ իրականում ինչ է կատարւել 1915 թւականին: Միայն այն փաստը, որ 100 տարի առաջ Վանի բնակչութեան մեծ մասը հայեր են եղել ու այժմ չկան, անհանգստացնող է: Ու՞ր գնացին այդ մարդիկ, ինչու՞ գնացին, ձեզ չի՞ հետաքրքրում», -ասել է նա:

Նրա խօսքով, եթէ պետութիւնները պատրաստւում են Հայոց ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցին, ուրեմն 1915-ին պէտք է պատրաստւեն նաեւ այդ հողերում ապրած ժողովուրդները: «Եթէ պետութիւնները դա անում են սեփական քաղաքական նպատակներից ելնելով, ապա մենք դա պէտք է անենք հանուն իրական փաստերի մասին խօսելու, մեր անցեալի հետ առերեսւելու եւ արժանապատիւ ապագայի»,- ասել է թուրք խմբագրապետը: