Աղբիւր՝ www.yerkirmedia.am

Շւեցարիայի  հանրային հեռուստառադիոընկերութիւնը (RTS) հատւածներ է հրապարակել  Հայաստանի Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգսեանի հետ հարցազրոյցից:

Նոյեմբերի 11-ի արարողութիւններին ընդառաջ, երբ բազմաթիւ երկրներում կը նշւի Առաջին աշխարհամարտի  աւարտի 100-ամեակը, Հայաստանի նախագահ Արմէն Սարգսեանը յոյս է յայտնել, որ այդ իրադարձութիւնն առիթ կը հանդիսանայ «Ճանաչելու» կամ «Յիշելու 1915-1916-ին հայերի կրած ցեղասպանութիւնը»:

«Ես չգիտեմ, թէ ինչպէս կարելի է խօսել Առաջին համաշխարհային պատերազմի մասին` առանց անդրադառնալու այն ողբերգութեանը, որ տեղի է ունեցել շուրջ 105 տարի առաջ եւ առանց խօսելու ցեղասպանութեան մասին: Երկրների ղեկավարների կողմից ճանաչումը կամ կոչը բարձր կը գնահատւի իմ կողմից, Հայաստանի եւ ամբողջ հայ ժողովրդի կ'ողմից»,- RTS-ին ասել է Արմէն Սարգսեանը:

«Հայոց ցեղասպանութեան ճանաչումը պարզապէս մի ողբերգութեան ճանաչում չէ, որը վերաբերում է մէկ ժողովրդի: Նախ եւ առաջ դա 20-րդ առաջին, ամենամեծ ցեղասպանութիւնն է: Քանի որ այն չկանխւեց, ճանաչում ու դատապարտում չունեցաւ, յետագայում եւս 20-րդ դարում ցեղասպանութիւնները կրկնւեցին»,-շարունակել է նախագահը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին իր ուղերձի վերաբերեալ հարցին ի պատասխան` Արմէն Սարգսեանն ասել է, թէ պատրաստ է երկխօսութեան: Նա չի բացառել, որ մի օր ներում կը լինի, սակայն «Ներումը գալիս է ճանաչումից յետոյ»: Նրա համոզմամբ` այդ ճանաչումը պատմական աւելի լայն ընդգրկում կունենայ, քանի որ հայոց ցեղասպանութիւնը «20-րդ դարի առաջին ցեղասպանութիւնն էր»:

«Ես նախ եւ առաջ կասէի Էրդողանին. «Բարի լոյս, պարոն նախագահ: Կարծում եմ` մենք միասին քննարկելու հարց ունենք: Դու Թուրքիայի նախագահն ես, իսկ ես` Հայաստանի: Իմ ընտանիքը, իմ նախնիները Էրզրումից, Վանից ու Բիթլիսից են: Իմ հին ընտանիքը պատմութիւն ունի: Ինչո՞ւ չխօսենք Թուրքիայի ու Հայաստանի միջեւ յարաբերութիւնների մասին, ինչո՞ւ չխօսենք մեր անձնական պատմութիւնների մասին: Մենք պէտք է խօսենք ոչ միայն պատմութեան, այլեւ ապագայի մասին` քո ու իմ երեխաների, թոռների ապագայի, մեր երկու ժողովուրդների մասին: Ես քրիստոնեայ եմ: Քրիստոնէութիւնը սովորեցնում է, որ միշտ կայ ներելու հնարաւորութիւն, սակայն ներողամտութիւնը կարող է միայն յաջորդել ճանաչմանը»,-ասել է նախագահ Սարգսեանը:

Հայաստանի նախագահը յայտնել է, որ պայմանաւորւել է Էմանուէլ Մակրօնի հետ կազմակերպել բարեգործական մեծ համերգ Շառլ Ազնաւուրի յիշատակին, «Ըստ ամենայնի, 2019-ի հոկտեմբերին»:

Հայաստանի նախագահը RTS-ին տուած հարցազրոյցում խօսել է նաեւ Հայաստանի ճկունութեան մասին: «Մեր երկիրը երիտասարդ է, նա գտնւում է Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ», -ասել է նա: