Աղբիւր՝ www.yerkirmedia.am

Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Սիգրիդ Քաադը սպասելի էր համարում իրենց երկրի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանութեան մասին բանաձեւերի ընդունման առնչութեամբ պաշտօնական Անկարայի արձագանքը: Ինչպէս հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է De Telegraf պարբերականը:

«Թուրքական կողմից նման արձագանքը սպասելի էր»,- ասել է նախարարը` չցանկանալով, սակայն, այլ մեկնաբանութիւններ անել հարցի առնչութեամբ, քանի որ, ըստ նրա, արձագանքներին պատասխանելը լաւ միտք չէ:

Նիդերլանդների խորհրդարանը փետրւարի 22-ին քւէարկութեան արդիւնքներով ձայների բացարձակ մեծամասնութեամբ ընդունել է երկրի կոալիցիոն կառավարութեան մէջ մտնող «Քրիստոնէական միութիւն» կուսակցութեան անդամ Ջոել Ֆորդեւինդի ներկայացրած Հայոց ցեղասպանութեան մասին երկու որոշումները: