Աղբիւր՝ www.yerakouyn.com

 

Վրաստանի նախագահ Գիորգի Մարկւելաշւիլիի գլխաւորած պատւիրակութիւնը փետրւարի 27-ին այցելել է Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանութեան զոհերի յուշահամալիր:

Վրաստանի նախագահը ծաղկեպսակ է դրել է Մեծ Եղեռնի զոհերի յուշարձանին, ծաղիկներ` անմար կրակի մօտ եւ մէկ վայրկեան լռութեամբ յարգել է Հայոց ցեղասպանութեան անմեղ զոհերի յիշատակը:

Վրաստանից ժամանած պատւիրակութեան անդամները շրջայց են կատարել նաեւ Յիշողութեան պուրակում, որտեղ Գիորգի Մարկւելաշւիլին տնկել է եղեւնի: Վրաստանի ղեկավարին ուղեկցել են ՀՀ արտաքին գործոց նախարար Էդւարդ Նալբանդեանը, Երեւանի փոխ-քաղաքապետ Կամօ Արէյեանը, Հայաստանում Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանաշւիլին, Վրաստանում ՀՀ դեսպան Յովհաննէս Մանուկեանը եւ այլք:

Վրաստանի նախագահ Գիորգի Մարկւելաշւիլին փետրւարի 27-ին երկօրեայ պաշտօնական այցով Հայաստան էր ժամանել ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի հրաւէրով: Այցի ընթացքում նախատեսւել էին հանդիպումներ Հայաստանի բարձրագոյն ղեկավարութեան եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի հետ:

Վրաստանը դեռ պաշտօնապէս չի ճանաչել Հայոց ցեղասպանութեան փաստը: Վրաստանի հայկական կազմակերպութիւնները Հայոց ցեղասպանութեան ճանաչման պահանջով բազմիցս դիմել են այդ երկրի խորհրդարանին ու կառավարութեանը: