Աղբիւր՝ www.alikonline.ir

 

Նախանշելով յաջորդ տարւայ Ցեղասպանութեան հարիւրամեակի ոգեկոչման միջոցառումները՝ ս. թ. յունւարի 29-ին Հայոց Ցեղասպանութեան հարցն առաջին անգամ քննարկւեց ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդում:

Միաւորւած ազգերի կազմակերպութիւնում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարէն Նազարեանը ելոյթ ունենալով Անվտանգութեան խորհրդի նստաշրջանի «Պատերազմ ու նրա դասերը. մնայուն խաղաղութեան որոնումը» խորագրով քննարկմանը՝ իր խօսքն սկսեց Թուրքիայի մասին նրբօրէն ակնարկելով ՄԱԿ-ի խաղաղարար դերի վերաբերեալ. «աւելի խորացնել հաշտեցումը ժողովուրդների միջեւ՝ ընդհանուր պատմութեան եւ տագնապալի անցեալի յիշողութեան հիման վրայ: Յաճախ այս գործընթացը ենթադրում է աւելին, քան պարզապէս հռչակագրերի եւ բանաձեւերի ընդունումը, այցելութիւններն ու ծաղիկներ դնելը զոհերի յուշարձաններին կամ պայմանագրերի ու արձանագրութիւնների ստորագրումն ու ձեռքսեղմումները: Որպէսզի հաշտեցումը տեւական լինի՝ անհրաժեշտ է կարգաւորել անցեալը, ճանաչել եւ ընդունել կատարւած յանցագործութիւնների ողջ պատասխանատւութիւնը»:

Ինչ վերաբերում է Հայոց Ցեղասպանութիւնից դասեր քաղելուն, դեսպան Նազարեանը յատկապէս նշեց, որ «Հաշտեցման գործընթացը կարող է ձգձգւել տասնամեակներ կամ նոյնիսկ սերունդներ: Սա արդի ժամանակաշրջանի առաջին ցեղասպանութիւնն էր, որն իրականացւեց Առաջին համաշխարհային պատերազմի քողի տակ»: Հայաստանի ներկայացուցիչը շարունակեց՝ պնդելով, որ «զանգւածային դաժան յանցագործութիւնների անպատժելիութեան վերացումը էական է արդարութեան վերականգնման համար»:

Դեսպան Նազարեանը նաեւ նշեց այն քայլերը, որոնք անհրաժեշտ են ժողովուրդների միջեւ իսկական հաշտութեան համար. «հաշտեցման հարցում յաջողութեան հասած ազգերն ու ժողովուրդները սովորաբար անցել են ընդարձակ գործընթաց արդարութեան վերականգնման համար, որը ներառում է նաեւ փոխհատուցում զոհերին եւ նրանց ժառանգներին՝ նրանց ազգային արժանապատւութեան եւ ինքնութեան վերահաստատման նպատակով: Նաեւ հրատապ է միաձայն դէմ արտայայտւել պատմութեան աղաւաղմանը, պատմական ոճրագործութիւնների մերժմանը եւ ժխտողականութեանը»:

Զարմանալի չէ, որ ՄԱԿ-ում Թուրքիայի ներկայացուցիչ Հալիթ Չեւիքը պատասխան խօսքում աւելի շատ կենտրոնացաւ ապագայի, այլ՝ ոչ թէ իր երկրի արիւնոտ անցեալի վրայ: Չգիտակցելով, որ նա դատապարտում է իր իսկ երկիրը, թուրք պատւիրակը պնդեց, որ «Բոլոր նրանք, ովքեր պատասխանատու են առաւել ծանր ոճիրների, մարդկութեան դէմ կատարւած յանցագործութիւնների, ցեղասպանութեան եւ պատերազմի յանցագործութիւնների համար, պէտք է պատասխանատւութեան ենթարկւեն»: Այնուհետեւ դեսպան Չեւիքը շարունակելով խօսքը՝ կրկնեց իր կառավարութեան մաշւած ժխտումները, հաստատելով, որ «Ցեղասպանութեան անհիմն պնդումները՝ 1915 թւականի իրադարձութիւնների վերաբերեալ, երբեք օրինականօրէն կամ պատմականօրէն հիմնաւորւած չեն եղել: Նոյն կերպ, չկայ ո՛չ քաղաքական, ո՛չ իրաւական համաձայնութիւն այդ իրադարձութիւնների բնոյթի վերաբերեալ... Մենք կարծում ենք, որ պատմութիւնից թշնամանք քաղելով, փորձելով ուրիշների վրայ գցել մեղադրական եւ անցեալի վերաբերեալ միակողմանի տեսակէտ, եւ կոչ անելով ընտրովի կարեկցանքի, ճիշտ ճանապարհ չէ՝ յարգանքի տուրք մատուցելու համար բազմաթիւ թուրքերի, հայերի եւ այլոց յիշատակին, որոնք կորցրել են իրենց կեանքն Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ: Ուստի՝ կարեւոր է առերեսւել պատմութեանն ամբողջութեամբ, եւ պատմական փաստաթղթերի ու արխիւների անկողմնակալ գիտական ուսումնասիրութեան միջոցով միգուցէ հնարաւոր լինի ճիշտ դասեր քաղել պատմութիւնից ու հասնել ընդհանուր արդար յիշողութեան»:

Դեսպան Նազարեանը օգտւելով պատասխանի իր իրաւունքից՝ խորին ափսոսանք յայտնեց՝ լսելով թուրք ներկայացուցչի «խեղաթիւրւած բացատրութիւնները՝ Հայոց Ցեղասպանութեան անհերքելի փաստի առնչութեամբ, որը խլել է Օսմանեան կայսրութիւնում երիտթուրքերի տիրապետութեան օրօք ապրած 1.5 միլիոն հայ մանուկների, կանանց եւ տղամարդկանց կեանքը... Այն սկսւել էր 1915 թւականի ապրիլի 24-ին եւ շարունակւել մինչեւ 1923 թւականը. դա մի ողջ ժողովրդի համակարգւած եւ ծրագրւած սպանդ էր»:

Մանրամասն նկարագրելով տեղահանութիւններն ու ջարդերն ընդհուպ մինչեւ Ցեղասպանութիւն՝ դեսպան Նազարեանը հաստատեց, որ «Այս ոճրագործութիւնը ճանաչւել է [ՄԱԿ-ի] բազմաթիւ անդամ պետութիւնների եւ միջազգային կառոյցների, ներառեալ՝ ՄԱԿ-ի ու դրա ստորադաս մարմնի՝ Խտրականութեան վերացման եւ փոքրամասնութիւնների պաշտպանութեան ենթայանձնաժողովի կողմից»:

Դեսպան Նազարեանին ուղղւած իր երկրորդ պատասխանում Թուրքիայի ներկայացուցիչն աւելի զգուշաւոր դարձաւ իր ժխտողականութեան մէջ. «Մենք չենք ասում, որ 1915 թւականին ոչինչ տեղի չի ունեցել: Այդ իրադարձութիւնները չեն համապատասխանում [ՄԱԿ-ի] 1948 թ. կոնւենցիայով սահմանւած ցեղասպանութեան նկարագրութեանը: Այժմ Հայաստանի պատւիրակութիւնը 1915 թւականի իրադարձութիւնները բարձրացնում է որպէս Ցեղասպանութիւն, առանց դրա վերաբերեալ որեւէ բանաձեւի կամ Միջազգային դատարանի որոշման: Այսպիսով՝ ի՞նչ էք ակնկալում, որ մենք ...», մինչ թուրք դեսպանը կաւարտէր յայտարարութիւնը, հնչեց նրա բջջային հեռախօսի զանգը՝ ընդմիջելով նրա նախադասութիւնը:

Շատ հաւանական է, որ Հայոց Ցեղասպանութեան հարիւրամեակին ընդառաջ՝ բազմաթիւ նման բախումներ տեղի ունենան Թուրքիայի հետ: Թւում է, թէ թուրք պաշտօնեաները չեն էլ գիտակցում, որ ինչքան շատ են ժխտում եւ հակազդում հայկական գործողութիւններին՝ այնքան աւելի շատ են նպաստում Հայոց Ցեղասպանութեան եւ հայ ժողովրդի արդար պահանջների տարածմանը: Ընդորում, շնորհիւ թուրքական պատւիրակութեան տւած երկու պատասխանների դեսպան Նազարեանի յայտարարութեանը, պատմութեան մէջ առաջին անգամ Հայոց Ցեղասպանութիւնը լայնօրէն քննարկւեց ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդում: