Աղբիւր՝ www.yerkir.am

Սիրելի՛ հայրենակիցներ,1915 թւականի Ապրիլի 24-ը դարձաւ մեր ժողովրդի հազարամեայ պատմութեան ամենաողբերգական եւ արիւնալի էջերից մէկը: Ապրիլեան այդ օրերին Օսմանեան Թուրքիայում մեկնարկ տրւեց հրէշաւոր մի ծրագրի, որի նպատակն էր իսպառ բնաջնջել հայ ժողովրդին, ոչնչացնել մեր պատմական հայրենիքը, մշակութային եւ հոգեւոր արժէքները: Սա մարդկութեան դէմ պետականօրէն իրականացւած առաջին ցեղասպանութիւնն էր, որի զոհ դարձան աւելի քան մէկ ու կէս միլիոն հայեր, գրեթէ նոյնքան էլ բռնագաղթեցին իրենց պապենական օջախներից ու բնօրրանից, նրանց ունեցւածքը թալանւեց եւ իւրացւեց դահիճների կողմից:

Սակայն հայ ժողովուրդն իր անսասան հաւատքի, տոկունութեան, հայրենիքի նկատմամբ անսահման սիրոյ եւ նւիրւածութեան շնորհիւ կարողացաւ դիմակայել այդ սարսափելի արհաւիրքին: Մեր պատմական հայրենիքի մի փոքր մասում կրկին վեր խոյացաւ հայոց եռագոյնը, եւ այսօր ունենք ազատ, անկախ ու ինքնիշխան Մայր Հայաստան եւ Արցախի Հանրապետութիւն: Ցեղասպանութիւնից մազապուրծ եղած մեր հայրենակիցները, ովքեր ապաստան գտան երկրագնդի տարբեր ծայրերում, ձեւաւորեցին հզօր սփիւռք, որն ապրում է հայրենիքի հոգսերով եւ հանդիսանում է մեր պետականութեան կարեւորագոյն յենասիւներից մէկը: Հայ ժողովրդի յիշողութիւնից երբեք չի ջնջւի Մեծ եղեռնը:

Մենք հաստատակամօրէն շարունակելու ենք պայքարել Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման եւ նրա ժխտումը դատապարտելու համար: Վաղեմութեան ժամկէտ չունեցող այս ոճիրը չպէտք է մոռանայ նաեւ քաղաքակիրթ աշխարհը: Մոռացութիւնն ու անտարբերութիւնն այստեղ ինքնին յանցագործութիւն են եւ նպաստում են ապագայում նոր ոճրագործութիւնների իրականացմանը:

Այս պարզ ճշմարտութիւնը բազմիցս ապացուցւել է 20-21-րդ դարերում, եւ մենք շնորհակալ ենք այն մարդկանց ու պետութիւններին, որոնք այդ ծանր օրերին եղել են մեր ժողովրդի կողքին, որոնք այսօր էլ սատարում են մեզ` յանուն արդարութեան վերականգնման մեր պայքարում: Ոգեկոչելով սուրբ նահատակների յիշատակը` մենք պէտք է քաջ գիտակցենք, որ մեր հայրենիքի պաշտպանունակութեան ու ժողովրդի անվտանգութեան ամենայուսալի գրաւականը ազատ, ինքնիշխան ու ժողովրդավարական պետականութիւնն է, մարտունակ բանակը, Հայաստան-Արցախ-Սփիւռք կուռ եռամիասնութիւնը, որոնց ամրապնդման, զարգացման ու զօրացման համար կանենք ամէն ինչ: