Աղբիւր՝ www.yerkirmedia.am

Չեխիայի Հանրապետութեան խորհրդարանն ապրիլի 25-ին կայացած նիստում ձայների 104 կողմ, 0 դէմ, 0 ձեռնպահ յարաբերակցութեամբ (96-ը չի քւէարկել) ընդունեց Հայոց ցեղասպանութիւնը ճանաչող բանաձեւ:

Այս մասին տեղեկացանք ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայեանից:

Ինչպէս Պրահայից հաղորդում է «Օրեր» եւրոպական անկախ ամսագրի կայքը` բանաձեւում, ի մասնաւորի, նշւում է ,- «Չեխիայի խորհդարանի Պատգամաւորների պալատը դատապարտում է  Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստների կողմից գրաււած տարածքներում մարդկութեան դէմ գործած յանցագործութիւնները հրէաների, գնչուների եւ սլաւոնների նկատմամբ, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ`  հայերի ցեղասպանութիւնը  եւ ազգային ու կրօնական այլ փոքրամասնութիւնների ցեղասպանութիւնը Օսմանեան Կայսրութեան տարածքում, ինչպէս նաեւ երկրագնդի այլ տարածքներում կատարւած ցեղասպանական բռնութիւնները, եւ կոչ է անում միջազգային հանրութեանը արդիւնաւէտօրէն կանխելու  մարդու եւ քաղաքացիական իրաւունքների ոտնահարումները աշխարհում  եւ վէճերի լուծումը խաղաղ միջոցներով»:

Ամսագիրը գրում է, որ բանաձեւը ներկայացւել է սոցիալ-դեմոկրատական կուսակցութեան անդամ, Չեխ-հայկական բարեկամութեան խմբի նախագահ Ռոբին Բեօհնիշի կողմից:

Հայոց ցեղասպանութիւնը դատապարտող բանաձեւ ընդունել էր Չեխիայի պատգամաւորների պալատի արատաքին յարաբերութիւնների կոմիտէն` 2015 թւականի ապրիլի 14-ին:

Աւելի վաղ Չեխիայի Հանրապետութեան Նախագահ Նորին Գերազանցութիւն պարոն Միլոշ Զեմանն իր զօրակցութիւնն է յայտնել Չեխիայի հայ համայնքին Հայոց ցեղասպանութեան 102-րդ տարելիցի կապակցութեամբ: