Աղբիւր՝ www.asbarez.com

 

Երեքշաբթի՝ փետրուարի 18-ին, թրքական «Փենջերէ» հրատարակչատունը լոյս է ընծայել Հայոց ցեղասպանութեան ականատես Արշալոյս (Օրորա) Մարտիկանեանի «Բռնաբարւած Հայաստան» (Ravished Armenia») գրքի թրքերէն տարբերակը: Թարգմանութիւնը կատարել է Տիրան Լոքմակէօզեանը: Գրքում Արշալոյս Մարտիկանեանը՝ իբրեւ Ցեղասպանութիւնից վերապրող, պատմում է իր կեանքի պատմութիւնը:

Յատկանշական է, որ թրքական «Թարաֆ» թերթի փետրւարի 18-ի թւի «Մշակոյթ եւ Արւեստ» բաժնում, Էօզլեմ Արթանը գրել է Արշալոյս Մարտիկանեանի դժնդակ կեանքի մասին: Յօդւածագիրը գրում է, թէ Արշալոյս Մարտիկանեանն իր ընտանիքի հետ ապրում էր Չմշկածագ գիւղում։ 1915-ին, նա 17 տարեկան էր ու ականատես է եղել իր հօր, մօր եւ եղբայրների սպանութեանը, սահմռկեցուցիչ պայմանների տակ։ Այնուհետեւ, սկսել է նրա չարչարալից կեանքը։ Նա հարուստ քիւրդերի եւ թուրք աղաների ձեռքում սեռային չարչարանքների է ենթարկւել եւ իսլամանալու պարտադրւել: Ի վերջոյ, մի օր նա մի հայ հովւի օգնութեամբ յաջողել է լեռներում ապաստանել։ Ամիսներ շարունակ լեռներում մնացել է: Այդ շրջանին, երբ Էրզրում քաղաքը ռուսական տիրապետութեան տակ էր, Արշալոյս Մարտիկանեանը կարողացել է այնտեղ հասնել՝ օրեր շարունակ հետիոտն քայլելով եւ անցնելով Մալաթիայից, Տիգրանակերտից, Ուրֆայից եւ Տերսիմից։ Այնտեղ, ռուսերի եւ ամերիկացիների պաշտպանութեան տակ, նախ Ռուսաստան է անցել, իսկ այնտեղից էլ՝ Ամերիկա։

Ամերիկա հասնելուց յետոյ, նա հայերի դէմ գործադրւած չարչարանքների մասին խօսել է ամերիկացիների հետ եւ լուսարձակի տակ առել իսլամացած հայերի հարցը: Այդ նպատակով, անգլերէն չիմանալու պատճառով՝ մի թարգմանի միջոցով Հենրի Կէյցին պատմել է իր ականատեսի վկայութիւնները։ Գրագէտը դժւարացել է հաւատալու իր լսածները, բայց այդ թւականներին Անատոլի գտնւող Ամերիկայի եւ Անգլիոյ դեսպանները հաստատել էին Արշալոյսի խօսքերը։

Կէյցը Արշալոյսի պատմածների հիման վրայ, 1918-ին հրատարակել է «Բռնաբարւած Հայաստան» խորագրեալ գիրքը։ Գիրքն այդ թւականներին մեծ աղմուկ է ստեղծել Ամերիկայում, իսկ 1919-ին՝ Օսքար Ափֆելի կողմից ժապաւէնի նիւթ դարձել։ Ժապաւէնը կրում էր «Ոգիների Աճուրդը» անունը։

Յօդւածագիրը, որ այս նիւթի մասին գրել է որպէս պատասխան Այշէ Գուլինի կողմից վերջերս հեռատեսիլից ասւած խօսքին, եզրափակում է իր նիւթն ասելով. «Հայոց դէմ գործադրւած ցեղասպանութիւնից 99 տարի անցաւ։ Այդ օրերից վերապրող ո՛չ ոք չմնաց աշխարհի վրայ։ Բայց գործադրւած ցեղասպանութեան ստեղծած հոգեկան վիրաւորանքը սերունդների սրտերի եւ յիշողութեան մէջ շարունակում է գոյատեւել տակաւին, աշխարհի չորս ծագերում։ Ուրեմն, այդ պատճառով է, որ պէտք է կարդալ Արշալոյսի գիրքը։ Պէտք է կարդալ՝ ցաւալի մի անցեալի ուրւականները կեանքի կոչելու եւ խղճի ձայներին ականջ տալու համար»։