Աղբիւր՝ www.yerkir.am

Գերմանիայի Քեօլն քաղաքում Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակին յուշարձան կը կառուցւի: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Milliyet»  լրատւական կայքը` ուշադրութիւն հրաւիրելով այն հանգամանքի վրայ, որ Հայոց ցեղասպանութեանը նւիրւած յուշակոթողի մասին  որոշումը կայացւեց հէնց հիմա, երբ թուրք-գերմանական յարաբերութիւնները յատկապէս լարւած են:

Ըստ Ermenihaber-ի` Քեօլնի քաղաքային խորհրդի գլխաւոր յանձնաժողովի որոշմամբ` յուշարձանը կը կանգնեցւի «Lehmbacher Weg» գերեզմանատանը: Ի դէպ, այս գերեզմանատանն առկայ են նաեւ մահմեդականների գերեզմաններ:

Ցեղասպանութեան զոհերի յիշատակին նւիրւած յուշարձանի նախագծի առաջարկն արւել է դեռեւս 2015 թւականին` Քեօլնի` շուրջ 5.000 հոգանոց հայ քրիստոնեայ համայնքի կողմից: Համապատասխան դիմումը նախ ներկայացւել է Քեօլնի բնապահպանութեան յանձնաժողովին, իսկ այնուհետեւ` բողոքարկման յանձնաժողովին: Յանձնաժողովի կողմից ստացւած դրական պատասխանից յետոյ հարցը բերւել էր քաղաքային խորհրդի գլխաւոր յանձնաժողովի օրակարգ:

Քեօլնի թուրքական համայնքը դժգոհութեամբ է ընդունել այս որոշումը: Համայնքի առաջատար ներկայացուցիչներից Լեւենթ Թաշքըրանը նշել է, որ իրենք երկու տարի շարունակ պայքարել են, որպէսզի Հայոց ցեղասպանութեան յուշարձանի վերաբերեալ որոշումը չհաստատւի: Թաշքըրանը կրկին խօսել է «ընդհանուր վշտի» մասին Թուրքիայի պաշտօնական թեզի դիրքերից` Քեօլնի քաղաքապետարանի որոշումը վիրաւորական համարելով տեղի թուրք համայնքի համար: 

Յայտնի է, սակայն, որ յուշարձանի մասին որոշումը վերջնական է եւ որեւէ այլ կառոյցի կողմից հաստատման կարիք չունի:

Յիշեցնենք, որ օրեր առաջ Գերմանիան եւ Նիդերլանդները խոչընդոտել էին մի շարք թուրք քաղաքական գործիչների` ապրիլի 16-ին Թուրքիայում կայանալիք սահմանադրական փոփոխութիւնների հանրաքւէին ընդառաջ այս երկրներում քարոզարշաւ իրականացնելու փորձերին: Գերմանիան նաեւ Սահմանադրական դատարանի մակարդակով արգելել է իր երկրում թուրք քաղաքական գործիչների նմանատիպ ցանկացած գործունէութիւն:

Աւելին` Գերմանիան իր աջակցութիւնն է յայտնել նաեւ Հոլանդիային, որի կառավարութիւնը նոյն արգելքն էր սահմանել Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չաւուշօղլուի եւ ընտանիքի ու սոցիալական հարցերով նախարար Ֆաթմա Բեթիւլ Սայամ Քայաի համար` վերջինիս արտաքսելով երկրից: