Աղբիւր՝ www.yerkir.am

Գերմանիայի Սահմանադրական դատարանը մերժել է Բունդեսթագի` Հայոց ցեղասպանութիւնը ճանաչող որոշման դէմ ներկայացւած հայցը:

Ըստ Diken-ի` Սահմանադրական դատարան դիմել էր ծագումով թուրք փաստաբան Ռամազան Աքբաշը` պահանջելով չեղարկել Հայոց ցեղասպանութիւնը ճանաչող ու դատապարտող` խորհրդարանի որոշումը, սակայն մերժում էր ստացել:

Դատարանը, որպէս  հիմնաւորում, նշել է, որ չկան բաւարար ապացոյցներ, որ Բունդեսթագի որոշումը ոտնահարում է հայցւորի հիմնարար կամ յարակից իրաւունքները:

Թուրք փաստաբանը յայտարարել է, որ պատրաստւում է առաջիկայում հայց ներկայացնել նաեւ Մարդու իրաւունքների եւրոպական դատարան: 

Յիշեցնենք, որ 2016 թւականի յունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանն ընդունեց Հայոց ցեղասպանութիւնը ճանաչող, դատապարտող եւ Գերմանիայի մեղսակցութիւնն ընդունող բանաձեւ: Այդպիսով` Գերմանիան դարձաւ Ցեղասպանութիւնը ճանաչած 29-րդ երկիրը: