Աղբիւր՝ www.yerkir.am

ՖՐԱՆՍԻԱՆ ՉԻ ՔՐԷԱԿԱՆԱՑՆՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ԺԽՏՈՒՄԸ

2017 թւականի յունւարի 26-ին Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը որոշում է կայացրել մերժել երկրի Ազգային ժողովի կողմից կառավարութեան առաջարկով 2016-ի դեկտեմբերին ընդունւած «Հաւասարութիւն եւ քաղաքացիութիւն» օրէնքի մի շարք դրոյթներ: Սահմանադրական խորհուրդը հակասահմանադրական է համարում մարդկութեան դէմ իրագործւած յանցագործութիւնների ժխտման համար քրէական պատասխանատւութիւն սահմանելը` դա համարելով կատարւած իրադարձութիւնների մասին կարծիք յայտնելու ազատութեանը խոչընդոտում:

Փաստօրէն, Հայոց ցեղասպանութեան ժխտումը եւս չի քրէականացւի:

 

Աղբիւր՝ www.yerkir.am

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՀՐՃՒԱԾ ԵՆ` ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ԱՅՍՈՒՀԵՏ ԿԸ ԿԱՐՈՂԱՆԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՒ ՀԵՐՔԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆԸ

Թուրքական բոլոր ԶԼՄ-ներն արդէն հասցրել են որպէս թէժ լուր ներկայացնել Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի որոշումը, համաձայն որի`մերժւել են երկրի Ազգային ժողովի կողմից կառավարութեան առաջարկով 2016-ի դեկտեմբերին ընդունւած «Հաւասարութիւն եւ քաղաքացիութիւն» օրէնքի մի շարք դրոյթներ:

Նշենք, որ Սահմանադրական խորհուրդը հակասահմանադրական է համարել մարդկութեան դէմ իրագործւած յանցագործութիւնների ժխտման համար քրէական պատասխանատւութիւն սահմանելը` դա համարելով կատարւած իրադարձութիւնների մասին կարծիք յայտնելու ազատութեանը խոչընդոտում: Այդ որոշման շրջանակներում Հայոց ցեղասպանութեան ժխտումը եւս չի քրէականացւի:

Haberler-ն այս որոշումը շտապել է որակել «Թուրքիայի կողմից իրաւական յաղթանակ»: Յօդւածի հեղինակը նաեւ չի թաքցրել իր ոգեւորութիւնն այն  մասին, որ որոշումը թոյլ կը տայ Ֆրանսիայում այսուհետ հրապարակաւ հերքել «1915 թւականի մասին հայկական պնդումները»:

Կայքը յիշեցնում է նաեւ, որ, նշեալ օրէնքի համաձայն, մարդկութեան դէմ գործւած յանցանքների հերքումը որակւում էր իբրեւ «ատելութեան հիման վրայ կատարւած յանցագործութիւն»: Օրէնքի սահմաններում մեղաւոր ճանաչւած անձը պէտք է դատապարտւէր 1 տարւայ ազատազրկման եւ տուգանւել 40.000 եւրոյով:

 

Աղբիւր՝ www.yerkirmedia.am

ՀԻԼԴԱ ՉՈԲՈՅԵԱՆ. «ՖՐԱՆՍԻԱՅԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՐԷԿՒԱՅ ՄԵՐԺՈՒՄԸ ՊԱՐՏՈՒԹԻՒՆ ՉԷ»

Չնայած հանգամանքին, որ Ֆրանսիայի սահմանադրական խորհուրդը քննութեան է առել եւ սահմանադրութեանը հակասող է յայտարարել Հաւասարութեան եւ քաղաքացիութեան մասին օրէնքի այն յօդւածը, որը պատիժ էր սահմանում մարդկութեան դէմ գործւած բոլոր յանցագործութիւնների, այդ թւում` ցեղասպանութիւնների ժխտման համար, փորձագէտները կարծում են, որ որոշումը չի կարող ազդել Հայոց ցեղասպանութեան ժխտման պատժելիութեան վրայ, քանի որ Սահմանադրութեանը չհամապատասխանող յօդւածը ուղղակիօրէն Հայոց ցեղասպանութեանը չի վերաբերում: Ֆրանսիայի հայկական համայնքն էլ յայտարարում է, որ որոշումը յետ չի պահի հայկական համայնքին` Ցեղասպանութեան ժխտման քրէականացման պայքարից:

«ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի երէկւայ մերժումը պարտութիւն չէ, ոչ այն պատճառով, որ մեզ աւելի է ամրապնդում մեր դատի պաշտպանութեան ուղու վրայ, այլ որովհետեւ այդ օրէնքը Հայոց ցեղասպանութեանը չի վերաբերում»,-նշում է Եւրոպայի հայկական ֆեդերացիայի նախագահ Հիլդա Չոբոյեանը:

Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազեանը նշում է, որ Սահմանադրական խորհրդի որոշումը յետ չի պահի հայկական համայնքին Հայոց ցեղասպանութեան ժխտման քրէականացման համար մղւող պայքարից, քանի որ ֆրանսիացիները հայերի կողքին են` ընդդէմ թուրքական ժխտողականութեան: «Մենք կը շարունակենք պայքարը այլ ուղիներով եւ կը յաղթենք` միասնական»,-նշում է Փափազեանը: