Աղբիւր՝ www.yerkirmedia.am

Գերմանիայի Արտաքին գործերի նախարարութիւնը Ստամբուլում` Գերմանիայի հիւպատոսարանում, նախատեսւած Դրեզդենի սիմֆոնիկ նւագախբի` Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին «Աղէտ» խորագրով համերգի չեղարկման վերաբերեալ պատճառաբանում է հրապարակել:

«Ստամբուլում նոյեմբերի 13-ին հիւպատոսարանի շէնքերն ազատ չեն լինի»,- DPA գործակալութեանը նման տարօրինակ բացատրութիւն է տւել Գերմանիայի ԱԳՆ-ն: Գործակալութեան տեղեկութիւններով` համերգը չեղարկելու որոշումը կայացւել է այն ժամանակ, երբ նախարարութիւնում իմացել են, որ համերգին մասնակցելու հրաւէրներ են ուղարկւել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, վարչապետ Բինալի Յըլդըրըմին, ԱԳ նախարար Մեւլութ Չաւուշօղլուին եւ Մշակոյթի ու զբօսաշրջութեան նախարար Նաբի Աւջիին:

Գերմանիայի ԱԳՆ-ն նշել է, թէ հրաւէրներն ուղարկւել են առանց ԱԳՆ-ի մասնակցութեան:

Դրեզդենի սիմֆոնիկ նւագախումբը ծրագրում է «Աղէտ»-ը նոյեմբերին ներկայացնել Բելգրադում եւ Երեւանում: «Աղէտ» ծրագիրը բաղկացած է Զեյնեթ Գեդիզիօղլուի (Թուրքիա), Վաչէ Սարաֆեանի (Հայաստան) եւ Հելմուտ Օհրինգի (Գերմանիա) աշխատանքներից:

Թուրքիայի Հանրապետութիւնը յայտարարել է ԵՄ Ստեղծարար Եւրոպա ծրագրից հրաժարւելու մասին այն պատճառով, որ ծրագիրն աջակցում է «Աղէտ» նախագծին: Նախագծին աջակցելու մասին յայտարարել է անգամ Գերմանիայի Արտաքին գործերի նախարար Ֆրանկ֊վալտեր Շտայնմայերը: «Այս նախագիծը հրաւիրում է հանդիսատեսին դուրս գալ ատելութեան աշխարհից: Ես վստահ եմ, որ միայն այն մարդիկ, ովքեր իմանում եւ ճանաչում են միւսների երազներն ու տրաւմաները, կարող են նպաստել պայծառ ապագայի հաստատմանը: «Աղէտ» նախագիծն այս ճանապարհին ամենակարեւոր հիմնաքարն է», նշել է Շտայնմայերը: