Աղբիւր՝ www.yerkir.am

Նոյեմբերի 13-ին Ստամբուլում Գերմանիայի գլխաւոր հիւպատոսարանում կը կայանայ Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին նւիրւած` «Աղէտ» ստեղծագործութեան համերգը:

Ինչպէս տեղեկացնում է Պոլսում հրատարակւող հայկական «Ակօս»-ը, համերգին հրաւիրւել է նաեւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Հրաւիրեալների թւում են նաեւ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, արտաքին գործերի նախարար Մեւլութ Չաւուշօղլուն եւ մշակոյթի նախարար Նաբի Աւջըն:

Համերգից  յետոյ կը կայանայ նաեւ գերմանա-հայ-թուրքական բարեկամութեան միութեան բացման արարողութիւնը:

«Ակօս»-ը ներկայացրել է նաեւ Էրդողանին ուղղւած հրաւէրի տեքստը, որում մասնաւորապէս ասւում է. «Գերմանա-թուրք-հայկական բարեկամութեան համայնքը, այս երեք երկրների արւեստագէտներին մէկտեղելով, նպատակ ունի արւեստի միջոցով համագործակցութիւն ստեղծել: Այս համագործակցութեամբ ցանկանում ենք քննարկել թուրքական եւ հայկական անցեալի համատեղ վշտերը, դրանց` այսօրւայ վրայ ազդեցութիւնն ու մտածելակերպի տարբերութիւնները: Հաւատալով, որ համատեղ երկխօսութիւնը գեղեցիկ ապագայի հարցում դրական ազդեցութիւն կունենայ, ուրախ կը լինենք Ձեզ տեսնել մեր կողքին»:

Էրդողանի` համերգին մասնակցել-չմասնակցելու մասին դեռեւս տեղեկութիւններ չեն հաղորդւում: