Աղբիւր՝ www.yerkirmedia.am

Վիետնամում ՀՀ դեսպանութեան նախաձեռնութեամբ Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայի Սանտուարիոյ դէ Սեն Անտօնիոյ եկեղեցում մատուցւեց Սուրբ Պատարագ` Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակին: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարութեան մամուլի, տեղեկատւութեան եւ հասարակայնութեան հետ կապի վարչութիւնից:

Պատարագին ներկայ էին Ֆիլիպինների խորհրդարանի սենատորներ, Մանիլայի քաղաքային իշխանութիւնների ներկայացուցիչներ, Թագուկ քաղաքի քաղաքապետը, երկրում հաւատարմագրւած դիւանագիտական ներկայացուցչութիւնների ղեկավարներ, Հայաստան-ֆիլիպիններ բարեկամութեան խմբի անդամներ: Պատարագից յետոյ Մանիլայի «Աստորիա» հիւրանոցում տեղի ունեցաւ յիշատակի երեկոյ, որի ընթացքում ելոյթներով հանդէս եկան Ֆիլիպիններում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանեանը եւ յայտնի գործարար Ջեֆրի Նագը:

Մանիլայի Սանտուարիոյ դէ Սեն Անտօնիոյ եկեղեցում սեպտեմբերի 27-ին կայանալիք պատարագի խափանման ուղղութեամբ աշխատանքներ էին իրականացւում Մանուլայում Թուրքիայի հիւպատոսի կողմից: Վերջինս այդ հարցի առնչութեամբ կապ էր հաստատել եկեղեցու առաջնորդի հետ եւ զրոյցի ժամանակ նշել, որ պատարագը հայերի կողմից կազմակերպւող քաղաքական ակցիայ է, որը «պէտք է արգելւի` յետագայ քաղաքական հետեւանքներից խուսափելու համար»:

Մեր տեղեկութիւններով` Թուրքիայի դեսպանութիւնը բողոք է յղել նաեւ Ֆիլիպինների արտաքին գործերի դեպարտամենտին:

Այնուամենայնիւ, Ֆիլիպիններում ՀՀ դեսպանութեան կազմակերպմամբ սեպտեմբերի 27-ին անցկացւեց պատարագ, որին հետեւած միջոցառման ժամանակ մասնակիցներին ներկայացւեց հակիրճ յուշագիր Հայոց պատմութեան եւ ցեղասպանութեան մասին: