Աղբիւր՝ www.yerkir.am

Յուլիսի 28-ին Իսպանիայի Ալիկանտէ քաղաքի քաղաքային խորհուրդը պաշտօնապէս ճանաչեց եւ դատապարտեց Հայոց ցեղասպանութիւնը:

Քաղաքային խորհրդում տեղի ունեցած քննարկումների ընթացքում ելոյթներով հանդէս եկան այնտեղ ներկայացւած բոլոր կուսակցութիւնների ներկայացուցիչները, ովքեր իրենց խօսքում կարեւորեցին Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը, դրա կանխարգելիչ նշանակութիւնը: Մասնաւորապէս, «Կոմպրոմիս» քաղաքական խմբակցութեան ներկայացուցիչն իր խօսքում նշեց, որ խիստ կարեւոր է մոռացութեան չմատնել հայերի դէմ կատարւած ոճրագործութիւնը յատկապէս այսօր, հաշւի առնելով, որ այն վայրերում, որտեղ իրականացւել է Հայոց ցեղասպանութիւնը, այժմ զանգւածային կերպով խախտւում են մարդու իրաւունքներն ու վտանգւում հազարաւոր մարդկանց կեանքեր:

Քւէարկութեանը մասնակից քաղաքական ուժերի գերակշիռ մեծամասնութիւնը (PSOE, GUANYAR, COMPROMIS կուսակցութիւնները) քւէարկեց յօգուտ ինստիտուցիոնալ յայտարարութեան ընդունման:

Հայոց ցեղասպանութեան ճանաչման եւ դատապարտման յայտը ներկայացւել էր Ալիկանտէի «Հայաստան» ասոցացիայի կողմից: