Աղբիւր՝ www.armenianorthodoxchurch.org

 

Երկուշաբթի, 10 փետրւար 2014-ին, Եկեղեցիների համաշխարհային Խորհրդի (ԵՀԽ) Ժնեւի կենտրոնատեղիում, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան ներկայացուցիչները՝ Գերշ. Տ. Նարեկ Արք. Ալեէմէզեան (Անդամ ԵՀԽ-ի Գործադիր Վարչութեան) եւ տկն. Թենի Սիմոնեան (Անդամ ԵՀԽ-ի կենտրոնական վարչութեան), ԵՀԽ-ի Ատենապետ Դոկտ. Ագնէս Աբումի եւ ընդհանուր Քարտուղար Դոկտ. Օլաւ Ֆիքսէ Թուէյթի հետ ժողով  գումարեցին եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսի ողջոյններն ու պատկերացումները փոխանցեցին Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակի յիշատակման գծով ԵՀԽ-ի ունենալիք դերակատարութեան մասին։   

Նախ, Նարեկ Սրբազանը ընդհանուր գծերի մէջ ներկայացրեց Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակի առթիւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան ծրագրերը։ Ապա, Թենի Սիմոնեանը խօսեց 7 փետրուարին Լիբանանում Զւիցերիայի դեսպանուհի Րութ Ֆլինթի Արամ Ա Վեհափառ Հայրապետի տւած այցելութեան եւ «Արմէնոֆաս»-ի ու Զւիցերիայի Բողոքական Եկեղեցիների Խորհուրդի հետ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակի նշման համատեղ ծրագրների մասին։ 

Գալով ԵՀԽ-ին, ժողովականները անդրադարձան, թէ ԵՀԽ-ի 10-րդ համաժողովի Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակի յայտարարութիւնը «թելադրում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի ընդհանուր Քարտուղարին. 

1) 2015-ի Ապրիլ 24-ի մօտ թւականներից մէկում, Ժնեւի մէջ կազմակերպել միջազգային համագումար, նւիրւած Հայոց Ցեղասպանութեան ճանաչմանն ու հատուցմանը՝ մասնակցութեամբ միջազգային օրէնքի ու Ցեղասպանութեան մասնագէտների:

2) Ժնեւի Մայր Տաճարի մէջ կազմակերպել կրօնական արարողութիւն: 

3) Կոչ ուղղել Եկեղեցիների համաշխարհային խորհուրդի անդամ եկեղեցիներին ոգեկոչելու Հայոց Ցեղասպանութեան նահատակների յիշատակը եւ աշխատանք տանելու Հայոց Ցեղասպանութեան ճանաչման գծով»: 

Այս ուղղութեամբ, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան ներկայացուցիչները առաջարկեցին միջազգային համագումար կազմակերպել.

1) Փետրւար կամ Մարտ 2015-ին։

2) Թեմա ունենալ Անթիլիասի մէջ նախապէս գումարւած Հայ Դատի միջազգային համագումարների շարունակութիւնը նկատւող «անպատժելիութիւնը»։ 

3) Կազմակերպիչ յանձնախմբում ներառել ԵՀԽ-ի Կենտրոնական վարչութեան չորս անդամներին՝ Գերշ. Տ. Վիգէն Արք. Այքազեանն ու Փոլա Տէր Մաթոյեանը (Ս. Էջմիածնի Ամենայն Հայոց Կաթողիկոսութիւն), Գերշ. Տ. Նարեկ Արք. Ալեէմէզեան  եւ տկն. Թենի Սիմոնեանը (Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւն)։

 4) Համատեղ սկսել պատրաստել դասախօսների եւ հրաւիրեալների ցանկը։

Ապա, Հայ Եկեղեցի եւ ԵՀԽ գործակցութեան զանազան բնագաւառները քննարկւեցին ու յատկապէս Միջին Արեւելքի եւ մանաւանդ Սուրիոյ իրավիճակի մասին մտքերի փոխանակում կատարւեց։