Աղբիւր՝ www.yerakouyn.com

 

ՄԱԿ-ի մօտ Հայաստանի մնայուն ներկայացուցիչ դեսպան Կարէն Նազարեանը 29 յունւարին կոչ է ուղղել կազմակերպութեան անդամ պետութիւններին՝ անհրաժեշտ քայլերի ձեռնարկելու Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին ընդառաջ եւ շարունակելու մարդկութեան դէմ կատարւած այդ հրէշաւոր ոճիրի ճանաչման ու դատապարտման գործընթացը:

Նա յիշեցրել է, որ Հայոց ցեղասպանութիւնը ճանաչւել է բազմաթիւ պետութիւնների, միջազգային կառոյցների, ներառեալ՝ ՄԱԿ-ի Մարդու իրաւունքների յանձնաժողովի եւ նրա Փոքրամասնութիւնների պաշտպանութեան եւ խտրականութեան վերացման ենթայանձնաժողովի կողմից:

ՄԱԿ-ի Ապահովութեան խորհրդի դահլիճում տեղի ունեցած «Պատերազմն ու նրա դասերը. յարատեւ խաղաղութեան որոնումը» խորագրով քննարկման ընթացքում ունեցած իր ելոյթի մէջ Նազարեանը նշել է, որ հաշտեցման գործընթացը չի ենթարկւում միայն համաձայնագրերի ստորագրութեան: «Որպէսզի հաշտեցումը լինի տեւական, անհրաժեշտ է ընդունել անցեալը: Միջազգային փորձը ցոյց է տալիս, որ հաշտեցման հարցում յաջողութեան հասած ժողովուրդներն ու ազգերն անցել են արդարութեան վերականգնման ճանապարհով, որը ներառում է նաեւ նմանատիպ ոճիրների հետեւանքների վերացում»,- յայտնել է նա։ Իր ելոյթի մէջ դեսպանը կարեւոր է նկատել նաեւ, որ միջազգային հանրութիւնը միաձայնութեամբ դէմ արտայայտւի պատմութեան աղաւաղմանն ու ժխտողականութեանը:

«Զանգւածային դաժան յանցագործութիւնների անպատժելիութեան վերացումը էական է արդարութեան վերականգնման համար»,-  յայտարարել է Նազարեանը եւ աւելացրել. «Այսօր էլ ցեղասպանութեան յանցագործութիւնները կրկնւում են աշխարհի տարբեր մասերում՝ պատճառ հանդիսանալով հսկայական մարդկային կորուստների, քաղաքական ու տարածաշրջանային յուզումների»: