Աղբիւր՝ www.asbarez.com

 

Թորոնթոյի «Զօրեան» հիմնարկը հրատարակել է «Հայոց Ցեղասպանութիւնը 1915-1916. Ապացոյց Գերմանիոյ Արտաքին Գործոց Նախարարութեան Արխիւից» գրքի անգլերէն տարբերակը: Գիրքը բովանդակում է հարիւրաւոր նամակներ, հեռագրեր ու զեկոյցներ, որոնք Համաշխարհային Ա պատերազմի տարիներին Օսմանեան կայսրութեան մէջ գերմանացի պաշտօնեաներն ուղարկել են իրենց երկրի արտաքին գործոց նախարարութեան: Այս փաստաթուղթերն անհերքելի փաստեր են ներկայացնում Ցեղասպանութիւն կատարած երիտասարդ թուրքերի մտադրութեան եւ այս մասին գերմանական պաշտօնեաների տեղեակ ու յանցակից լինելու վերաբերեալ: Համաշխարհային Ա պատերազմին, Օսմանեան կայսրութեան մէջ գտնւող գերմանացի պաշտօնեաները դարձան Ցեղասպանութեան կարեւորագոյն, ազգութեամբ ոչ-հայ ականատեսները: Փաստաթղթերը, որոնք տեղ են գտել գրքի մէջ, եղել են ներքին օգտագործման համար եւ չեն հրապարակւել:

Գերմանացի լրագրող, պատմաբան եւ թարգմանիչ Վոլֆգանգ Գուսթը, որ կազմել եւ խմբագրել է գիրքը, խօսելով գրքի պատրաստութեան մասին՝ պատմել է, թէ ինչպէս ապշել է տեղեկանալով, որ Գերմանիան լուռ է մնացել Եւրոպայի ծայրամասում կատարւած զանգւածային սպանութիւնների ընթացքում: «Այս Ցեղասպանութիւնը գերմանացիները ոչ ծրագրել են, ոչ էլ գործադրել, սակայն այն մեծապէս ընդունւել է նրանց կողմից: Կայսերական Գերմանիան երիտ-թուրքերի ամենամօտ դաշնակիցն էր եւ նրանց հետ ունէր ռազմական պաշտօնական դաշինք: Հարցերի հարցը հետեւեալն է. արդեօք կայսերական Գերմանիան գործող ո՞ւժ էր հայերի Ցեղասպանութեան ժամանակ կամ, թերեւս, այդ մտքի հեղինա՞կն էր, ինչպէս պնդում են գերմանացի բազմաթիւ պատմաբաններ»,- նշել է Գուսթը:

Գիրքն արդէն լոյս էր տեսել գերմաներէնով ու թրքերէնով՝ գրաւելով մամուլի ուշադրութիւնը։ Թրքական «Հիւրրիէթ» թերթը գրքի մասին գրել էր հետեւեալը. «Եթէ դու կարդաս գիրքը եւ նայես փաստաթղթերին, եթէ դու մէկն ես, որ այս հարցին ծանօթանում ես այս գրքի միջոցով, ապա անկարելի է, որ չհաւատաս Ցեղասպանութեանը եւ չարդարացնես հայերին»։