Աղբիւր. www.aztagdaily.com

Հայոց Ցեղասպանութեան թանգարան-հիմնարկի հաւաքչական աշխատանքների իբրեւ արդիւնք յայտնաբերւել է հազւագիւտ մի փաստաթուղթ, որ վկայում է 1921-ին Հարաւային Ափրիկէի ցեղախմբերից մէկի կողմից հայ որբերին օգնութիւն ցուցաբերելու երեւոյթի մասին: Հարաւային Ափրիկէի Անկախ եկեղեցու պատւելիներից մէկն իր կարիքաւոր վիճակի մէջ գտնւող շուրջ 250 մարդկանցից բաղկացած համայնքի անունով հանգանականութիւն է կատարել յօգուտ թրքական բարբարոսութիւններից տուժած հայերի:

Հայոց Ցեղասպանութեան թանգարան-հիմնարկի կայքէջը նշելուց յետոյ, որ յայտնաբերւած փաստաթուղթը նւիրւում է Նելսըն Մանդելայի յիշատակին, հաղորդեց. «Մօտիկ անցեալում ափրիկեան մի ցեղախումբ ճանաչել է քրիստոնէութիւնը եւ ընդունել քրիստոնէական գաղափարներն ու նպատակները: Թէ ինչպէս նրանք իմացան Միջին Արեւելքի մէջ իրենց քրիստոնեայ եղբայրների կարիքների մասին, յստակ չէ, սակայն նրանք եկան այն գիտակցութեան եւ այդ ոգով հանգանակութիւն կատարեցին «Մերձաւոր Արեւելքի նպաստամատոյց»-ին` սովեալ հայերին սնունդ ապահովելու համար:

Հանգանակւած գումարը ճանապարհորդութեան ընթացքին ոչ միայն չարժեզրկւեց, այլ նաեւ դարձաւ աւելի օգտակար:

Հարաւային Ափրիկէի անկախ եկեղեցու պատւելի Ժ. Տ. Մպենքօ-Նիանկին ուղարկել է մի լուսանկար: Այն ունի շուրջ 250 հետեւորդ: Լուսանկարի տղամարդիկ այն միաբանութիւնից են, որոնց նա խրախուսել եւ օգնել է յաղթահարել տեսախցիկի առջեւ կանգնելու սնահաւատութիւնը: Լուսանկարի առաջին երկու շարքում «կարմիր» հետեւորդներն են, որոնք իրենք իրենց կաւաքարով ներկում են եւ դէպի գիւղ են գնում մերկ մարմնով: Ետեւում գտնւողները, ովքեր կրում են բաճկոններ ու մանեակներ, աւելի քաղաքակիրթ չէին, քան իրենց քոյրերն ու եղբայրները երկու տարի առաջ:

Անկախ նրանց քաղաքակրթութիւնից, քրիստոնէական բարեգործութիւնը նրանց սրտի մէջ էր, ինչ որ փրկեց իրենց քրիստոնեայ եղբայրներին: Նրանց բարեգործութիւնը արժանի է երախտագիտութեան»: