Աղբիւր՝ www.asbarez.com

 

Բրիտանական «Թելեգրաֆ» թերթի լրագրող Ռութ Շըրլաքը երեքշաբթի՝ ապրիլի 15-ին թերթի կայքի վրայ զետեղւած մի յօդւածում անդրադարձել է Քեսաբի վրայ յարձակումին՝ մատնանշելով, որ թէ՛ Քեսաբից տեղահանւածները, թէ՛ Քեսաբը բռնագրաւած իսլամ ծայրայեղականները եւ թէ չէզոք կողմերը հասել են այն եզրակացութեան, որ Թուրքիան օգնել է Քեսաբը գրաւող ապստամբ ուժերին։

Շըրլաքը գրում է, թէ ապստամբ զինւորները Թուրքիայի կողմից ներխուժեցին Սիրիայի սահմանակից Քեսաբ հայաբնակ քաղաքը։ Ապստամբ ուժերից մի պատասխանատու, որ չի ուզեցել իր ինքնութիւնը բացայայտել, ասել է. «Հարկաւոր էր տարբեր մի անկիւնից յարձակւել։ Ծովեզերքի միակ անցքը Թուրքիայի սահմանն էր։ Կարճ խօսքով՝ Թուրքիայի ապահոված օգնութիւնը մեծ օգնութիւն էր»։

Պետրոս կեղծանունով 45-ամեայ մի քեսաբահայ հետեւեալն է ասել յարձակման մասին. «Թնդանօթների ձայնով արթնացանք։ Հագւելու համար ժամանակ չունէինք։ Կնոջս եւ զաւակներիս առայ եւ փախայ։ Մեզ հետ որեւէ բան առնելու ժամանակ չունէինք։ Մի շարք մարդիկ ստիպւեցին գիշերանոցներով փախչել»։

Թերթը գրում է, որ երբ Քեսաբը «Քայիդա»-ի կապւած իսլամական խմբակների ձեռքն անցաւ, երկու հազար անձեր փախուստ տւեցին եւ լքեցին քաղաքը։

Պետրոսի մէկ ազգականը յայտնել է, որ ինքը իսլամական ապստամբներին տեսել է թուրք զինւորների հետ՝ կողք-կողքի։ Պետրոսն իր տեղեկատւութեան մէջ նշել է նաեւ, որ ռմբակոծումն սկսել է Թուրքիայի սահմանից։

Թերթը նաեւ գրում է, որ Թուրքիայի արտաքին գործոց նախարարութիւնն այս մասին կատարւած պնդումները «բոլորովին անհիմն եւ սուտ» է որակում։

Թերթի լուրը շարունակւում է հետեւեալ կերպով. «Թուրքիան թէեւ սուտ է որակում լուրը, սակայն Թուրքիայի յայտարարութիւնները հակասում են Մարդկային իրաւանց դէտ կազմակերպութեան (Human Rights Watch) կատարած ստուգումներին եւ ականատեսների վկայութիւններին։ Կազմակերպութեան Սիրիայի եւ Լիբանանի պատասխանատուն՝ Լամա Ֆաքիհը, նշել է, որ անհնարին էր առանց Թուրքիայի գիտակցութեան այս խմբակների Սիրիա մուտքը։ Ֆաքիհը հետեւեալն է ասել. «Երկար ժամանակից ի վեր ապստամբ ուժերի ցանկութիւնն էր յարձակւել Քեսաբի վրայ։ Բայց Թուրքիան նախապէս դրա արտօնութիւնը չէր տւել»։

Վերջաւորութեան, Շըրլաքը գրում է, թէ կատարւած յարձակումը հայերի յիշողութեան մէջ վերակենդանացնում է Օսմանեան կառավարութեան կողմից գործադրւած տեղահանութեան յուզումնալի դէպքերը՝ նկատի ունենալով, որ այդ քաղաքի բնակիչներն իրենց նախորդ սերունդների պատմած յիշատակներով են մեծացել։