Աղբիւր՝ www.asbarez.com

 

Ուրբաթ՝ մարտի 27-ին, Քեսաբի շուրջ ճակատամարտը 7-րդ օրը լինելով շարունակւել է, մինչ Մ.Ա.Կ.-ի մօտ Սիրիայի մնայուն ներկայացուցիչ Բաշար Ջաաֆարին Նիւ Եորքում թրքական բանակին ամբաստանել է Քեսաբի ճակատամարտի ընթացքում զինեալ խմբաւորումների ահաբեկչական գործողութիւններին ծածկոյթ տրամադրելու յանցանքով:

Մինչ այդ, Քեսաբի ճակատամարտի 6-րդ օրւայ բախումները կենտրոնացել են մասնաւորաբար Թուրքիայի սահմանակից գիւղերի մերձակայ շրջանների մէջ: «Մայադին» կայանը հաղորդեց, որ զինեալները գիւղ ներխուժելուց անմիջապէս յետոյ քանդել են եկեղեցիների վրայ գտնւող խաչերը: «Ջաբհաթ Նուսրա»-ն, իր կարգին յայտարարեց, որ Քեսաբի բախումների ընթացքում սպանւել է իր մարտական ղեկավարներից Աբդելռազաք Աբդելբաքին, որ ծանօթ է «Աբի Լէյլա» անունով:

Նաեւ, Սիրիայի բանակն ամրապնդել է 45-րդ կէտի՝ Էքիզօլուխի եւ Ջաբալ Նսրի մէջ գտնւող իր դիրքերը: Սիրիական օդուժի ռմբաձիգները ռմբակոծել են զինեալների թրքական հողամասերին կից գտնւող դիրքերը, իսկ թրքական ուժերը շարունակել են զինեալներին գործնական աջակցութիւն ցուցաբերել: