Աղբիւր՝ www.yerkirmedia.am

Լիբանանում մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրութիւններին հայկական կուսակցութիւնները ներկայացրել են 8 թեկնածու: Ինչպէս «Արմենպրես»-ի հետ զրոյցում նշել է  լիբանանեան «Ազդակ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Շահան Գանտահարեանը, Դաշնակցութիւնն առաջադրել է 4 թեկնածու, Ռամկավար ազատական կուսակցութիւնը` 3, Հնչակեանը` 1:

«Ընտրութիւններն անցկացւում են համամասնական ընտրակարգով, սակայն գործում է նաեւ ռէյտինգային տարբերակը, ինչը որոշակի առումով հայաստանեան մոդելին նման է: Այս տարի առաջին անգամ առիթ տրւեց, որ տարբեր երկրներում գտնւող Լիբանանի քաղաքացիները եւս իրաւունք ունենան մասնակցել քւէարկութեանը: Լիբանանահայերը, որոնք տարբեր երկրներում են ապրում, նոյնպէս կարող են ակտիւ մասնակցութիւն ունենալ»,-ասաց  Շահան Գանտահարեանը:

Նա տեղեկացրեց, որ կան հայեր, որոնք առաջադրւել են նաեւ այլ կուսակցութիւնների ցուցակներով: Շահան Գանտահարեանի խօսքով, Լիբանանը համայնքային համակարգի վրայ կառուցւած երկիր է, հետեւաբար համայնքների (ազգային փոքրամասնութիւնների- հեղ.) համար նախատեսւած է չափաբաժին թէ խորհրդարանում, թէ կառավարութիւնում: Հայ համայնքը նոյնպէս ունի իր տեղերը: Այժմ հայ թեկնածուները պայքարում են հայ համայնքին յատկացւած 6 աթոռի համար:

Շահան Գանտահարեանը նշեց, որ հայկական կուսակցութիւնների միջեւ կայ պայմանաւորւածութիւն, որ ընտրւելու դէպքում խորհրդարանում հայ պատգամաւորները հայութեանը, հայկական համայնքին, Հայաստան-լիբանան միջպետական յարաբերութիւնների վերաբերող հարցերում համախոհութիւն կը ցուցաբերեն:

Լիբանանի խորհրդարանում կայ պատգամաւորական 128 տեղ, որի համար պայքարում է 10-ից աւելի կուսակցութիւն: