Աղբիւր՝ www.yerkirmedia.am

Հայոց ցեղասպանութեան մասին Թուրքիայի մեջլիսում խօսելն արգելող փոփոխութիւնների փաթեթը քննարկման է դրւել մեջլիսի սահմանադրական յանձնաժողովում: Այս մասին յայտնում է թուրքական CNN Turk-ը:

Սահմանադրական յանձնաժողովի նախագահ Մուստաֆա Շէնթոփը յայտնել է, որ պատգամաւորների համաձայնութեամբ պատգամաւորների վարքի, նրանց արտաքին տեսքի եւ նիստերի կանոնակարգերի հետ կապւած փոփոխութիւնների 18 կէտանոց փաթեթն ուղարկւելու է ենթայաձնաժողովին:

Մեջլիսի սահմանադրական ենթայանձնաժողովը մինչեւ յուլիսի 13-ի երեկոյ կամփոփի աշխատանքները, իսկ յուլիսի 14-ին առաջարկը կրկին կը ներկայացւի սահմանադրական յանձնաժողովին: Ենթայանձնաժողովն ունենալու է ինը անդամ մեջլիսում ներկայացւած բոլոր կուսակցութիւններից` մէկական քրդամէտ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցութիւնից եւ «Ազգայնական շարժում» կուսակցութիւնից, երկուսն` ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցութիւնից եւ հինգն` իշխող «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութիւնից:

Փաթեթը ենթադրում է պատիժ սահմանել այն պատգամաւորների համար, ովքեր կը վիրաւորեն «թուրք ազգի պատմութիւնն ու համատեղ անցեալը»: Լրատւամիջոցը նշում է, որ որպէս «վիրաւորանք» է ընկալւելու «1915 թւականի դէպքերի մասին» խօսելիս «Հայոց ցեղասպանութիւն» եզրոյթի կիրառումը: Արգելքը վերաբերելու է նաեւ մեջլիսի ամբիոնից «Քուրդիստան», «քրդական նահանգներ» եզրոյթներին:

Օրէնքը խախտող պատգամաւորներին նախատեսւում է ժամանակաւոր հեռացնել մեջլիսի աշխատանքներից, ինչպէս նաեւ պահել աշխատավարձի 1/3-ը, որը կազմում է մօտ 12 հազար թուրքական լիրա (աւելի քան 3 հազար ԱՄՆ դոլար):

Փոփոխութիւնների այս առաջարկին դէմ են հանդէս գալիս քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցութիւնն ու քրդամէտ Ժողովուրդների հանրապետական կուսակցութիւնը: Վերջինիս հայ պատգամաւոր Գարօ Փայլանը, ով 2017 թւականին պատժւել էր մեջլիսում Հայոց ցեղասպանութեան մասին խօսելու համար, փոփոխութիւնների առաջարկն անւանել է «ԱԶԿ-ԱՇԿ ազգայնական աւտորիտար կոալիցիայի առաջարկ»:

«Որպէս Թուրքիայի հայ` ցանկանում եմ, որ իմ պապերի գլխին եկած մեծ դժբախտութեան մասին իմ երկրի խորհրդարանում խօսւի: Եթէ Թուրքիան արգելի դա, իսկ միւս խորհրդարաններում այս մասին խօսեն, դա ինձ շատ կը վշտացնի: Իհարկէ, կան խորհրդարաններ, որ խնդիրը կօգտագործեն լաւ նպատակով` խօսելով այս ցաւի մասին, սակայն որոշ խորհրդարաններ էլ այս հարցը կօգտագործեն որպէս Թուրքիայի նկատմամբ ճնշման միջոց: Ես չեմ ցանկանում, որ որեւէ խորհրդարանում այս ցաւի մասին խօսւի, եւ դա կարող է կանխւել միայն այն դէպքում, երբ Թուրքիայի խորհրդարանում կը խօսեն այս մասին»,- ասել է Գարօ Փայլանը: