Աղբիւր՝ www.yerkir.am

Թուրքիայում վաւերագրական ֆիլմ է նկարահանւել Հայոց ցեղասպանութիւնից փրկւած դերսիմցի հայերի մասին, որոնց զգալի մասը կոտորւեց 1937-1938 թթ. Դերսիմի կոտորածների ժամանակ, ողջ մնացածներն էլ թուրքացւեցին ու մահմեդականացւեցին. տեղեկացնում է Ermenihaber-ը:

«Վանքի երեխաները» (Vank’ın Çocukları) անւանումով ֆիլմի ռեժիսորը ծնունդով դերսիմցի Նեզահաթ Գիւնդողանն է:

Ֆիլմի անոնսի տեքստում ասւում է, որ ստեղծագործական անձնակազմը նկարահանումներց առաջ Դերսիմի կոտորածներից յետոյ պետութեան կողմից բռնի թուրքացման ու մուսուլմանացման հետեւանքով իրենց արմատից կտրւած հայերին գտնելու ու նրանց պատմութիւնները վեր հանելու համար բազմաթիւ հանդիպումներ է ունեցել Դերսիմում, Քոնիայում, Ստամբուլում, Իզմիրոցմ եւ Բոլուում:

Նշւում է, որ այդ աշխատանքների շնորհիւ բազմաթիւ փաստեր են հաւաքւել կոտորածներից յետոյ ողջ մնացած դերսիմցի հայ երեխաների վերաբերեալ, որոնց նախ թուրքական անուններ են տրւել, այնուհետեւ նրանց ստիպել են մահմեդականութիւն ընդունել:

Իրենց արմատներից կտրւած դերսիմցիներից բացի, ֆիլմում անդրադարձ կայ նաեւ 1915-ից յետոյ այդտեղ գործած միակ հայկական Հալւորի Սբ. Կարապետ վանքի մասին, որի վանահայրը 1937-ին ձերբակալւում է եւ գիւղի միւս հայերի ու ալեւիների հետ սպանւում: Իսկ եկեղեցին պետութեան կողմից ամբողջութեամբ աւերւում է 1938 թ.-ին: