Աղբիւր՝ www.yerkir.am

Թուրքիայի իշխող «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութեան (AKP-ԱԶԿ) պատգամաւոր Մուստաֆա Եներօղլուն Բուրսա քաղաքում ներկայացրել է Թուրքիա-թուրքական սփիւռք խնդիրները:  Այս մասին տեղեկացնում է «Dunyabulteni» լրատւական կայքը:

Ըստ Ermenihaber-ի` «Էմիգրանտի ընկալումից դէպի Սփիւռք. արտերկրում բնակւող թուրքերի քաղաքականութիւնը» խորագրով հանդիպման ժամանակ Եներօղլուն խօսել է համայնքների եւ իրենց հայրենի երկրի վրայ նրանց ազդեցութեան մասին: Նրա կարծիքով` ժամանակակից աշխարհում, որտեղ սահմաններն աստիճանաբար կորցնում են իրենց նշանակութիւնը, իսկ մարդիկ աւելի հեշտութեամբ ու յաճախակիութեամբ են փոխում իրենց բնակութեան վայրը, անկասկած ամենակարեւոր ուժերից մէկը սփիւռքն է դարձել:

«Սխալ չի լինի, եթէ սփիւռքը դիտարկենք որպէս երկիրն առաջ մղող, երբեմն էլ երկրի տնտեսութիւնը փրկող, անգամ հայրենիքն ուղղորդող, քաղաքականութիւնը որոշող ուժ»:

Ըստ Եներօղլուի` այդպիսի սփիւռքի յաջողւած օրինակ է հայկական սփիւռքը: Բանախօսի խօսքերով, հայկական սփիւռքն իր պետութիւնից աւելի հզօր է եւ այդպիսով` Հայաստանի քաղաքականութեան վրայ որոշիչ ազդեցութիւն ունի: Որպէս յաջողւած սփիւռքի օրինակ` նա նշել է նաեւ հրէական սփիւռքը:

Անդրադառնալով Թուրքիային եւ թուրքական սփիւռքին` Եներօղլուն դժգոհել է, որ Թուրքիան չի օգտագործում արտերկրում բնակւող թուրքերի ներուժը, աւելին` նրանց անգամ սպառնալիք է ընկալում: Սակայն, ըստ նրա, արդէն սկսել են հասկանալ, թէ՛ սփիւռքի դերը եւ թէ՛ կարեւորութիւնը: