Աղբիւր՝ www.yerkir.am

Թուրքիայի Քադիր Հաս համալսարանը հրապարակել է 2016թ. վերաբերեալ անցկացւած սոցիալ-քաղաքական ուղղւածութեամբ հետազօտութիւնների արդիւնքները: 2011թ.-ից անցկացւող այս ամենամեայ հետազօտութեամբ փորձ է արւում պարզել Թուրքիայի առաջնային հիմնախնդիրները. տեղեկացնում է Ermenihaber-ը:

Թուրքական «Haberler» լրատւակայքի տեղեկացմամբ` երկրի բնակչութեան կարծիքով` նախորդ տարի ամենակարեւոր խնդիրը դարձեալ եղել է ահաբեկութիւնը:

Հետազօտութեան շրջանակներում հարցում է արւել Թուրքիայի 26 նահանգների խոշոր քաղաքների բնակիչներին: Հարցւածների 35 տոկոսը կարծիք է յայտնել, որ Թուրքիայի ամենակարեւոր խնդիրը ահաբեկչութիւնն է: Ի դէպ, 2015-ին կատարւած հետազօտութեան ընթացքում ահաբեկչութեան դէմ պայքարը կարեւորել էր բնակչութեան 39 տոկոսը:

Թուրքիայում ահաբեկչական խմբաւորում համարւող գիւլենական համայնքի (FETճ) գործունէութեան դէմ պայքարը կարեւոր է համարել հարցւածների 25.2 տոկոսը: Այսպիսով, այն համարւել է Թուրքիայի երկրորդ ամենակարեւոր հիմնախնդիրը: Նշենք, որ 2015թ. այդ խնդրին նշանակութիւն էր տւել հետազօտութեան մասնակիցների ընդամենը 1.3 տոկոսը:

Երկրի առաջնային խնդիրների ցանկում 3-րդ հորիզոնականում գտնւում է գործազրկութիւնը: Այս մասին յիշատակել է հարցւածների 10.5 տոկոսը:

Հետազօտութեան մասնակիցների 9.8 տոկոսը կարեւոր խնդիր է համարել երկրում տիրող թանկութիւնը: Յաւելենք, որ հարցւածների 71.7 տոկոսն ընդունել է, որ Թուրքիան գտնւում է տնտեսական ճգնաժամի մէջ:

Հարցւածների 37.5 տոկոսը համաձայնել է այն մտքի հետ, որ Թուրքիան կանգնած է մասնատման վտանգի առաջ: 2015թ. նոյն այդ կարծիքին է եղել հետազօտութեան մասնակիցների 54.2 տոկոսը:

Բնակչութեան 59.8 տոկոսը հաւանութիւն է տւել 2016թ. յուլիսի 15-ի յեղաշրջման փորձից յետոյ երկրում արտակարգ դրութիւն յայտարարելու որոշմանը: Սակայն արտակարգ դրութեան ժամկէտի երկարացմանը հարցւածերի մեծ մասը դէմ է արտայայտւել:

Բնակչութեան 41.7 տոկոսը ճիշտ է համարել արտակարգ դրութեան ռեժիմի շրջանակներում մամուլի սահմանափակումները, իսկ 44 տոկոսը դէմ է արտայայտւել:

Կատարւած հարցումների համաձայն` Թուրքիայի ամենավստահելի կառոյցը նախագահականն է: Այս պետական կառոյցին վստահութիւն է յայտնել հարցւածների 49.4 տոկոսը: Այս առումով երկրորդ տեղում բանակն ու ոստիկանութիւնն  են` 47.4 տոկոս: Նշենք, որ նախորդ տարի բանակի նկատմամբ հանրութեան վստահութիւնն աւելի բարձր էր եւ կազմում էր 62.4 տոկոս: