Աղբիւր՝ www.yerkir.am

Թուրքիայում ընդդիմադիր համարւող Cumhuriyet թերթի լրագրող Այդըն Էնգինը ուշագրաւ յօդւած է հրապարակել քրդամէտ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցութեան` ազգութեամբ հայ պատգամաւոր Կարօ Փայլանի մասին: Նա անդրադարձել է մեջլիսի այն ամօթալի որոշմանը, որի համաձայն` «ցեղասպանութիւն» բառն օգտագործելու եւ այդ մասին ելոյթ ունենալու պատճառով Փայլանը զրկւել է մեջլիսում 3 նիստի մասնակցութեան իրաւունքից:

Յօդւածում Էնգինը ուշագրաւ հարցադրում է անում, թէ` «չէ՞ք նկատում` Կարօ Փայլանը Հրանտ Դինքն է: Հրանտին սպանել տւեցիք, իսկ Կարոյի՞ն, Կարօներին ի՞նչ էք անելու»:

Յօդւածագիրը յիշել է, որ Դինքի սպանութիւնից անցել է 10 տարի, սակայն համապատասխան մարմինները շարունակում են մարդկանց զբաղեցնել` «կասկածեալներ» յայտնաբերելով կամ դատական անվերջ նիստերում նրանց «դատելով»:

«Անցել է 10 տարի, ինչ այդ ժամանակւայ վարչապետ, ներկայումս` նախագահն այցելել էր նրա ընտանիքին` անձամբ ցաւակցութիւն յայտնելու, եւ խոստացել թոյլ չտալ, որպէսզի այդ սպանութիւնը կորչի Անկարայի մութ լաբիրինթոսներում:  

Անցել է 10 տարի, ինչ ձեր պատւէրով նրան սպանեցին: Դեռ շարունակում էք մեզ զբաղեցնել սպանութեան մէջ կասկածւողներով: Շարունակում էք դատական անվերջ նիստերով ցոյց տալ, թէ դատում էք, սակայն սպանութեան մէջ մեղադրւողները, սպանութեան դրդողները, այն իրականացնողները շարունակում են մնալ ազատութեան մէջ»,- գրել է հեղինակը:

Նրա համոզմամբ` այդ երկրի քաջորդիներից մէկին` Հրանտին, սպանելով` ոմանք մտածել են` երկրի ամենահզօր, համարձակ, քաջասիրտ մարդուն վերացրեցին: «Սակայն, սխալւեցիք: Ձեր` ռասիստ-ազգայնամոլ նախապաշարմունքներով քայքայւած ուղեղները չհաշւարկեցին, չնախատեսեցին, որ նա, նրա մահը պիտի ծնէին հազարների, տաս հազարների»,- գրել է Էնգինը:

Հեղինակը նաեւ յիշել է Հրանտ Դինքի` Հայոց ցեղասպանութեան վերաբերեալ ելոյթներից մէկը, թէ «գնալու եմ Փարիզ, կանգնելու եմ Քոնքորդ հրապարակում` մի քարի վրայ, եւ բղաւելու եմ` 1915 թւականին Անատոլիայի հայերի նկատմամբ ցեղասպանութիւն է իրականացւել: Ֆրանսիայի պետութիւնը քաշելու է իմ մի թեւը: Յետոյ վերադառնալու եմ, Անկարայում Գիււեն այգում կանգնելու եմ մի քարի վրայ եւ բղաւելու եմ` 1915 թւականին Անատոլիայի հայերի նկատմամբ ցեղասպանութիւն է իրականացւել: Թուրքիայի պետութիւնը քաշելու է իմ միւս թեւը: Գուցէ ինձ բզկտելու են, սակայն չեմ դադարելու ասել այն, ինչի ճշմարտութեանը հաւատում եմ: Ցեղասպանութեան իրականութեանը կարող ենք առերեսւել` ոչ թէ արգելքներ դնելով, այլ`քննարկելով, խօսելով…»: Այնուհետեւ Էրգինը գրում է. «Յիշեցի՞ք: Իսկ ամաչեցի՞ք»:

Նա իր յօդւածում յիշեցրել է նաեւ Կարօ Փայլանի ելոյթի մասին, որի համար նրա դէմ պատիժ է սահմանւել, եւ այդ կապակցութեամբ իր վրդովմունքն է յայտնել: «Չէ՞ք նկատել` Կարօ Փայլանը Հրանտ Դինքն է: Հրանտին սպանել տւեցիք, իսկ Կարոյի՞ն, Կարօներին ի՞նչ էք անելու»,- եզրափակել է յօդւածը:

Թարգմանութիւնը` Արազ Գայմագամեանի