Աղբիւր՝ www.yerkirmedia.am

Թուրքիայի քրդամէտ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցութեան պատգամաւոր Գարօ Փայլանը մեջլիսում սահմանադրական փոփոխութիւնների քննարկման ժամանակ բարձրացրել է Հայոց ցեղասպանութեան հարցը: Ինչպէս հաղորդում է թուրքական «Անադոլու» գործակալութիւնը, այդ յայտարարութեան համար որոշում է կայացւել նրան պատժել` հեռացնելով երեք նիստից:

Փայլանը մասնաւորապէս յայտարարել է, որ 1913-1923 թւականներին երկրում գրանցում ունեցող հայերը, ասորիները, յոյներն ու հրեաները «մեծ կոտորածների եւ ցեղասպանութեան հետեւանքով այս հողերից կամ աքսորւել են կամ տանջանքների են ենթարկւել»:

Իշխող «Արդարութիւն եւ զարգացում»  կուսակցութեան պատգամաւորներին զայրացրել է Փայլանի յայտարարութիւնը: Մեջլիսի փոխխօսնակ Ահմեդ Այդանը պահանջել է Փայլանից ուղղել խօսքերը` ասելով, որ այդ ժամանակաշրջանում եղել են «փոխադարձ ցաւալի իրադարձութիւններ, որոնք, սակայն, չեն կարող ցեղասպանութիւն որակւել»:

Սակայն հայ պատգամաւորը շարունակել է խօսքը` ասելով. «Ժամանակին մենք 40 տոկոսն էինք բնակչութեան, այսօր 1000-ի մէջ մէկն ենք: Մեր գլխին մի բան եկել է, եւ ես դրան ցեղասպանութիւն եմ ասում, ինչ էլ որ դուք այն անւանէք: Հայ ժողովուրդը շատ լաւ գիտի, թէ իր գլխին ինչ է եկել: Հայրիկիս, պապիս գլխին թէ ինչ է եկել, շատ լաւ գիտեմ: Եկէք դուք այն անւանէք, միասին առերեսւենք»:

Իշխող կուսակցութեան պատգամաւորներ Մեթին Քիւլունքը պահանջել է «ուղղել ցեղասպանութիւն բառը»: Որոշւել է դադար տալ նիստին: Դադարից յետոյ իշխող կուսակցութեան, ինչպէս նաեւ ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցութեան եւ «Ազգայնական շարժում» կուսակցութեան պատգամաւորները դատապարտել են Փայլանի խօսքերը:

Մեջլիսի հայ պատգամաւորին «ցեղասպանութիւն» եզրոյթի համար պատժել են` երեք նիստով հեռացնելով մեջլիսի աշխատանքներից: Փայլանի խօսքերը հանւել են նիստի արձանագրութիւններից: