Աղբիւր՝ www.asbarez.com

 

«Բերիոյ Նիուզ»-ը հաղորդում է, որ չորեքշաբթի՝ ապրիլ 16-ի առաւօտեան կանուխ ժամերին, Հալէբի Նիլ թաղամասը թիրախ է դարձել հրթիռարձակման: Մի հրթիռի պայթումից իր ստացած բեկորների պատճառով, սպանւել է սիրիական բանակի հայ զինւոր՝ 1995-ի ծնունդ Գրիգոր Աշնագլեանը:

Նշենք, որ 20 տարիքը չբոլորած Գրիգորը մի քանի ամսւայ ծառայութիւն ունէր միայն: Նրա թաղման արարողութիւնը տեղի է ունենալու Հայ Կաթողիկէ Ս. Երրորդութիւն (Զւարթնոց) եկեղեցում:

Միւս կողմից, Սիրիայի մուֆթի՝ շէյխ Ահմադ Բեդրըդդին Հասսունը, ապրիլի 14-ին այցելել է Լաթաքիայի Հայ առաքելական Ս. Աստւածածին եկեղեցին, ընկերակցութեամբ Լաթաքիայի նահանգապետի, «Բաաս» կուսակցութեան Լաթաքիայի ղեկավարի եւ իսլամ ու քրիստոնեայ կրօնականների, պետական ներկայացուցիչների եւ ազգայինների:

Շէյխ Բեդրըդդին Հասսունը, Ծովափի շրջանի շտապ օգնութեան գործադիր մարմնի ներկայացուցիչներից եւ ազգայիններից տեղեկութիւններ է ստացել եկեղեցու տարածքում հաստատւած քեսաբցի տեղահանւածների մասին, հետաքրքրւել է նրանց դիմագրաւած դժւարութիւններով եւ նրանց կարիքներով, ինչպէս նաեւ մխիթարական խօսքեր է արտասանել՝ շեշտը դնելով իսլամ-քրիստոնեայ եղբայրութեան եւ յատկապէս պատմութեան ընթացքում հայ ժողովրդի կրած տառապանքի՝ Մեծ եղեռնի վրայ:

Ապա, մուֆթիի ձեռամբ Պատւոյ գրեր են յանձնւել Քեսաբի Հայ առաքելական եկեղեցու հովիւ Միւռոն քհնյ. Աւետիսեանին, իր ցուցաբերած դժւարին աշխատանքի համար:

Քեսաբահայութեան անունով խօսք առնելով՝ Միւռոն քհնյ. Աւետիսեանն երախտագիտական խօսք է արտասանած շէյխ Պեդրըդին Հասսունին եւ նրա պատւիրակութեանը: