Աղբիւր՝ www.yerakouyn.com

 

Ապրիլի 8-ի յետմիջoրէին, միջ­եկեղեցական կարեւոր մի հանդիպում տեղի ունեցաւ Անթիլիասի մայրավանքում նախագահութեամբ Վեհափառ Հայրապետի: Հանդիպմանը ներկայ գտնւեցին քաթոլիկ ասորիների պատրիարք Եուհանը, Բէյրութի մարոնիների Մաթար Արքեպիսկոպոսը, լեռնալիբանանի ուղղափառ ասորի մեթրոպոլիտ Ժորժ Սալիպան, Միջին արեւելքի եկեղեցիների խորհրդի Լիբանանի գործադիր վարչութեան անդամները եւ միջ­եկեղեցական շարժմանը նիւթապէս նպաստող հոլանդական ու շւեդական եկեղեցիների ներկայացուցիչները:

Յիշեալ հանդիպումից առաջ Հոլանդիայի եւ Շւէդի եկեղեցիների ներկայացուցիչները Միջին արեւելքի եկեղեցիների խորհրդի ընդհանուր քարտուղարի հետ միասին առանձին հանդիպում ունեցան Վեհափառ Հայրապետի հետ: Խորհրդակցութեան առանցքը կազմեց Միջին արեւելքի եկեղեցիներին կատարւած աջակցութիւնն աւելի կազմակերպելու հրամայականը:

Ընդլայնւած ժողովում լայնօրէն քննարկւեցին Միջին արեւելքի եկեղեցիների խորհրդի գործունէութեան տնտեսական ու վարչական մարզերին առնչւած մի շարք հարցեր: Արամ Ա Կաթողիկոսը կարեւորութեամբ ընդգծեց Միջին արեւելքի եկեղեցիների խորհրդի ներկայ կառոյցը վերատեսութեան ենթարկելու եւ խորհրդի աշխատանքներին նոր մղում տալու անհրաժեշտութիւնը՝ նկատի ունենալով Միջին արեւելքում քրիստոնեաների դիմագրաւած մարտահրաւէրները: