Աղբիւր՝ www.armenianorthodoxchurch.org

 

Չորեքշաբթի՝ 2 ապրիլ 2014-ի երեկոյեան, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսին այցելեց Միացեալ ազգերի կազմակերպութեան գաղթականների հարցերի ընդհանուր պատասխանատու դկտ. Վալերի Ամոսը, ընկերակցութեամբ իր անմիջական օգնականների։ Դկտ. Ամոսը միօրեայ այցելութեամբ գտնւում էր Լիբանանում՝ մօտկից զբաղւելու Լիբանանում հաստատւած շուրջ մէկ միլիոն սիրիացի գաղթականներին առնչւած հարցերով։

Վեհափառ Հայրապետը նախ իր գնահատանքը յայտնեց դկտ. Ամոսին, Մ.Ա.Կ.-ի Ապահովական խորհրդի ներկայացրած իր զեկոյցում Քեսաբի հարցն արծարծելու, ինչպէս նաեւ Սիրիայի գաղթականնեի գծով իր կատարած աշխատանքների համար։ Այս շրջանակում Վեհափառ Հայրապետը յատուկ կերպով նրա ուշադրութեանը յանձնեց Քեսաբի պարագան, եւ մասնաւորաբար Լաթաքիայում հաստատւած քեսաբցի հայ գաղթականների հարցը։ Այս ուղղութեամբ Վեհափառ Հայրապետը նաեւ յիշեցրեց, որ Սիրիայի կացութեան բերումով նաեւ այլ հայ գաղթականներ կան, որոնք ապաստանել են թէ Սիրիային յարաբերաբար խաղաղ շրջաններում եւ թէ Լիբանանում։ Վեհափառ Հայրապետը կարեւորութեամբ շեշտեց հայ գաղթականներին անմիջական օժանդակութիւն կատարելու հրամայականը։ Բնականաբար Վեհափառ Հայրապետն իր տրամադրութեան տակ գտնւող յստակ տեղեկութիւնները փոխանցեց դկտ. Վալերի Ամոսին։ Վերջինս խոստացաւ իր կարելին անել՝ օգտակար հանդիսանալու Սիրիայի հայ գաղթականներին: