Աղբիւր՝ www.asbarez.com

 

Երեք տարիուց ի վեր Սիրիայի ապրած պատերազմական կացութիւնը 21 մարտ 2014-ին ընդգրկեց երկրի ծովեզերեայ շրջանին մաս կազմող Քեսաբ հայաւանը եւ նրա շրջակայ գիւղերը:

Քեսաբը, որպէս Կիլիկեան թագաւորութեան վկայարան, թէ՛ պատմական, թէ՛ աշխարհագրական առումներով իւրայատուկ իմաստ ունի համայն հայութեան համար ընդհանրապէս եւ սիրիահայութեան համար մասնաւորապէս:

Հայկական մշակոյթի անեղծ պահպանման, հայկական բարքերի ու սովորութիւնների տարածման եւ հայ օճախի վառ պահման փոքրիկ հայրենիք է Քեսաբը: Հայկականութիւն բուրող այս տարածքը այսօր խոցւած է՝ իր հետ խոցելով ամէն հայի սիրտն ու հոգին:

Բնականաբար հայի ներկայութիւնն ու բարեկեցիկ կեանքը Քեսաբում, ազգիս դարաւոր թշնամի Թուրքիայի համար, հաշտ աչքով դիտւելիք բան չէր եւ եթէ Թուրքիան նախապէս Արեւմտահայաստանի եւ Կիլիկիայի հողերի վրայ իր ոսոխի վարքը դրսեւորում էր Հայոց ցեղասպանութիւնը կազմակերպելով, ապա այսօր, Հայոց ցեղասպանութեան 100-ամեակի սեմին՝ սիրիական հայրենիքի հողերի վրայ, նա իր գործօն դերակատարութիւնն ի սպաս է դնւմ հարւածելու համար Սիրիային եւ հայութեանը:

Թուրքիայի հայատեաց քաղաքականութիւնը կրկին անգամ քօղազերծւում է Քեսաբում:

Քեսաբ հայաւանը վիրաւոր է այսօր: Քեսաբցիք ստիպողաբար տեղահանւել են եւ ապաստանել Լաթաքիայում, որտեղ Սիրիահայութեան շտապ օգնութեան եւ վերականգնումի մարմինի հովանաւորութեամբ՝ Ծովափի (Քեսաբի եւ Լաթաքիայի) շտապ օգնութեան գործադիր մարմինն շտապում է օժանդակել եւ հոգալ ժողովրդի անհրաժեշտ կարիքները: Անցնող երեք տարիների ընթացքում թէ հայրենի եւ թէ աշխարհասփիւռ մեր հայրենակիցները՝ ջանացին նիւթապէս թէ բարոյապէս սատարել Սիրիայի հայ համայնքին:

Այսօր տագնապահար շրջաններին միանում է նաեւ Քեսաբը: Այսօր քեսաբահայութիւնն է, որ բոլորիս օգնութեան կարիքն ունի: Քեսաբի եւ քեսաբցիների նկատմամբ մեր ունեցած սիրոյ բերքահաւաքի ժամն է: Քեսաբի իւրաքանչիւր լեռ, այգի, ակ, աղբիւր յուշերի վկայարան եւ յիշատակների մատեան է: Պէտք է տէր կանգել այս բոլորին:

 
ՍԻՐԻԱՀԱՅՈՒԹԵԱՆ ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹԵԱՆ
ԵՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԱՐՄԻՆ