Աղբիւր՝ www.yerkir.am

 

Քեսաբը մեծ կարեւորութիւն ունի Սիրիայի հայ համայնքի համար, հայաշատ շրջան է, ինչն էլ թուրքական պետութեան համար կրկնակի կարեւորութիւն է ստանում: Թուրքիան փորձում է ե՛ւ հարւածել Ասադի դիրքերին, ե՛ւ թուլացնել սիրիահայ համայքը. Թուրքիայից Քեսաբի ուղղութեամբ զինեալ ջոկատներ ուղարկւելու եւ Քեսաբի հայաթափման կապակցութեամբ Yerkir.am-ին ասաց թուրքագէտ Գէորգ Պետրոսեանը:

Նա նշեց, որ նախկինում եւս մշտապէս տեղեկութիւններ էին շրջանառւում, թէ Թուրքիան Սիրիայում առանձնայատուկ ուշադրութիւն է դարձնում հայ համայնքին, ինչը Հայաստանի եւ հայերի նկատմամբ թշնամական քաղաքականութիւն վարող պետութեան համար կարեւոր է, որպէսզի հարեւան երկրում վերջնականապէս թուլացնի հայկական հզօր համայնքը։ Եւ արդէն 130 տարի է, ըստ Գէորգ Պետրոսեանի, Թուրքիան ուզում է հայերից մաքրել այս ամբողջ տարածաշրջանը, էլ չասած Հաթային կից հայկական բնակավայրերը, որոնք սահմանակից են Թուրքիային:

Թուրքիայի ակտիւ միջամտութիւնը Սիրիայի ներքին խնդրին կապւած է Անկարայի՝ հարեւան երկրում ազդեցութիւնը մեծացնելու ցանկութեան հետ, եւ այս համատեքստում էլ Քեսաբը, որը նաեւ աշխարհագրօրէն մօտ է Թուրքիային, Անկարային աւելի ձեռնտու կը լինի տեսնել առանց հայերի։ Որովհետեւ, պարզաբանեց թուրքագէտը, Սիրիայի հայերը, խոշոր հաշւով, Ասադի կողմնակից են, Ցեղասպանութեան ուղիղ պահանջատէրերն են, քանի որ շատերը Հայոց ցեղասպանութեան զոհերի ժառանգներ են, որոշակի փակում են Լաթաքիայի մուտքը Թուրքիայի համար, իսկ Լաթաքիան համարւում է Բաշար Ասադի յենակէտը, եւ վերջապէս, այստեղ գործում է «չկայ հայ, չկայ Եղեռն, չկայ խնդիր, չկայ հակաթուրքական զանգւած» սկզբունքը:

«Թուրքիան այս ամէնի համար օգտագործում է ոչ միայն սեփական ուժերը, այլ նաեւ Սիրիայում պատերազմող իսլամիստներին, վարձկաններին։ Հերթական նման դէպքին ականատես եղանք Քեսաբում, որտեղ զինեալները փորձում են առաւելութիւն ստանալ՝ թուրքական կողմի ակտիւ մասնակցութեամբ։ Հետաքրքիր է, որ հենց այս վայրում նախօրէին թուրքական F-16-երը վայր գցեցին Սիրիայի ռազմաօդային ուժերի ՄԻԳ-23 կործանիչը, ինչը հերթական անգամ վկայում է տեղում առկայ բաւական լարւած իրավիճակն ու Թուրքիայի ակտիւ մասնակցութիւնը»,- նշեց Գէորգ Պետրոսեանը եւ յաւելեց, որ խիստ կարեւոր է, որպէսզի Սիրիայի կառավարական ուժերը հնարաւորինս շուտ իրավիճակն իրենց վերահսկողութեան տակ առնեն, քանի որ հակառակ դէպքում ժամանակն աշխատելու է թուրքական կողմի օգտին։