Աղբիւր՝ www.asbarez.com

 

Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը կոչ է ուղղել Միացեալ նահանգների նախագահ Բարաք Օբամային եւ Քոնգրեսին, որ անմիջական քայլերի դիմեն եւ ճնշում բանեցնեն Թուրքիայի վրայ, որպէսզի Անքարան կասեցնի իսլամ ծայրայեղական զինեալներին իր տրամադրած օժանդակութիւնները, որոնց հետեւանքով նրանք յարձակւում են Քեսապի վրայ՝ պատճառ դառնալով, որ մեծամասնութիւն կազմող տեղի հայ բնակչութիւնը հեռանայ իր պապենական տներից:

Երկուշաբթի՝ մարտի 24 թւակիր նամակում, Ամերիկայի Հայ դատի յանձնախմբի ատենապետ Քեն Խաչիկեանը կոչ է արել նախագահ Օբամային, որ արտաքին գործոց նախարարի, ինչպէս նաեւ Թուրքիայի եւ Մ.Ա.Կ.-ի մօտ Միացեալ նահանգների դեսպանների միջոցով, պահանջի Անքարայի իշխանութիւններից, որ կասեցնեն Քեսապի վրայ յարձակումները, որոնք միջազգային սահմանների անձեռնմխելիութեան սկզբունքն են խախտում: Նա գրել է, թէ յարձակումների հետեւանքով ոչ միայն տեղահան է եղել Քեսապի բնակչութիւնը, այլ ծայրայեղական զինեալները գողութիւնների են դիմել եւ եկեղեցիները սրբապղծել:

Անջատաբար, Ամերիկայի Հայ դատի յանձնախումբը կապ է հաստատել բարձրաստիճան քոնգրեսականների հետ, որոնք անդամ են Ներկայացուցիչների տան Տեղեկահաւաքի ու Արտաքին յարաբերութիւնների յանձնախմբերին, ինչպէս նաեւ՝ Ծերակոյտի Արտաքին յարաբերութիւնների յանձնախմբին, որպէսզի Թուրքիայի վրայ ճնշում բանեցնելով՝ անմիջապէս կասեցնեն Քեսապի քանդումը:

«Մեծամասնութեամբ հայերով բնակեցւած Քեսապի վրայ յարձակումը՝ յարձակում է ամբողջ հայութեան վրայ: Ամերիկահայութիւնը՝ միասնական ճակատ կազմած, պահանջում է անցած շաբաթավերջի յարձակման կասեցումը: Պահանջում ենք մեր կառավարութիւնից, որ խիստ պատգամ յղի Անքարայի իշխանութիւններին, որպէսզի նրանք արտօնութիւն չտան իսլամ ծայրայեղականների ազատ գործունէութեանը եւ Թուրքիայից Սիրիա նրանց ազատ անցքին»,- գրել է Խաչիկեանը:

Նախագահ Օբամային յղւած նամակի բնագիրը կարելի է կարդալ «Ասպարէզ»-ի համացանցային կայքից (asbarez.com):