Աղբիւր՝ www.armenianorthodoxchurch.org

 

Ուրբաթ առաւօտ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսի նախագահութեամբ Անթիլիասի Մայրավանքում տեղի ունեցաւ միջ-եկեղեցական կարեւոր մի հանդիպում։ Հանդիպմանը ներկայ էին Ասորի կաթոլիկ եկեղեցու պատրիարք Եունան Գ-ը, Երուսաղէմի Լուտերական եկեղեցու պետ Մունիպ Եունանը, Միջին արեւելքի եկեղեցիների Խորհրդի ընդհանուր քարտուղար դկտ. Միշէլ Ժալխը եւ նոյն խորհրդի գործադիր վարչութեան անդամ դկտ. Հաբիբ Բադր։ Հանդիպման նպատակն էր քննել Միջին արեւելքի եկեղեցիներին առչւած մի շարք վարչական ու տնտեսական հարցեր։

Յիշեալ ժողովի ընթացքում որոշւեց Միջին արեւելքի եկեղեցիների խորհրդի նախագահների հանդիպումը կայացնել ապրիլի 11-ին, Ամմանում, Գործադիր վարչութեան ժողովը՝ յունիսի կէսերին, Անթիլիասի Մայրավանքում Միջին արեւելքի հոգեւոր պետերի հանդիպումը՝ նախընտրաբար սեպտեմբերին կամ հոկտեմբերին։ Նաեւ մի շարք վարչական բնոյթ ունեցող որոշումներ առնւեցին՝ խորհրդի կառոյցին ու գործունէութեանն առնչւած։

Վեհափառ Հայրապետը կարեւորութեամբ շեշտեց Միջին արեւելքի եկեղեցիների միջեւ գործակցութիւնն աւելի ամրապնդելու եւ քրիստոնէական ներքին միասնականութեան գործնական արտայայտութիւն տալու հրամայականը։ «Այսօր լուրջ մարտահրաւէրների դիմաց է քրիստոնէութիւնը տարածաշրջանում։ Միջին արեւելքի եկեղեցիների խորհուրդը կարեւոր դերակատարութիւն ունի քրիստոնէական ներկայութեանն ու վկայութեանն առաւել կենսունակութիւն տալու իմաստով»,- ասաց Վեհափառը։