Աղբիւր՝ www.asbarez.com

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Քալիֆորնիայի հայահոծ գաղութը, այսօր, խորին մտահոգութեամբ եւ կսկիծով ականատես է Հայաստանից զանգւածային արտագաղթի աղէտաւոր պարագաներին ի տես:

Տարիներ առաջ, բանաստեղծ Սիլւա Կապուտիկեանի խօսքերն ազդանշան չհանդիսացան հայ ժողովրդի համար, որ մինչեւ այսօր շարունակում է մեծ տարողութեամբ արտագաղթը մայր հայրենիքից՝ բանաւոր պատճառներով կամ առանց:

Շատ հեռու չեն ժամանակները, երբ Միջին Արեւելքի մի շարք երկրներ, նման արտագաղթի դրդապատճառների եւ պարագաների առաջքն առնելու համար, դիմեցին կտրուկ եւ արդիւնաբեր միջոցների՝ փակելով արտագաղթի ճամբաները եւ ստիպելով ժողովրդին դիմելու ինքնաբաւութեան ուղիների որոնման՝ պետութեան նեցուկով եւ գործունէութեամբ:

Հայ ժողովուրդը Հայկեան եւ Արամեան ժամանակաշրջաններից ի վեր եւ միշտ եղել է ստեղծագործ եւ աշխատասէր, եւ այսօր՝ Ցեղասպանութիւնից 100 տարի յետոյ, փիւնիկեան ոգով տոգորւած՝ ոչինչ չի կարող նրա յառաջխաղացքին արգելք հանդիսանալ:

Հզօր կամքի, ազգային ոգու եւ յարատեւութեան հաւատի լիցքաւորում անհրաժեշտ է հայրենիքի բարգաւաճման եւ գոյութեան համար, եւ հայ ազգի զաւակները, իր աւագանու ղեկավարութեամբ, հնարագիտութեան պակաս ոչինչ չունեն՝ որոշակի զոհողութեամբ կերտելու համար հզօր հայրենիք, առանց ազգային ոգեկան զիջումի, միասնաբար, Սփիւռք եւ հայրենիք ձեռք-ձեռքի տւած, արտագաղթը վերածելու ներգաղթի:

Գաղութս վստահ է, որ հայրենի պետութիւնն իր կարելին ընծայում է եւ կը շարունակի ապահովել միջոցներն ու ճանապարհները՝ հայ ժողովրդի կեցութեան եւ կենցաղային ապահովութեան համար, պահելու եւ պահպանելու բոլորիս սիրելի հայրենիքը՝ Հայաստանը եւ Ղարաբաղը:

Սիրելի հայ ժողովուրդ, չիրականացնենք ազերի վոհմակների Հայաստանի հայաթափման երազը:

 
ՔԱԼԻՖՈՐՆԻԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻԱՑԵԱԼ ՄԱՐՄԻՆ