Աղբիւր՝ www.alikonline.ir

 

ԱՄՆ-ում գործող Հայ իրաւաբանների ընկերակցութիւնը նամակներ է յղել ԱՄՆ-ում եւ Կանադայում Շւէյցարիայի դեսպաններին՝ այդ երկրին կոչ անելով բողոքարկել 2013 թ. դեկտեմբերի 17-ին Մարդու իրաւունքների եւրոպական դատարանի (ՄԻԵԴ) կայացրած վճիռը: Այս մասին հաղորդել է «Ասպարէզ» օրաթերթը:

Իրաւաբանները դեսպաններին խնդրել են նամակը փոխանցել Շւէյցարիայի Դաշնային խորհրդին, որպէսզի վերջինը բողոք-դիմում ներկայացնի ՄԻԵԴ-ի գլխաւոր պալատ: «Ի նկատի ունենալով դատաւորներ՝ Նեբոյսա Վուցինիցի եւ Պինտօ Դէ Ալբուկերկիի խիստ անհամաձայնութիւնը՝ մենք համոզւած ենք, որ Եւրոպական դատարանի գլխաւոր պալատը հաշւի կառնի գործի հետագայ քննութեան անհրաժեշտութիւնը»,- նշւած է նամակում:

Իրաւաբանները զգուշացնում են, որ ՄԻԵԴ-ի կայացրած որոշմամբ, համաձայն որի՝ Թուրքիայի Բանւորական կուսակցութեան ղեկավար Դողու Փերինչէքի Հայոց Ցեղասպանութեան ժխտումը յանցագործութիւն չէ, կասկածի տակ է դրւում Հայոց Ցեղասպանութեան պատմական իրողութիւնը: Խօսքի ազատութեան պաշտպանութեան պատրւակով Եւրոպական դատարանը ոտնահարում է ատելութեան սերմանման եւ օրէնքի չարաշահման դէմ ուղղւած համամարդկային արժէքները:

Դեսպաններին ուղղւած նամակներում ներկայացւում են նման վճռի վտանգաւոր հետեւանքները. այն ստեղծում է դատական նախադէպ, որը կարող անձեռնմխելիութիւն ապահովել այլ ցեղասպանութիւնների մեղաւորների համար: Դրանից բացի՝ վճռով հաստատւում է Դողու Փերինչէքի նման մարդկանց արժանահաւատութիւնը, ով դաւադրութեան եւ մի շարք այլ մեղադրանքներով ցմահ բանտարկութեան էր դատապարտւել Թուրքիայում:

Հայ իրաւաբանները նաեւ շնորհակալութիւն են յայտնել Շւէյցարիային՝ Հայոց Ցեղսպանութեան ճանաչման եւ ժխտողական քաղաքականութեան կանխարգելման համար:

Յիշեցնենք, որ մինչեւ մարտի 17-ը՝ ՄԻԵԴ-ի որոշման վերանայման դիմում ներկայացնելու պահանջով Շւէյցարիայի դեսպանների հետ ակտիւ բանակցութիւններ են տարւում նաեւ մի շարք եւրոպական երկրներում՝ Բելգիայում, Ֆրանսիայում, Յունաստանում, Կիպրոսում, Ռումինիայում: