Աղբիւր՝ www.asbarez.com

«Հայաստան» համահայկական հիմնադրամը 2014 թւականին կը շարունակի սիրիահայերի օգնութեան բարեսիրական աշխատանքը: Հիմնադրամի պաշտօնական կայքի համաձայն՝ 2014 թւականի սկիզբներին հիմնադրամի ֆրանսիական մասնաճիւղի հաւաքած 100 հազար եւրօ գումարը Մեծի տանն Կիլիկիոյ կաթողիկոսարանի միջնոդութեամբ կը տրամադրւի տարբեր մարդասիրական նախագծերի իրականացմանը, իսկ Գերմանիայի մասնաճիւղից արդէն 35 հազար եւրօ փոխանցւել է «Սիրիահայերի արտակարգ իրավիճակների եւ վերականգնողական յանձնաժողովին»:

Բացի դրանից, 2013 թւականի թելեթոնի ընթացքում հաւաքւած 15 միլիոն դրամը կը յատկացւի Հայաստանում ապաստանած սիրիահայ ընտանիքների ընկերային, առողջապահական եւ կրթական կարիքներին: Այդ գումարով կը վճարւեն սիրիահայ ուսանողների կրթաթոշակները, առանձին անհատների վիրահատութիւնների եւ թաղման ծախսերը: Ծրագրից օգտւողները կընտրւեն Սփիւռքի նախարարութան կողմից:

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հաւաքւած միջոցները մինչեւ օրս օգտագործել է մի շարք առողջապահական, կրթական եւ ընկերային աջակցութեան ծրագրերի համար: 2013-ի յունիսի դրութեամբ 100,000 եւրօ (Ֆրանսիայի տեղական մարմին), 12,000 եւրօ (Գերմանիայի տեղական մարմին), 100,000 դոլար (Լիբանանի տեղական մարմին) յատկացւել են Սիրիոյ մէջ բնակող մեր հայրենակիցների տարբեր կարիքների լուծմանը: Գումարի զգալի մասը յատկացւել է Հալէբի հայկական վարժարանների ուսուցիչներին՝ որպէս աշխատավարձ:

Հիմնադրամի Բրազիլի (15,000 դոլար), Արգենտինա, Շւէդիայի տեղական մարմինների հանգանակած գումարներով Հիմնադրամը փոխհատուցել է 110 սիրիահայ ուսանողի ուսման վարձը, ինչպէս նաեւ վեց սիրիահայի սրտի վիրահատութեան եւ երեքի յուղարկաւորութեան ծախսերը: Հիմնադրամի Արեւմտեան ափի տեղական մարմինի հաւաքած 10,000 դոլարով նիւթական օժանդակութիւն է ցուցաբերւել Երեւանի Կիլիկեան դպրոցին, որտեղ ուսանում են Հայաստան տեղափոխւած սիրիահայ երեխաները:

Գործարարներ Հրայր Յովնանեանի եւ Արա Աբրահամեանի նւիրաբերած միջոցներով հիմնադրամը ֆինանսաւորել էր Հալէբ-Երեւան-Հալէբ թռիչքները: