Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Ստոկհոլմում հակահայկական ցոյց է տեղի ունեցել՝ շուէդական խորհրդարանի մօտ, որի նպատակն է եղել ժխտել 2010 թուականին շուէդական խորհրդարանի կողմից ընդունուած` Հայոց ցեղասպանութեան բանաձեւը:

Yerkir.am-ի հետ զրոյցում Շուէդիայում ՀՅԴ անդամ Սարգիս Դեկիրմենճեանը յայտնեց, որ թուրքական ցոյցին հակադարձելու համար նոյն վայրում ցոյց են կազմակերպել նաեւ Շուէդիայի ՀՅԴ կառոյցը, ՇԵՄ-ի (Շուէդիայի Երիտասարդական միութեան) կենտրոնական վարչութիւնն ու Շուէդիայի հայկական ընկերակցական միութեան մարմինը՝ շուէդական խորհրդարանի ողջունելի որոշմանը նեցուկ կանգնելու նպատակով:

Դեկիրմենճեանը նշեց, որ ՀՅԴ-ական եւ ՇԵՄ-ի երիտասարդներն իրենց մշտական եւ խանդավառ մասնակցութեամբ պատնէշ են դրել թուրքական մոլեռանդ պահուածքին: Նրա խօսքով՝ ցոյցի ընթացքում հայ երիտասարդների կողքին են եղել նաեւ տասնեակ ասորի եւ քուրդ ցուցարարներ:

Շուէդիայի խորհրդարանի կողմից ընդունուած` Ցեղասպանութեան մասին բանաձեւը Շուէդիայի իշխանութիւններից պահանջում էր գործակցել ՄԱԿ-ի, ԵՄ-ի եւ Թուրքիայի հետ Ցեղասպանութեան ճանաչման ուղղութեամբ: