Աղբիւր՝ www.hyeli.com

 

Յունւարի 15-ին, Ժնեւում, «Ժնեւ-2» անւան տակ տեղի ունեցող բանակցութիւնների շրջագծում, տեղի է ունեցել Արամ Ա կաթողիկոսի եւ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահի միջեւ մի կարեւոր հանդիպում, որտեղ քննարկւել են Սիրիայի հակամարտութեանը նւիրւած «Ժնեւ-2» բանակցութիւններում նոյն խորհրդի հրապարակւելիք բանաձեւի բովանդակութիւնը, տեղեկացնում է «Ալիք» օարթերթը: 

Աղբիւրի հետ ունեցած հեռախօսազրոյցի ընթացքում այս մասին ասել է Թեհրանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ արքեպս. Սարգիսեանը, ով նոյն հանդիպմանն ընկերակցել է Վեհափառ Հայրապետին: «Քրիստոնեայ եկեղեցիների խորհուրդն այս բանակցութիւններում խաղաղութեանն ուղղւած որոշումներում կրելով առանցքային կարեւորութիւն ունեցող դեր՝ կարող է իր խորքային ազդեցութիւնն ունենալու հրապարակւելիք վերջնական բանաձեւի ինչպիսութեան վրայ, որի մասին պէտք է անպայմանօրէն ասել, որ Մեծի տանն Կիլիկիոյ կաթողիկոսի ներկայութիւնն ու մօտեցումներն սպասւող բանաձեւի ֆորմուլացիայի վրայ ունենալու են բանալու դեր»,- հեռախօսազրոյցի ընթացքում ընդգծել է Սրբազան Հայրը:

Նշւած այս հանդիպմանը ներկայ է եղել նաեւ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահի տեղակալը:

Յատկանշական է, որ «Ժնեւ-2»-ի բանակցութիւններում Վեհափառ Հայրապետի գլխաւորութեամբ այս պատւիրակութեան մաս է կազմում նաեւ գերշ. Տ. Վիգէն արքեպս. Հայկազեանը: Հայկական պատւիրակութեանն ընկերակցում է նաեւ Թենի Սիմոնեանը:

Սրբազան Հայրը նաեւ նշել է, որ «Ժնեւ-2»-ին մասնակցող Եկեղեցիների համաշխարհային խորհրդի պատւիրակութիւնը ներկայանում է շուրջ 30-ի հասնող ներկայացուցիչներով: