Աղբիւր՝ www.mindiaspora.am

 

Յունիսի 16-ին ՀՀ Սփիւռքի նախարարութիւնում տեղի ունեցաւ Սփիւռքի երիտասարդների հայրենաճանաչութեան «Արի տուն» 2014 թ. ծրագրի առաջին փուլի բացման արարողութիւնը: Ծրագրի մասնակիցներին ողջունեց եւ բացման խօսքով հանդէս եկաւ ՀՀ Սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը: Նա շնորհակալութիւն յայտնեց երեխաների ծնողներին, ուսուցիչներին, վարչական շրջանների պատասխանատուներին, հիւրընկալ ընտանիքներին, կարեւորեց նրանց դերը «Արի տուն»  ծրագրի կայացման գործում: Նախարարը կոչ արեց այս հնարաւորութիւնն առաւելագոյնս օգտագործել՝ հասակակիցների հետ ընկերանալու, Հայրենիքի հետ կապն աւելի ամրապնդելու համար: Նախարարը յորդորեց լաւ սովորել մայրենին եւ հայրենի երկրի պատմութիւնը, կարեւորեց, որ աշխարհի բոլոր ծայրերում նրանք լինեն գիտելիքներով հարուստ եւ մրցունակ երիտասարդներ:

Աւանդոյթի համաձայն՝ նախարար Հ. Յակոբեանը ծրագրի մասնակիցներից մէկին՝ Թուրքմենստանից ժամանած տասներեքամեայ Սամւէլ Հայրապետեանին, հագցրեց «Արի տուն» ծրագրի տարբերանշանով վերնաշապիկը եւ գլխարկը:

Ելոյթով հանդէս եկավ եւ ծրագրի կազմակերպիչներին իր շնորհակալական խօսքն ասաց Սուխումի շրջանի Եաշթխուայի թիւ 1. դպրոցի ուսուցչուհի Տիգուշ Յարութիւնեանը, ով Աբխազիայից ժամանած մասնակիցների խմբի ղեկավարն է:

Ծրագրի շրջանակներում մասնակիցները 9 օրւայ ընթացքում կը ծանօթանան Հայաստանի պատմական եւ արդի տեսարժան վայրերին, կունենան բազմաբնոյթ հանդիպումներ պետական, հասարակական եւ մշակութային գործիչների հետ, հայրենագիտութեան դասեր կառնեն Հայրենիքում, կո սովորեն ազգային պարեր եւ երգեր: Ծրագրի վերջում ճամբարային 5 օրերը մասնակիցները կանցկացնեն Ծաղկաձորում:

Նշենք, որ «Արի տուն» ծրագրի առաջին փուլին մասնակցում են 65 պատանիներ եւ աղջիկներ 5 երկրից: Ծրագրի բացմանը ներկայ էին նաեւ հիւրընկալ ընտանիքների անդամներ: