Աղբիւր՝ www.yerakouyn.com

 

Տեղահանւած քեսաբահայութեան խնդիրները Հայաստանի իշխանութիւնների ուշադրութեան կենտրոնում են: Տարբեր կազմակերպութիւնների միջոցով քեսաբահայութեանը ցուցաբերւում է համակողմանի օժանդակութիւն, Ա.Մ.Ն.-ի նախագահ Բարաք Օբամային ուղղւել են բազմահազար նամակներ: Այս մասին Armenpress-ի հաղորդմամբ լրագրողների հետ զրոյցի ընթացքում նշեց ՀՀ Սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանը:

Նա յիշեցրել է ՀՀ նախագահի յայտարարութիւնը Քեսաբի հարցով, ինչպէս նաեւ Մ.Ա.Կ.-ի եւ Ժնեւի մէջ ՀՀ դեսպաններին տրւած յանձնարարութիւնները` համապատասխան հարցեր բարձրացնելու եւ պահանջներ դնելու, որպէսզի վայրագութիւնը դադարեցւի: «Կարծում եմ` երէկ նաեւ դրա հետեւանքն էր Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարութեան յայտարարութիւնը, որտեղ շատ յստակ ձեւով խօսւում էր ոչ միայն Սիրիայում տեղի ունեցող իրադարձութիւնների, այլեւ սիրիահայերի նկատմամբ որոշակի թիրախ ընտրելու մասին»,- նշել է Հ. Յակոբեանը:

Նախարարի փոխանցմամբ, նրանք դիմել են հայկական բոլոր կազմակերպութիւններին, համայնքները ոտքի են կանգնել, Հայ դատի գրասենեակները փայլուն կերպով են աշխատում:

«Նրանց կողմից հարիւր հազարաւոր նամակներ են ուղղւել Օբամային»,- յայտնել է նախարարը` աւելացնելով, որ Սիրիա այցելած Հայաստանի պատգամաւորների պատւիրակութիւնն վերադառնալու եւ ներկայացնելու է իրավիճակը: «Ես ամէն օր Քեսաբի քաղաքապետի հետ եմ խօսում, մեր դեսպանը եւ հիւպատոսն այնտեղ են, այնպէս որ, Հայաստանի գործադիր իշխանութեան, հանրապետութեան նախագահի ներկայացուցիչներն այնտեղ են եւ աշխատում են մերոնց հետ»,- նշեց նախարարը` աւելացնելով, որ քեսաբահայութեան օգնութիւնը տեղի վրայ կազմակերպւում է Կարմիր խաչի, սիրիական իշխանութեան, համայնքային կառոյցների կողմից ստեղծւած շտապ օգնութեան մարմինների կողմից: «Նրանք կարողանում են բաւարարել մեր հայրենակիցների առօրեայ կարիքները, որովհետեւ նրանք իրօք ծանր վիճակում են»,- ասել է նա։

Հրանոյշ Յակոբեանն աւելացրեց, որ 12 հազար սիրիահայերին տրւող օժանդակութեան քայլերը կատարւելու են նաեւ քեսաբահայութեան հանդէպ, եթէ նրանք Հայաստան տեղափոխւեն: Նախարարը, նշեց, որ երբեք չեն ուզենայ, որ Քեսաբն առանց հայի մնայ: