Աղբիւր՝ www.asbarez.com

ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.- «Դրախտի Դար-պասը» ֆիլմը արտադրողներէն ստացանք հետեւեալ հաղորդագրութիւնը.

«Կարծում ենք վրայ է հասել ժամանակը ձեզ հետ կիսուելու, որ ադրբեջանական համայնքը դեռ Հոկտեմբեր ամսուայ սկզբից փորձում էր խափանել մեր ֆիլմի արտադրութիւնը:

Նրանց առաջին փորձը՝ խոչընդոտել լիտուական նկարահանումներին, մենք կանխեցինք ու պատուով աւարտեցինք նկարահանումները՝ շնորհիւ մեր թիմի վճռականութեան եւ յամառութեան:

Օրեր առաջ հրապարակուել էր հետեւեալ յօդուածը, նաեւ անուանական նամակներ ուղարկուել մեզ հետ համագործակցող լիտուացի եւ ֆրանսիացի ֆիլմարտադրողներին:

Գլխաւոր հերոսի դերակատար Ռիխարդ Զամելի գործակալը նոյնպէս ստացել էր այդ նամակը:

Ցաւալի է, որ ֆիլմի համարտադրողները եւ օտարերկրացի դերասանները ստիպուած են բախուել նման երեւոյթների հետ, երբ նրանց առաջնային նպատակը խաղաղութեան պահպանումն է եւ տարածքի ամենավտանգաւոր հակամարտութեան մասին իրազեկուածութիւնը:

Ստորեւ «Թրենդ»ի յօդուածը.

«ԼՂ ադրբեջանական համայնքի ղեկավար Թուրալ Գեանջալիեւը, բողոքի նամակ է ուղարկել ադրբեջանական գրաւուած տարածքներում նկարահանուող «Դրախտի Դարպասը» ֆիլմի համարտադրողներին: Բողոքի նամակում՝ ուղղուած Կեստուտիս Դրազդաուկասին եւ Անժէլիկա Շուլերին, նշուած է, որ աւելի ճիշդ կը լինէր ֆիլմն անուանել «Դժողքի Դարպասը», քանի որ նկարահանուող տարածքները գրաւուած են եղել բռնի ուժով ու այնտեղ բնակուող հազարաւոր ադրբեջանցիներ վտարուել են իրենց հարազատ հողերից: Ուղղելով խօսքը Կեստուտիս Դրազդաուսկասին եւ Անժէլիկա Շուլերին՝ Գեանջալիեւը յիշեցրել է, որ Հայաստանն օկուպացրել (գրաւած-Խմբ.) է Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի մարզն ու նրան յարակից 7 շրջանները՝ իրականացուած ռազմական ագրեսիայի (յարձակման-Խմբ.) արդիւնքում»:

Ֆիլմի յետ-արտադրական ծախսերի օժանդակութեան ակնկալիքով մենք դիմել ենք մի քանի միջազգային հիմնադրամների, սակայն նման մօտեցումները դրական արդիւնքի ակնկալիքները թուլացնում են: Մենք չենք յուսահատւում:

Այժմ մենք, ինչպէս երբեք, ունենք ձեր ֆինանսական աջակցութեան կարիքը՝ աւարտին հասցնելու համար «Դրախտի Դարպասը» ֆիլմի յետ-արտադրական փուլի աշխատանքները:

«GoFundMe» հարթակում մենք արդէն հասել ենք 5010 տոլարի, սակայն պէտք է համալրենք նաեւ 21,200 տոլար: Օգնէ՛ք մեզ օգնելու Արցախին՝ միջազգային հարթակներում այն ճանաչելի դարձնելու համար հէնց այս ֆիլմով: Մենք մօտ ենք վերջնագծին, եւ ձեր  ներգրաւուածութեամբ կարող ենք հասնել արդիւնքի:

Աջակցելու համար այցելել՝ www.gofundme.com/gatetoheaven կայքէջը։