Աղբիւր՝ http://www.mindiaspora.am

Մենք`

Հայաստանի առաջին Հանրապետութեան հռչակման, 1918թ. մայիսեան հերոսամարտերի 100-ամեայ յոբելեանների եւ Երեւանի հիմնադրման 2800-ամեակի նախաշեմին Երեւանում գումարւած «փոխադարձ վստահութիւն, միասնականութիւն եւ պատասխանատւութիւնէ խորագրով Հայաստան-Սփիւռք 6-րդ համաժողովի մասնակիցներս`

Առաջնորդւելով Հայաստան-Արցախ-Սփիւռք եռամիասնութեան ամրապնդման գործում ողջ հայութեան ներուժի համախմբման, շարունակական երկխօսութեան եւ բազմաշերտ ներգրաւման հրամայականով,

Կարեւորելով ազգային նպատակադրումների համատեղ ամրագրումը, դրանց կենսագործման համար ծրագրերի մշակումը, տարբեր միջոցներով իւրաքանչիւրի մասնակցութեան համար հնարաւորութեան ընձեռումը եւ արդիւնքների համար հայութեան համահաւաք պատասխանատւութեան գիտակցումը,

Նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետութեան, Արցախի Հանրապետութեան հզօրացումը եւ անվտանգութեան ամրապնդումը, ժողովրդավարական հաստատութիւնների ու կառավարման համակարգերի առաւել ուժեղացումը, տնտեսական վերընթաց զարգացումը, ժողովրդի կենսամակարդակի բարձրացումը, հոգեւոր, կրթական ու մշակութային առաջընթացը, աշխարհասփիւռ հայկական համայնքներում ազգային ինքնութեան պահպանութիւնը եւ մշակութային զարգացումը Հայաստան-Արցախ-Սփիւռք միասնութեան եւ ողջ հայ ժողովրդի հաւաքական նպատակների իրականացման գրաւականն են,    

Կենսական նկատելով ազգային ինքնութեան պահպանման գործում հոգեւոր, բարոյական աւանդական արժէքների շուրջ համախմբումը, հայ ընտանիքի ամրապնդումը եւ ծնելիութեան աճի խթանումը,

Վերահաստատելով մեր համազգային պատասխանատուութիւնն Արցախի ժողովրդի` սեփական ճակատագիրն ազատ տնօրինելու անքակտելի իրաւունքի իրացման, ժողովրդավարութեան զարգացման եւ միջազգային հանրութեանը լիիրաւ ինտէգրման հարցերում,

Գիտակցելով Հայաստանի, Արցախի եւ Սփիւռքի առջեւ առկայ եւ հնարաւոր նոր մարտահրաւէրներին միասնաբար` պետութեան, հայ եկեղեցու, համահայկական կառոյցների եւ համայնքային կազմակերպութիւնների ջանքերի համադրմամբ արձագանքելու եւ համահայկական խնդիրները համատեղ ուժերով լուծելու անհրաժեշտութիւնը,

Համոզւած լինելով, որ փոփոխւող աշխարհում Սփիւռքի համայնքների դինամիկ զարգացումը հնարաւորութիւն է տալիս նորովի մասնակցութիւն բերելու Հայաստանի եւ Արցախի տնտեսական ու մշակութային զարգացմանը` այդպիսով նպաստելով հզօր հայրենիքի կառուցմանը,

Փաստելով, որ Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութիւնում ամրագրւած է հայապահպանմանն ուղղւած քաղաքականութիւն վարելու եւ հայրենադարձութեանը համակողմանիօրէն նպաստելու պետութեան առաքելութիւնը, որը նոր որակ եւ բովանդակութիւն է հաղորդելու Հայրենիք-Սփիւռք յարաբերութիւններին,

Հաւաստելով, որ իր իրաւունքների պաշտպանութեան ու արդարութեան վերականգնման համար հայութեան պայքարը հիմնւած է համամարդկային արժէքների վրայ եւ հանդիսանում է մեր համազգային գործակցութեան առանցքային ուղենիշներից մէկը,

Ողջունելով Համահայկական խորհրդի` որպէս համազգային առաջնահերթութիւնների ճշգրտման, ազգային ներուժի մէկտեղման եւ բարձր մակարդակի ռազմավարական երկխօսութեան հարթակի ձեւաւորման գործընթացը,

Հաւատարիմ մնալով Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի Համահայկական հռչակագրի սկզբունքներին,

Վերահաստատում ենք մեր պատրաստակամութիւնը` միասնաբար եւ փոխադարձ պատասխանատւութեամբ, մարդկային, նիւթական եւ հոգեւոր ներուժի համախմբմամբ առաւել ամրապնդել Հայաստան-Արցախ-Սփիւռք եռամիասնութիւնը` այն ուղղորդելով հետեւեալ նպատակների եւ խնդիրների  իրագործմանը.

Հայաստանի Հանրապետութեան, Արցախի Հանրապետութեան հզօրացմանը, անվտանգութեան ամրապնդմանը, բարգաւաճմանը, աշխարհասփիւռ հայկական համայնքների համախմբմանը, ազգային ինքնութեան պահպանմանը, ինչպէս նաեւ հայրենադարձութեան քաջալերմանը,

Ղարաբաղեան հիմնախնդրի խաղաղ եւ արդարացի հանգուցալուծմանը, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի իրականացման միջազգային ճանաչմանը,

Օսմանեան կայսրութեան եւ Թուրքիայի տարբեր վարչակարգերի կողմից պետականօրէն ծրագրւած եւ իրագործւած Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման, դատապարտման եւ դրա հետեւանքների վերացման ուղղութեամբ առաւել համակարգւած եւ միասնական քաղաքականութեան  իրականացմանը, ցեղասպանութիւնների եւ մարդկութեան դէմ ուղղւած յանցագործութիւնների կանխարգելման նպատակով միջազգային հանրութեան պայքարի առաջնագծում հաստատուն դիրքի պահպանմանը` այդ համարելով  որպէս ցեղասպանութիւն վերապրած ժողովրդի` համամարդկային արժէքների եւ միջազգային իրաւունքի վրայ խարսխւած բարոյական պարտք ողջ միջազգային հանրութեան առջեւ,

Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչմանն ուղղւած գործընթացում իրազեկւածութեան առաւել բարձրացմանը, պատմական յիշողութեան պահպանման ու փոխանցման կարեւորմանը եւ այդ յանցագործութեան ժխտման, նսեմացման դէմ պայքարի իրականացմանը` այդ թւում իրաւունքի ուժով,

Հայաստանի պաշտպանւածութեան ամրապնդմանը, զինւած ուժերի ռազմատեխնիկական, տեխնոլոգիական եւ մասնագիտական ներուժի արդիականացմանը, ռազմաարդիւնաբերական համալիրի զարգացմանը` որպէս տնտեսութեան զարգացման եւ տեխնոլոգիական առաջընթացի շարժիչ ուժ եւ «Ազգ-բանակ» հայեցակարգի կենսագործման առանցքային ուղղութիւն,

Աշխարհի տեղեկատւական տարբեր հարթակներում հայատեացութեան եւ հակահայ քարոզչութեան փորձերի դէմ միասնական պայքար ծաւալելու եւ նման քաղաքականութեան ազդեցութեան չէզոքացման ուղղութեամբ գործնական ծրագրերի եւ համակարգւած գործունէութեան շարունակական իրականացմանը,

Երիտասարդութեան շրջանում ազգային ինքնութեան հաւաքական որակների տարածմանն ու ամրապնդմանը, հայ դպրոցի զօրացմանը, հայ սերունդներին հայկականութեան ոգով դաստիարակմանը, հայեցի կրթութեան գործում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը, հայրենաճանաչութեան նոր ծրագրերի մշակմանն ու իրականացմանը,

Հայութեան մէջ սիրոյ, համերաշխութեան, հանդուրժողականութեան, վստահութեան եւ միասնութեան ամրապնդմանը, հայ մարդու անվտանգ ու արժանապատիւ կեանքի համար բարենպաստ միջավայրի ապահովմանը,

Հայկական համայնքների առջեւ ծառացած մարտահրաւէրների դիմագրաւման ու յաղթահարման եւ հնարաւոր այլ մարտահրաւէրների բացայայտման ուղղութեամբ ջանքերի համադրմանը,

Մերձաւոր Արեւելքի եւ, մասնաւորապէս, ծանր փորձութիւնների միջով անցնող Սիրիայի հայութեանը համակողմանի աջակցութեան ցուցաբերմանը, այդ տարածաշրջանում հայկական հաստատութիւնների, պատմամշակութային կոթողների եւ մշակութային արժէքների պահպանմանը,

Հայաստանի, Արցախի բնակավայրերի (յատկապէս` սահմանամերձ) կենսագործունէութեան տարբեր ոլորտների զարգացմանն ուղղուած ծրագրերի մշակմանը եւ իրականացմանը,

Հայաստանի եւ Արցախի վերաբերեալ միջազգային իրազեկւածութեան բարձրացմանը, այդ նպատակով համահայկական օրակարգի ձեւաւորմանը եւ դրա լուծման ուղղութիւններով միասնական քաղաքականութեան մշակմանը եւ իրականացմանը` նոր եւ աւանդական կառոյցների միջոցով,

Տարբեր երկրներում հայկական պատմամշակութային ժառանգութիւնը պահպանելու, աշխարհում հայկական մշակոյթը պատշաճ կերպով ներկայացնելու, հայկական համայնքների ինքնակազմակերպման ուղղութեամբ միասնական ջանքերի գործադրմանը,

Արեւմտահայերէնի պահպանման, տարածման, Սփիւռքում հայոց լեզւի եւ հայագիտական առարկաների դասաւանդման աջակցութեան նպատակով Հայաստանի եւ Սփիւռքի մասնագիտական ներուժի համախմբմանը:

Համաժողովի մասնակիցներս լիայոյս ենք, որ Հայաստանի, Արցախի եւ Սփիւռքի բոլոր կառոյցները, երիտասարդութեան լայն ներգրաւմամբ, պատշաճօրէն կը նշեն Հայաստանի առաջին Հանրապետութեան ու Մայիսեան հերոսամարտերի 100-ամեայ, ինչպէս նաեւ քաղաքամայր Երեւանի հիմնադրման 2800-ամեայ յոբելեանները:

Սոյն ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆԸ երաշխաւորում ենք որպէս ուղենիշ ողջ հայութեան, Հայաստանի Հանրապետութեան եւ Արցախի Հանրապետութեան պետական մարմինների, հայ եկեղեցու, համահայկական, համայնքային կառոյցների ու կազմակերպութիւնների համար` հետամուտ լինելու համահայկական նպատակների իրականացմանը:

 

Հայաստան-Սփիւռք 6-րդ համաժողովի մասնակիցներ

Երեւան - 20.09.2017թ.